Լրանում է հայկական աստղագիտության ակնառու դեմքերից մեկի` ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի 90-ամյակը: Նրա համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունք են առաջացրել գիտնականների շրջանում:
Աստղագետ Գուրզադյանը մեծ ներդրում ունի տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում: Ամերիկյան Հաբլ հեռադիտակի թռիչքից շատ առաջ հայ գիտնականը կառուցեց աստղերի հետազոտման տիեզերական հեռադիտակ:
Որպես տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկը, դեռ 1960-ականներին ղեկավարել է Արեգակի և աստղերի գերմանուշակագույն և ռենտգենյան դիտումները:
Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանների օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը:
Գուրզադյանը տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ է (1950) և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Նրա ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ և գրական ստեղծագործություններ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Ստորև ներկայացնում ենք Գրիգոր Գուրզադյանի «Ի՞նչ է հանճարը» էսսեն
…Ի՞նչ է տաղանդը, ի՞նչ է հանճարը. առաջինը կիրք է, երկրորդը մոլուցք… Դա այն զուսպ, անկառավարելի հետաքրքրությունն է աշխարհի, բնության, տիեզերքի հանդեպ: Կյանքի հանդեպ: Եվ նաև բռնկվել գաղափարից: Բայց և կարողանալ կասկածել, կասկածել ամեն հերթական քայլից, ամեն արդյունքից: Բացարձակ ազնվություն և առ ճշմարտություն ունեցած նվիրում` պաշտանմունքի հասնելու աստիճան: Անկախություն, Խորաթափանցություն: Գիտակցումը սեփական հնարավորությունների: Ինքնամոռաց խենթի պես գործին տրվածություն: Կարողանալ հրապուրվել: Ու չզգալ, չնկատել, թե ինչպես է անցնում գիշերը, երբ է լուսանում… Դա պիտի լինի տարերայնորեն…
Ունենալ պաշտանմունքը գեղեցկության, փնտրել գեղեցկության գրացիա ամեն ինչում…Կարողանալ տեսնել, զգալ գեղեցկությունը մի հայացքով, ակնթարթորեն… Ստեղծագործությունը տարերք է: Ստեղծագործողը` նույպես …
«Գիտությունը սկսվում է զարմանալուց…» սա Արիստոտելի խոսքն է: Կարևոր է, որ այդ հատկությունը` զարմանալու, որը թվում է թե հատուկ է միայն երեխային, մնա պահպանվի ամբողջ կյանքում… Հենց դա… զարմանալու հատկությունն է հարակյաց դարձնում հանճարի ստեղծագործական կյանքը…Հանճարը, ինչպես ջրվեժը, ինքն է բացում իր ճանապարհը: Տաղանդը կարող է ջարդվել, անգամ կործանվել արգելքներին հանդիպելիս, հանճարը այդպես չէ, նա սնուցվում է հենց այդ արգելքներց:
… Ռոդենը արարեց երկու մարմի պոեզիան, իրար փարված մի աղջկա, չքնաղ կնոջ, ու մի երազուն երիտասարդի պոեզիան: Այն տիեզերական զգացումը, փոթորկալից այն աշխարհը, որը չունի, չգիտե միայնակ մարմինը: Հեքիաթ, որը կարող է առաջանալ միայն այդ պահին, մարմինը մարմնին փարված, մարմինը մարմնով շնչող…Տիեզերք… Փակ աչքեր… Զգացմունքային մի աշխարհ, փոթորկալից, անըմբռնելի, անկառավարելի, որը ծնվում է, բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին… Տիեզերական խորհուրդը հանդիպման… Ռոդենի աշխարհը:
Երկու մարմինների ռոդենյան շարքը… Ինչ ֆանտազիա, ինչ ճախրանք ու ինչ հարստություն… և ռիթմը, հուժկու ռիթմը… Ռոդենյան յուրաքանչյուր զույգը մի-մի սիմֆոնիա է, դաշնամուրային մի հուժկու կոնցերտ, հարվածները` հատու, մարմինները, ձեռքերը` խելացնոր գալարումների մեջ…