ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Վիճահարույց «պրոյեկտ»

Վիճահարույց «պրոյեկտ»
15.07.2008 | 00:00

Լոնդոնում վերաբնակված «նոր» ռուսը դիմում է իր հարևան անգլիացի արիստոկրատին. «Հետևելով ձեր խորհրդին՝ ես մշտապես ջրում եմ և մեքենայով խուզում տանս առջևի գազոնը, բայց մեկ է, այն ավելի վատն է, քան ձերը։ Չեմ հասկանում, ինչո՞ւ է այդպես»։ Հետևում է անգլիացի արիստոկրատի պարզ պատասխանը. «Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, բայց խնդիրն այն է, որ մենք դա անում ենք արդեն 300 տարի»։
Կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջանի անեկդոտ

Եթե անդրադառնալու լինենք հայկական նոր պետականության համակարգային թերացումներին, ապա հարկ է նշել, որ այդ առումով հիմնական խնդիրներից մեկն է նաև ներկայիս քաղաքական վերնախավի բավական ցածր մտավոր և ընդհանուր կրթական մակարդակը։ Հայտնի կարգախոսը, թե ամեն տնտեսուհի կարող է պետություն կառավարել, ցավոք, խիստ ակտուալ է հայկական պայմաններում։ Սակայն սա շատ անսկզբունք և բումերանգի էֆեկտ ունեցող մոտեցում է, ինչի արդյունքում էլ Հայաստանի անկախությունը հռչակած գիտաշխատողներին աստիճանաբար փոխարինեցին «շուստրի» տղերքը՝ ի դեմս գավառական նախկին կոմերիտական առաջնորդների, զարգացած սոցիալիզմի ժամանակաշրջանի «ցեխավիկների» և ուղղակի տեղական հեղինակությունների։ Պետական չինովնիկների այս տեսակի գործունեությունն այդքան վնասակար չէր լինի, եթե նրանց գործունեության ոլորտը սահմանափակված լիներ գոնե խորհրդարանական աթոռների վրա նստած կոճակ սեղմելու դերակատարությամբ կամ էլ ընդդիմության հետ մարտնչող մեծամասնության մեջ լինելով։
Պետության մեջ առկա են ներկայացուցչական գործառույթներ պարունակող մի քանի պաշտոններ, որոնց հավակնել կարող են միայն որոշակի կրթական և էթիկական ցենզ ունեցող մարդիկ, որոնք ընդունակ են բացատրվելու ոչ միայն հայերենով կամ կիսագրագետ ռուսերենով, այլև ժամանակակից քաղաքական աշխարհի չափանիշերով «կոստյում հագնելու» կուլտուրա ունեն և կարողանում են տարբերել դաշնամուրը զուգարանակոնքից։ Այդպիսի գործունեությունն ուղղակի պատվավոր աշխատանք չէ՝ բարձր պաշտոն զբաղեցնելու առումով, այլ կարևորագույն պետական ինստիտուտների նորմալ կենսագործունեությունը ապահովելու խնդիր։ Հետևապես, այդպիսի ներկայացուցչական պաշտոնները քիչ թե շատ նորմալ երկրներում զբաղեցնում են մարդիկ, որոնք ընդունակ են ներկայացնելու երկիրը միջազգային ասպարեզում։ Մանավանդ, որ ազգային խնդիրների լուծման ապահովումն էլ շատ բանով պայմանավորված է նրանով, թե որքանով որևէ պետության գլխավոր պետական այրերը կարողանում են դառնալ «համաշխարհային քաղաքական ակումբի» լիիրավ անդամներ։ Անհրաժեշտ է նկատել, որ այս հիմնախնդիրը բավական հաջողությամբ լուծվում է հարևան պետություններում, որտեղ պետական ներկայացուցչական գործառույթներ ենթադրող գործունեությամբ զբաղվում է քաղաքական դաշտի առավել էլիտար հատվածը։
Այս ակնհայտ ճշմարտությունը հիշեցնելու անհրաժեշտություն, թերևս, չէր լինի, եթե հայ հասարակության հայելապատկերում առաջին պլանի վրա չփորձեին հայտնվել այնպիսի դեմքեր, որոնք ոչ միայն անտեսում են համաշխարհային փորձն ու քաղաքական տեխնոլոգիաների պրակտիկան, այլև անտեղյակ են դրանցից, իրենց գործունեության մեջ առաջնորդվում են բացառապես ինքնապահպանման և իրենց տնտեսական կլանի բարեկեցության ապահովման կորպորատիվ շահերով։ Միայն այս իրողությամբ կարելի է բացատրել այն քողարկված բանավեճը, որ պարբերաբար բորբոքվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու հետ կապված։ Ըստ հավաստի տեղեկատվության, այս խնդրի շուրջ քաշքշուկը չի դադարում նույնիսկ ամառային արձակուրդների այս շրջանում։ Եվ չնայած Ազգային ժողովի ներկա նախագահի հավաստիացումներին, որ ինքը ոչ մի դեպքում կամավոր չի թողնի այդ պաշտոնը, խորհրդարանի խոսնակ դառնալու նոր հավակնորդի կողմնակիցները շարունակում են պնդել, թե այդ դեպքում իրենք Տիգրան Թորոսյանին անվստահություն հայտնելու գործընթաց կնախաձեռնեն և կհասցնեն ավարտին։ Ավելին, լուրեր են շրջանառվում, թե իբր այդ ծրագիրը հրահրված է հանրապետության նախագահի և նրա մերձավոր շրջապատի կողմից։ Թեպետ միանգամայն հնարավոր է, որ տարածվող այդ լուրերի նպատակն իրականում համապատասխան հող ստեղծելն է խորհրդարանում։
Նկատի ունենանք, որ մի քանի ամիս առաջ կարելի էր պնդել, թե նման նախագծի իրականացումն առանց երկրի նախագահի գիտության հնարավոր չէ։ Այսօր, սակայն, ամենայն հավանականությամբ, կառավարման բուրգի ուղղահայացը ճեղքեր է տվել։ Ավելի կոնկրետ, դիրքային պայքարն այդ բուրգի ներսում սկսում է նոր թափ հավաքել, որովհետև նոր նախագահի և վարչապետի հռչակած քայլերն ու ձեռնարկած գործողությունները խիստ անհանգստություն են առաջացրել կլանային էլիտայի ներսում՝ մղելով նրան ինքնապահպանության պայքարի։ Այդ ամենով հանդերձ, բոլորովին հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը համաձայն լինի սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքի պաշտոնը հանձնելու այլ անձի, մանավանդ նկատի ունենալով նրա ոչ միանշանակ կողմնորոշվածությունը։ Եթե անգամ նոր նախագահին նույնիսկ չեն մտահոգում երկրի հեղինակության, արտաքին իմիջի հետ կապված խնդիրները, ապա միևնույն է, այդպիսի փոփոխության անձնական շարժառիթները հասկանալի չեն։ Ընդգծենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը լինելու հանգամանքն առնվազն կասկածելի է։ Նկատի ունենալով թեկուզ այն, որ իր քաղաքական կարիերայի ընթացքում նա ոչ միայն հեշտությամբ է փոխել իր հովանավորներին՝ անցնելով մի ճամբարից մյուսը, այլև հաճախ և շատ ակտիվ մասնակցել է բոլոր այն ներիշխանական խաղերին, որոնք բոլորովին էլ չէին բխում Սերժ Սարգսյանի շահերից։ Որպես այդպիսի օրինակ կարելի է մատնանշել թեկուզ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ նրա համատեղ «նախագիծը»՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քոչարյանական կողմնորոշում ունեցող կուսակցություն ստեղծելու վերաբերյալ։ Հիշատակման են արժանի վարչապետի պաշտոնը ստանձնելու նրա մշտական հավակնությունները՝ հատկապես Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ինչպես նաև նախընտրական կամպանիայի կասկածելի հաջողությունը նախագահական ընտրություններում, որը նույնպես իրագործվում էր Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրա ընտրվելու հավանականության շուրջ, այնուհանդերձ, կան մի շարք ենթադրություններ։ Օրինակ, որ այդ պաշտոնում միայն նա կարող է ապահովել խորհրդարանի կայունությունը և կառավարելիությունը։ Ոչ պակաս հավանական է համարվում նաև այն վարկածը, որ նախագահի համար անհրաժեշտ պահին նա կարող է նախաձեռնել խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց, քանի որ նախագահի լիազորությունները՝ խորհրդարանը լուծարելու հետ կապված, սահմանադրական փոփոխություններից հետո այլևս սահմանափակված են։ Կան նաև կարծիքներ, թե նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողով «գործուղելով»՝ Սերժ Սարգսյանը լուծում է նրա հնարավորությունների սահմանափակման խնդիրը, և առավելագույնը, ինչի հույս կարող է ունենալ նախկին փոխվարչապետը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնն է։ Բայց այս ամենին զուգահեռ քիչ չեն ենթադրություններն առ այն, որ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի հայտնվելը նախկին իշխանության և նրա ազդեցության ուղեծրում գտնվող քաղաքական ուժերի նախաձեռնությունն է և նպատակ ունի խորհրդարանում համախմբել «քոչարյանական» ուժերին՝ նոր նախագահի ու վարչապետի՝ բարեփոխումներ իրականացնելու և կլանային համակարգն ապամոնտաժելու մտադրությանը խանգարելու նպատակով։
Բոլոր դեպքերում փաստ է, որ խորհրդարանի խոսնակի աթոռին նստելու դեպքում Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն կկարողանա իր շուրջը համախմբել ԲՀԿ և ՀՀԿ պատգամավորական խմբակցությունների դժգոհ պատգամավորներին, ինչպես նաև անկախ պատգամավորների քրեականացված հատվածին՝ դրանով իսկ դառնալով անհամեմատ ինքնուրույն գործոն, քան այսօր Տիգրան Թորոսյանն է։ Դրանից հետո արդեն դժվար է կանխատեսել, թե ում նվագի տակ է պարելու այդ նոր հավանական խմբավորումը, բայց պարզ է, որ նախկին փոխվարչապետը կվերածվի գործողությունների բավական ազատություն ունեցող ֆիգուրի։ Համենայն դեպս, քիչ հավանական է, որ անգամ գործող նախագահի աջակցությամբ այդ պաշտոնին հայտնվելով՝ նա կարողանա հիմքեր ստեղծել Ազգային ժողովի ինքնալուծարման համար։ Ակնհայտ է, որ բացի «Ժառանգությունից», մնացած բոլոր խմբակցություններն իրենց մեծամասնությամբ այդ նախաձեռնությունը չեն պաշտպանի։ Իսկ եթե Հ. Աբրահամյանը, այնուհանդերձ, դառնա միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար, ապա այս դեպքում էլ կպահպանի տարբեր բևեռների հետ սեփական խաղը խաղալու և անհրաժեշտ պահին, ըստ իր հայեցողության, կողմնորոշվելու հնարավորությունը։
Եթե նկատի ունենանք, որ մեր հասարակական կյանքում հիմնական դժգոհությունը հարուցում են տարբեր մակարդակի չինովնիկների անպատժելիությունն ու բանդիտիզմի աննախադեպ դրսևորումները, ապա ակնհայտ է, որ նոր նախագահի համար ժողովրդի վստահությունը ձեռք բերելը այս փուլում ամենակարևոր խնդիրն է։ Իսկ դրան կարելի է հասնել ոչ միայն բարեփոխումներ խոստանալու և անգամ որոշ քայլեր ձեռնարկելու, այլ նաև ճիշտ կադրային քաղաքականության շնորհիվ։ Ըստ էության, հենց դրան էլ պետք է ուղղված լինեն իշխանության քայլերը, բայց այդ համատեքստում նախորդ ռեժիմի ամենաընդգծված ներկայացուցիչներից մեկի հավակնությունների բավարարումը կլինի շատ անզգույշ և անհեռանկար քայլ։

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6778

Մեկնաբանություններ