Երկիր, քարտեզդ
հիմա նման է
կարմիր գաթայի,
դանակավորը
իր ուզած տեղից
կտրել է ուզում,
բայց և չգիտի՝
բախտի կոպեկը
շաղախում չկա,
ներսից կոշտացող
դառնություն ունի
ոսկորանման
ու կոկորդին է
մնալու նրա,
ում ախորժակը
գաթա է ուզում:
Երկիր, քարտեզդ
թաշկինակ արին,
վրան՝ արյունոտ
գծերով պատկեր.
ոչ մի գրպանում
երկար չես մնա,
ցավի ասեղով
պիտի ծակոտես,
ում մաշկը մոտ է
քո ծավալումին,
արցունքահամից
արյան հետքերը
դեռ կթարմանան:
Երկի՛ր, ափեափ
լցված դու բաժակ,
վախկոտի ձեռքով
քեզ տեղաշարժել
դժվար կլինի,
երբ որ ընդվզման
անձրևները գան:
Դու իմ մոխրացող
երբեմնի կրակ,
չի կարող մեկը
փայտեր չդնել
քո տաք մարմնին,
որ խարույկ դառնաս։
Ես հավատում եմ
հրաշքին նաև,
ներկադ անորոշ
չպիտի՛ լինի ,
քեզ Ավետյաց են
երկնավորները
անվանակոչել,
չթողնես երկի՛ր,
որ խաբված մնա
ևս մի պոետ.
չգիտես ինչու՝
հավատավոր է:
20.03.24
Հռիփսիմե Հովհաննիսյան