Հեռուստաեթերը մաքրելու մասին խոսելն արդեն ոչ միայն մոդայիկ չէ, այլև անիմաստ է: Անճաշակ հեռուստանախագծերն ու նրանց ոչնչով չզիջող սերիալները քննադատությունների կիզակետում են, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում:
Երբեմնի ամենազանգվածային լրատվամիջոցը մեծապես զիջել է իր դիրքերը: Շատերը, թե՛ ժամանցի, թե՛ օբյեկտիվ ու հրատապ լրատվություն ստանալու համար, նախընտրում են համացանցը: Երբեմն հայտագրերից ու սոցքննարկումներից ավելին ես իմանում, քան մի ամբողջ հաղորդաշարից, քաղաքական ու այլ բանավեճերից:
Հին սովորությամբ` այսօր էլ շատերի բնակարանում հեռուստացույցն օրնիբուն միացրած է: Շատերը խորհուրդ են տալիս ուղղակի չմիացնել այն, բայց, հավանաբար, քիչ չեն հեռուստատեսային ժամանցի սիրահարները, հակառակ դեպքում` ո՞ւմ են ուղղված եթերը ողողած գովազդերը: Հեռուստատեսությունը աղքատների զբաղմունք է, նման դատողություններ էլ են շրջանառվում, այսինքն` լավ բաների համար վճարում են:
Վերջին օրերի ամենաքննարկելի թեմաներից մեկը հեռուստաեթերի մաքրման պահանջով մտավորականների հունիսի 26-ի նամակն է` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանց միացել ու դեռ միանում են բազմաթիվ կազմակերպություններ ու քաղաքացիներ:
Հեռուստաեթերի ընդհանուր բովանդակությունից և ուղղվածությունից դժգոհ ոչ բոլոր քաղաքացիներն են, իհարկե, միանում նախաձեռնությանը: Միացողներն էլ, պարզվում է, գրեթե ծանոթ չեն նամակի բովանդակությանը: Համենայն դեպս, այդպես է ներկայացվել «Շանթ» հեռուստաընկերության կիրակնօրյա եթերով, ենթատեքստից դուրս չթողնելով նաև սեփական «արժանիքներն» ու հարուստ կենսագրությունը:
Նախաձեռնության անդամները մեզ հետ զրույցում նշեցին, որ հաղորդման ընթացքում նամակից մի նախադասություն են ներկայացրել և խաչաձև հարցերով շփոթեցրել են հարցվողներին: Տպավորություն է ստեղծվել, որ մարդիկ ծանոթ չեն նամակին կամ հրաժարվում են իրենց մասնակցությունից (թեև հասկանալի է, որ բառացի հիշել նամակի բովանդակությունը չէին կարող): Ոմանք հընթացս հասկացել են մտադրությունը և կտրականապես հրաժարվել են հարցազրույցը շարունակելուց: Երգահան, երգիչ Սահակ Սահակյանը և Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն Կարո Ղուլիջանյանը մամուլի ասուլիս են հրավիրել այս առիթով, նշել, որ հարցումների ժամանակ հնչեցրած իրենց խոսքը կրճատվել է, աղավաղվել: Սույն ասուլիսը գրեթե չի լուսաբանվել լրատվամիջոցներով:
Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը «Կիրակնօրյա հորիզոն» հաղորդման ժամանակ ասել էր, թե ինքը ծանոթ չի եղել նամակի բովանդակությանը, իսկ հետո Times.am-ի հետ զրույցում նշել է, որ էլեկտրոնային փոստը ստուգում է շաբաթը մեկ անգամ ու մոռացել է, որ կարդացել է նամակն ու պատասխանել, որ միանում է: Իհարկե, այս պարզաբանումը նույնպես անարձագանք է մնացել:
Նախաձեռնության անդամ Զաքար Խոջաբաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Շանթ»-ի պահվածքն ավելի շատ ինքնագովազդ էր: «Սեփական «արժանիքներն» անպայման չէ ներկայացնել` խախտելով լրագրողական էթիկան և խեղաթյուրելով հարցվողների խոսքի բովանդակությունը,- ասաց նա:- Բայց, մյուս կողմից, սրանով, կարծում եմ, սկիզբ է դրվում հեռուստաընկերությունների միջև նոր մրցակցության, ավելի առողջ, քան ռեյտինգային մրցակցությունն է, քանի որ, ըստ էության, «Շանթը» փորձում էր ցույց տալ, թե ինչքան լավ և ուսանելի հաղորդումներ ունի: Ես ուրախ կլինեմ, եթե մեր բոլոր ոլորտները միմյանց հետ մրցակցեն հենց այս սկզբունքով` թե ո՞ւմ արտադրանքն է ավելի օգտակար, լավ և ուսանելի»:
Մի բան պարզ չէ` մեր իրականությունի՞ց են ծնվում դժգոհություն ծնող հեռուստանախագծերն ու սերիալները, թե՞ վերջիններս են ազդեցություն թողնում մեր իրականության վրա` պատճառ դառնալով հասարակական ագրեսիայի, այլևայլ բացասական երևույթների: Թող պաթետիկ չհնչի, բայց, ըստ իս, առայժմ դրանք «բարեխղճորեն» լրացնում են մեկը մյուսին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ