«Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ո՛չ լեռնային և ո՛չ դաշտային, այնքան էր շենացել երկիրը»,- գրում է Պատմահայր Մովսես Խորենացին:
Արտաշես Ա-ն հայոց պետականության, հայ քաղաքական մտքի վիթխարի դեմքերից է: Նա մեր պատմագրության մեջ կոչվում է բարի, բարեպաշտ, ըստ Մովսես Խորենացու՝ աշխարհակալ։ Մինչև Արտաշես Ա-ն Հայաստանը որպես պետություն կար աշխարհի քաղաքական քարտեզի վրա, սակայն նա որևէ կարևոր, նշանակալից դեր չէր խաղում, այդպիսի բազմաթիվ պետություններ կային:
Արտաշեսը, ինչպես հռոմեական պատմիչն է վկայում, միավորեց Արմենիայի մեծագույն մասը, մեր պետականությունը բարձրացրեց և դասեց ժամանակի նշանավոր պետությունների շարքին։
Նա ծնվել է ք.ա. մոտավորապես 230 թ.-ին մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Նա սկզբնապես սելևկյան բանակում եղել է բարձրաստիճան զինվորական:
Սելևկյանները նպատակ ունեին գրավել ամբողջ փոքր Ասիան, ապա դեպի Եվրոպա արշավել: Իր հերթին հռոմեական հանրապետությունն էլ ցանկանում էր ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել միջերկրածովյան ամբողջ ավազանում: Երկու պետության միջև անխուսափելի դարձած զինվորական ընդհարման վերջին ակորդը տեղի է ունեցել ք.ա. 190 թ.-ին Լիվիայի Մագնեսիա քաղաքի մոտ: Հռոմեացիները ջաղջախում են սելևկյան Անտիոքոս 3-րդ թագավորի ուժերը: Մագնեսիայի ճակատամարտից 2 տարի անց ք.ա, 188-ին կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրը փոխում է ուժերի հարաբերությունը Արևելքում և սելևկյան պետությունը կորցնում է իր գերիշխանությունը: Օգտվելով ստեղծված իրավիճակից ք.ա. 189-ին Մեծ Հայքում անկախ թագավոր է հռչակվում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, Փոքր Հայքում՝ Միհրդատը, Ծոփքում՝ Զարեհը, Կոմագենեյում՝ Պտղոմեոսը: Այսպիսով, հայկական թագավորությունները վերականգնում են մեկ տասնամյակ առաջ կորցրած պետական անկախությունը: Հռոմը խրախուսում է այդ գործողությունները և անմիջապես ճանաչում հայկական պետությունների անկախությունը:
Ք.ա. 189-ին Արտաշեսը՝ Մեծ Հայքում և Զարեհը՝ Ծոփքում ապստամբություն են բարձրացնում սելևկյանների դեմ և հայտարարում իրենց անկախությունը: Թեպետ թագավոր հռչակվելուց հետո Արտաշեսն իրեն ներկայացրել է, որպես Երվանդական արքայատոհմի սերունդ և շարավիղ (առավելապես պատմական անխզելիության հանգամանքը կարևորելով), բայց նա հիմք է դրել արքայական մի նոր հարստության, որը հենց հիմնադրի անունով էլ հետագայում կոչվել է Արտաշեսյան։ Դինաստիան Մեծ Հայքում կառավարել է մոտ 2 դար ք.ա. 189-ից մինչև մեր թվականության առաջին տարին: Այդ շրջանում մեր երկիրը եղել է տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը: Հայոց արքան իր կառավարման սկզբնական շրջանում որոշում է կայացրել ետ նվաճել բռնի խլված հողերը և իրականացնել հայրենիքի վերամիավորումը:
Պատահական չէ, որ հույն պատմագիրներից Պոլիբիոսը Արտաշեսին անվանել է Արմենիայի մեծագույն մասի տիրակալ, իսկ Ստրաբոնը տեղեկացրել է, թե Հայաստանն աճել է Արտաշեսի ջանքերով և ուստի այստեղ բոլորը միալեզու են: Հայկական հողերը միավորելու քաղաքականությունը իրականացնելու համար Արտաշեսը պետք է հզոր բանակ ունենար: Նա ռազմական բարեփոխումների շնորհիվ կարողացել է ստեղծել հայկական կանոնավոր և լավ զինված բանակ:Նրա կառավարման տարիներին Մեծ Հայքը դարձել էր առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը: Հարևան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին մեծ հեղինակություն վայելող հայոց արքայի միջնորդությանը:
Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով Արտաշեսն այն բաժանել էր 120 գավառների, որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները: Արտաշեսը նոր մայրաքաղաքը կառուցել է արարատյան դաշտում Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում, ներկայիս Խոր Վիրապի տարածքում: Նա մահացել է ք.ա. շուրջ 160-ին, 70 տարեկանում: Արտաշեսի մահվան և թաղման ժամանակ բազմաթիվ մարդիկ, նրա սիրելի կանայք, ծառաները ինքնասպան են եղել, չցանկանալով ապրել առանց իրենց սիրելի թագավորի: Արտաշեսի համար շքերթ-թաղում է կազմակերպվել, նրա մարմինը պատել են ոսկեթև պատմուճանով, գլխին թագ դրել, առջևը ոսկյա զենք ու գահը: Թեպետ հայոց թագավորի բարերար ձեռքը չկար հայոց աշխարհի գլխին, բայց բարեփոխումների և գործունեության շնորհիվ Մեծ Հայքը արդեն բռնել էր սրընթաց վերելքի ուղին, որը իր բարձրակետին պետք է հասցներ Արտաշեսի փառահեղ թոռը՝ Տիգրան Մեծը:
Հայոց պատմություն և հասարակագիտություն ՖԲ էջից