Տնտեսական մշակույթով ու սեփական ազգի պատմությամբ հետաքրքրվողներին հերթական նվերն է մատուցել տնտեսական մշակութաբան, հրապարակախոս ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԸ: «Հայոց առևտրատնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում XV դ.-1915 թ.։ Փաստերի ժողովածու» վերնագիրը կրող, մեկ գրքում երկլեզվյա` հայերեն ու թուրքերեն, աշխատությունը լույս է տեսել վերջերս: Գրքի հրատարակությունն իրականացվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորած «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի կողմից: Կոնսորցիումի կազմում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը: Գրքի հեղինակը մեզ հետ զրույցում առանձնակի շնորհակալություն հայտնեց գրքի տպագրությանն աջակցողներին` մասնավորապես նշելով, որ գրքի ստեղծման գաղափարը նա հղացել է տարիներ առաջ, սակայն իրագործել հնարավոր է եղել միայն վերը նշված կառույցների բարեհաճության շնորհիվ:
Գիրքը աղբյուրագիտական լուրջ աշխատանք է, հեղինակն անաչառորեն, առանց մեկնաբանությունների մեջբերումներ է կատարել 55 հայկական աղբյուրներից` այդ ամենը համեմելով 236 լուսանկարներով, յուրահատուկ կերպով ներկայացնելով այն ճշմարտությունը, թե հայերն ինչպիսի բացառիկ ու կարևոր դերակատարություն են ունեցել Թուրքիայի տնտեսական կյանքում:
Աշխատությունը բաժանված է առանձին գլուխների։ «Բնակավայրեր» գլխում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի 40 քաղաքներում հայոց առավել ակտիվ առևտրատնտեսական գործունեության վերաբերյալ փաստեր (Կոստանդնուպոլիս, Ակն, Այնթապ, Խարբերդ, Անկյուրիա, Զմյուռնիա և այլն):
Այստեղ ոչ միայն կարելի է հանդիպել պատմական ճշմարտությունը ներկայացնող փաստերի ու իրեղեն ապացույցների, այլև այդ ժամանակների կյանքի ու տնտեսական անցուդարձերի յուրատեսակ գեղարվեստական անդրադարձների: Մասնավորապես` մեջբերված են Աբրահամ Անկյուրացու «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանդնուպօլսոյ» և Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեանի «Ստամպօլոյ պատմութիւն» չափածոները:
Բնակավայրերը ներկայացված են համապատասխան լուսանկարներով, որոնց առնչությամբ իր ներածականում Խ. Դադայանը գրում է. «Մենք առհասարակ խիստ կարևորել ենք լուսանկարների առկայությունը, քանզի դրանք ինքնին փաստապատկերներ են»:
«Մարդիկ» բաժինը ներկայացնում է ոչ միայն 28 ականավոր հայ գործարարների կենսագրականներ (Ապրո Չելեբի որդի Մուրադխանի, Պեզճյան Հարություն, Իբրանոսյան Մարուքե, Ասլանյան Հարություն, Գափամաճյան Պետրոս, Գույումճյան Հակոբ և այլք), այլև ամբողջ ընտանիքներ, գերդաստաններ, որոնք լծված են եղել Թուրքիայի տնտեսական կյանքի շենացման գործին (Եսայաններ, Գյուլբենկյաններ, Գարամանյաններ, Մուրադյաններ, այլք): Նույն իրողությանն ենք հանդիպում նաև «Ձեռնարկություններ» գլխում, ուր ներկայացված են 28 հայապատկան ֆիրմաներ, գործարաններ, ֆաբրիկաներ, ընկերություններ, տնտեսական միություններ։ Իսկ «Ֆինանսներ և ֆինանսիստներ» գլխում պարունակվում են փաստական տվյալներ 22 ֆինանսական հաստատությունների ու ֆինանսիստների վերաբերյալ։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Գովազդեր» գլուխը, ուր զետեղված են 60 գովազդապատկերներ. սա ունի ոչ միայն զուտ տեղեկատվական գործառույթ, այլև որոշակի պատկերացում է տալիս գովազդի այնօրյա մշակույթի վերաբերյալ: Ելնելով գովազդային տեքստերի բովանդակությունից և ձևավորման առանձնահատկություններից` կարելի է հասկանալ, թե ինչ ճաշակի ու հատկանիշների կրող են եղել այս կամ այն տնտեսավարող ձեռնարկությունները, դրանց տերերն ու գովազդ պատրաստողները:
Ոչ միայն պատմական ճշմարտության փաստավավերագրումը, այլև Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու մտայնությունն է առաջնորդել Խ. Դադայանին` ստեղծելու այս աշխատությունը և այն հրատարակելու հայերեն ու թուրքերեն (թուրքերենի թարգմանիչներ` Մարիամ Արփի և Նաիրի Արեգ): Այդ նպատակը Խաչատուր Դադայանին մղել է նաև պատմալիրիկական զեղումների ոլորտ` դրդելով գրելու հետևյալ տողերը. «Այս ժողովածուի Ադաբազարին վերաբերող ենթագլխի վերջում զետեղել եմ մի լուսանկար, որը ճիշտ 100 տարվա պատմություն ունի: Այդտեղ պատկերված է կայարանում կանգնած մի մարդ, որը գնացքի է սպասում: Աղբյուրը չի նշում, և ես չգիտեմ` այդ մարդը հա՞յ է, թե՞ թուրք, բայց դա կարևոր էլ չէ: Մակագրությունն էլ ինքս եմ հորինել` «Գնացքի սպասելիս»: Ի՞նչ գնացքի է սպասում այդ մարդը, արդյո՞ք Երևան-Անկարա: Թե՞ գնացք-ուրվականի, որը պիտի գա Ոչմիտեղից ու գնա Ոչմիտեղ: 100 տարի է` այդ մարդը սպասում է: Հա՞յ է նա, թե՞ թուրք, չգիտեմ»:
Գրքի առաջաբանում, ընդհանուր առմամբ, նույն ակնկալիքն է հայտնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը. «Կկամենայի խոսքս ավարտել լավատեսությամբ։ Հայ վաճառական Կ. Կերեքմեզյանը առաջինն էր, որ Ստամբուլից Էվերեկ գյուղաքաղաք բերեց առաջին նավթալամպը։ Դարուկես է անցել, և ազգամիջյան այդ խորհրդանշական նավթալամպի պատրույգն ընդամենը թրթռում է։ Դժվար է ասել, թե թուրքական քաղաքական վերնախավից ով է այդ թրթռոցը լուսատու բոցի վերածելու, բայց որ այս գրքի ընթերցողներն իրենց հոգում բորբոքելու են մերձեցման լույսը, անկասկած է»։
Դժվար է կանխատեսումներ անել այնպիսի առեղծվածային դաշտում, ինչպիսին Հայաստան-Թուրքիա հարաբերություններինն է: Առավել դժվար է փոխգործակցության հնարավոր ձևավորման պարագայում նախանշել մեր և թուրքերի մարդկային հարաբերությունների մղձավանջային հեռանկարը: Սակայն փաստը` գրքի տեսքով, արդեն կայացել է: Տա՛ Աստված, որ արձագանքները միայն բարին ավետեն ժամանակին թուրքին հավատացած ու իր հավատի մեջ չարաչար սխալված հայ ժողովրդին:
Հավելենք նաև, որ ամիսներ առաջ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը գործարար Բարսեղ Բեգլարյանի տրամադրած միջոցներով ձեռք է բերել մինչև 1915-ի ցեղասպանությունը Թուրքիայում իրենց հաջող ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացրած հայերի աշխատանքային ձևաթղթերից բաղկացած մի հարուստ հավաքածու, որը ևս կարող է և պետք է, որ հետագայում հասու դառնա հայ և թուրք շրջանակներին` մանրակրկիտ ուսումնասիրություն-աշխատության տեսքով:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ