Հոկտեմբերի 5-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվեց մեծանուն կոմպոզիտոր, պետական ու հասարակական գործիչ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը:
«Իրատես de facto»-ի թղթակից Կարինե Ռաֆայելյանին տրված հարցազրույցում նա պատմել էր, որ Ալեքսանդր Հարությունյանի հետ հաճախ են հանդիպում` առանց նախապես զանգել-զգուշացնելու ձևական «արարողակարգերի»: Մի առիթով էլ ընկերոջն ասում է .«Կոտիկ ջան, քանի կանք, հաճախ հանդիպենք, հետո երբ չենք լինի, մի բան կմտածենք»…
Էդուարդ Միրզոյանը ծնվել է 1921-ի մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում: 1941թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ.Տալյանի ստեղծագործական դասարանը: 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1965-ից պրոֆեսոր է, 1956-1990թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ:
Հայտնի ստեղծագործություններից են. «Ասում են թե...», «Երազ տեսա», «Հայրենիքն է կանչում», «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Լարային կվարտետ»: Գրել է երաժշտություն ֆիլմերի համար՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ», «Արևոտ օր է», «Հեղկոմի նախագահը», «Աքսորական թիվ 001»:
Էդվարդ Միրզոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Վերջին հրաժեշտը` հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ն Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ