Մոռացված դարպասը բացվեց դժոխքի,
որ զմռսված էր ու գոց վաղնջից.
ոսկե երիզներ ուներ ու լույսի շրջանակ.
մենք վստահ էինք,
թե սպասված Նեղ դուռն է փեղկվել երկնքի:
Դուրս եկավ նեռը,
վեր պարզած ձեռքեր` դատարկ ու մաքուր,
հագին` պարզ գույներ,
կլոր աչքեր ուներ ու տաք,
մորուքն էր կարճ խուզած, կոկիկ:
Քայլեց մեր մեջ,
ասաց բառեր, որ Փրկիչն էր խոսում.
-Ի'նձ եկեք հոգնածներ ու բեռնավորվածներ,
դուք կո'ւյր չեք` տեսնում ենք,
խո'ւլ չեք` լսում ենք,
համր չեք` խոսե՛ք:
ՈՒ սեղան նստեց մեզ հետ.
-Ահա մարմինս` կերե՛ք:
-Ահա արյունս` խմե՛ք:
Մենք հավատացինք, թե բժշկվում ենք.
ինքը մատնեց մեզ արծաթ ու ոսկով
և խաչ հանեց էությունը մեր:
Հիմա արյուն է, ողբ է ու աղետ
ուր որ անցել է և անցնելու է դեռ.
կոտրեց` անկելով ամբողջ ոգու սյուն,
որ չէր հաջողել և ո՛չ մի ճիվաղ.
խոր փոսում թաղեց մեր իրականը
և շիրմաքար դրեց երազի վրա:
Ու գնում են դեռ նրա հետքերով
մարմինները մեր ցամաք, անհոգի,
և խաչի վրայից սիրում է նրան էությունը մեր:
Նեռը ծնվեց մե՛ր մեջ,
և մենք սիրեցի՛նք սև ոգին...
տեղ չենք ունենա երկնքի դասում,
հար մնալու ենք Աստծուց նզոված,
թե չտեսնենք, որ կույր ենք:
Հուսիկ ԱՐԱ