ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Խոշոր բիզնեսմենը վաղ թե ուշ պետք է զբաղվի քաղաքականությամբ, այլապես քաղաքականությունը կզբաղվի բիզնեսով»

«Խոշոր բիզնեսմենը վաղ թե ուշ պետք է զբաղվի քաղաքականությամբ, այլապես քաղաքականությունը կզբաղվի բիզնեսով»
22.05.2009 | 00:00

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏԱԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ` ԱՍՏԾՈ ԱՌՋԵՎ»
Տևական ժամանակահատված է, ինչ Հայաստանի Հանրապետության խոշոր գործարարներից մեկը` ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, կամա թե ակամա, հայտնվել է քաղաքական որոշ ուժերի, փորձագետ-վերլուծաբանների և, իհարկե, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Պատճառը մեկն է` նա Սերժ Սարգսյանի մտերիմն է, սակա՞յն... շրջանառվող լուրերի համաձայն` առկա են լուրջ հակասություններ նրա և նախագահականում «նստած» որոշ երիտասարդների միջև։ Ոմանք, ըստ իրենց մատուցածի, փորձում են և պատրաստ են (ինչպես բազմիցս փաստել են տարբեր առիթներով) օգնել նրան, որպեսզի «հաղթանակած դուրս գա» ենթադրյալ թե իրական հակամարտությունից։
Նման բամբասանք-ենթադրություն-եզրահանգումների շրջապտույտում որտե՞ղ է ավարտվում ճշմարտությունը և սկսվում ֆանտազիան` դժվար է ասել։ Որպեսզի «Իրավունքը de facto»-ն չմոլորվի այդ խառնափնթորում և կարողանա տարբերել սուտն ու ճիշտը, որոշեց շա՜տ շատերին հետաքրքրող հարցերի պատասխանները լսել հենց իր` «Ֆլեշի» սեփականատիրոջ շուրթերից։
«ԻՄ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ՊՏՏՎՈՂ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐ ԵՆ»
-Հայտնի իրողությունը փաստենք ևս մեկ անգամ` Դուք լսում-կարդում եք այն ամենը, ինչ ասում-գրում են Ձեր մասին` որպես Սերժ Սարգսյանի մտերիմի, ու համառորեն լռում եք։ Չեք արձագանքում որևէ հրապարակման «սև PR-ն էլ է PR» սկզբունքից ելնելո՞վ, թե՞...
-Նախ անդրադառնամ «մտերիմ» հասկացությանը։ Այո՛, գաղտնիք չէ, որ ես և Սերժ Սարգսյանը, սկսած պատանեկան տարիներից, անձնական շփումներ ենք ունեցել։ Բայց երբ ընկերդ կամ բարեկամդ դառնում է երկրի նախագահ, մտերմությունը հետին պլան է մղվում։ Մեր ժողովրդի մեջ առկա է մի տարօրինակ միտում. փողոցային-կենցաղային խոսակցությունները տեղափոխել արքունիք, ինչը, ըստ իս, խիստ վտանգավոր է։ Ասեմ ավելին` մեր ժողովուրդը սիրում է բամբասել, փորփրել-պեղել ու «հայտնաբերել» չեղածը, շա՜տ է սիրում մութ սենյակում սև կատու փնտրել, առավել ևս, երբ այդ կատուն չկա։ Ամփոփեմ ասելիքս` իմ անվան շուրջ պտտվող խոսակցություններն ընդամենը կենցաղային բամբասանքներ են։
Ինչ վերաբերում է մամուլին, ապա ո՞ւմ պարզ չէ` թերթեր են, պետք է բամբասեն։ Ես հումորով եմ արձագանքում նման հրապարակումներին։ Ե՛վ լռում եմ։
-Բայց միշտ չէ, որ լռությունը ոսկի է։ Ասել է` երբեմն-երբեմն որոշակի բացատրություններ, այնուամենայնիվ, պետք է հնչեն։
-Կարծում եմ, «Իրավունքը de facto»-ին տված այս հարցազրույցը Ձեր նշած «բացատրությունների» շարքից է։
-ՈՒրեմն, «շարքն» ամբողջացնելու նպատակով անդրադառնանք կարևոր մի մանրամասնի. որոշ փորձագետ-վերլուծաբաններ իրենց անհանգստություն-հետևությունները (Ձեր առնչությամբ) ժամանակ առ ժամանակ հնչեցնում են որևէ լրագրողի կամ լրագրողուհու անուն-ազգանունով։ Տվյալ քաղաքագետները, նախ, փաստում են այն հանգամանքը, թե ցանկացած երկրում «որոշումներ կայացնողները հստակ քաղաքական էլիտար շրջանակներ են», ապա արձանագրում` «քանի որ Հայաստանում իշխողը կլանային-օլիգարխիկ խմբերն են», ապա որոշումների կայացման «60 %-ը Միքայել Մինասյանի կլանի մենաշնորհն է, 20 %-ը` Բարսեղ Բեգլարյանի, 10 %-ը կոալիցիայինն է, 10 %-ն էլ` ուժայիններինը»։ Քանի՞ տոկոս լրջություն են պարունակում իրենց խորքում ներկայացված թվերը։
-Ձեր նշած թվերը, իհարկե, կարդացել եմ մամուլում, սակայն կոնկրետ չեմ հիշում` ո՛ր թերթում։
Սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը 17-18 տարեկան է, ու մենք դեռևս չենք կարողանում ընկալել, որ ՀՀ-ում ստեղծված է նախագահի ինստիտուտ, Ազգային ժողով, կառավարություն, ավելին, ունենք անվտանգության խորհուրդ, որտեղ և քննարկվում են լուրջ խնդիրները։ Ստիպված եմ կրկնել` մեր ժողովուրդը դեռևս կենցաղային մտածելակերպ ունի։
Անդրադառնալով հիշատակված տոկոսներին, միայն կնշեմ, որ դրանք ծիծաղելի են։
-Ասել է` Միքայել Մինասյանը չունի՞ այն ազդեցությունը, ինչ մատուցվում է հանրությանը։
-Նա երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, ունի իր հստակ խնդիրները, որոնց լուծմամբ էլ զբաղված է։
-Իսկ «օլիգարխիկ-կլանային» բնութագրո՞ւմը։
-Նման բնորոշումներն ընդամենը փուչիկներ են, որոնք ո՛չ մի քննադատության չեն դիմանում։
Ես վստահաբար ասում եմ` ՀՀ-ն օրեցօր զարգացնում է իր ինստիտուտները, և Հայաստանին առնչվող բոլոր հարցերը երկրի նախագահի անմիջական մասնակցությամբ ամենայն լրջությամբ քննարկվում են հիշյալ կառույցներում։ Հետևապես, Միքայել Մինասյանը կլինի, Բարսեղ Բեգլարյանը, թե մի այլ օլիգարխ, չնչին ազդեցություն անգամ չունեն ընդունվող որոշումների վրա։
Հիշատակված տոկոսներն ու հավաստիացումները, կրկնում եմ, սովորական ասեկոսեներ են, և դրանց ընդամենը հումորով պետք է վերաբերվել։
-Այնուամենայնիվ, եթե ամեն ինչ համապատասխանում է Ձեր ներկայացրածին, ապա որոշ քաղաքական ուժեր և տպագիր մամուլն ինչո՞ւ են կենտրոնանում Ձեր կերպարի վրա, ի վերջո, Դուք գործարար եք և ներկայացնում եք տնտեսական, ո՛չ թե քաղաքական դաշտը։ Թեկուզ և մեկուսի, Ձեր հոգում նման հարց երբևէ չե՞ք հնչեցրել։
-Ինչպես ընդունված է ասել, խոշոր բիզնեսմենը վաղ թե ուշ պետք է զբաղվի քաղաքականությամբ, այլապես քաղաքականությունը կզբաղվի բիզնեսով։ Բնականաբար, իմ կարգի գործարարը չի կարող անտարբեր մնալ քաղաքական գործընթացների նկատմամբ։ Արցախյան շարժումից անցել է 21 տարի։ Այդ ժամանակահատվածի թոհուբոհով անցնելուց հետո ամենևին էլ դժվար չէ վերլուծել, թե քաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Հետևաբար, ժամանակ առ ժամանակ ես կամա թե ակամա շփվում եմ քաղաքական տարբեր ուժերի հետ, մասնակցում ինչ-ինչ քննարկումների։ Բայց հրապարակային գործիչ չեմ։ Թե՛ հեռուստաեթերից, թե՛ մամուլով մի քանի անգամ հայտարարել եմ, որ շա՜տ պատասխանատու քայլ կլինի, եթե հանկարծ որոշեմ մտնել քաղաքական դաշտ։ Դրա համար իմ ներսում, պատկերավոր ասած, պետք է հեղափոխություն կատարվի։
-Ասել է` չի բացառվում, որ առաջիկայում լուրջ հայտ ներկայացնեք քաղաքական դաշտում։
-Տարբեր ոլորտների համար կա «ինովացիոն» կոչված հասկացությունը, ինչը, ցավոք, առկա չէ քաղաքականության մեջ։ Ասածս այն է, որ քաղաքականության մեջ նոր մշակույթ պետք է ձևավորվի։
-Եվ ո՞րն է այդ նորը։
-Հանդուրժողականությունը, համագործակցությունը։ Բա՛վ է հայհոյենք ու քարկոծենք միմյանց կամ, ինչպես Դուք եք ասում, «սև PR»-ով զբաղվենք։ Հիշատակված «նորի» արմատավորումը ժամանակի խնդիր է։ Այդ ճանապարհով, ի դեպ, անցել են եվրոպական երկրները, ԱՄՆ-ը։ Հավելեմ, որ հետխորհրդային բոլոր երկրներում առկա է իմ նշած բացը։ Այն ժողովուրդները, սակայն, որոնք իմաստուն են, շուտ կթոթափեն ԽՍՀՄ-ից մնացած կարծրատիպերն ու կկարողանան ձևավորել անհրաժեշտ այդ մշակույթը։ Մենք հաճախ ենք խոսում դեմոկրատիայից, չհասկանալով, որ դեմոկրատիան իրար հայհոյելն ու այպանելը չէ։
-Եթե ճիշտ ըմբռնեցի` փորձում եք համատեղել քաղաքականությունն ու բարոյականությունը։
-Գիտեմ, շատերն են համոզված, թե բարոյականությունն ու քաղաքականությունը շփման եզրեր չունեն։ Բայց ես մտածում եմ ճիշտ հակառակը և վստահ եմ, որ քաղաքականությունն ու բարոյականությունը եզրեր, այնուամենայնիվ, ունեն, և մենք պետք է գտնենք այդ եզրերը։
«ՀՀԿ-Ն ԲԱԶՄԱՇԵՐՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՆԵՐՍՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»
-Նորից փաստենք. Դուք (ինչպես քիչ առաջ ասացիք) պատանեկությունից ընկերություն եք արել Սերժ Սարգսյանի հետ, որն այսօր իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի առաջնորդն է։ Հետևաբար, Ձեր նշած «եզրերն» ինչո՞ւ չեք փնտրում Հանրապետականի շրջանակներում։
-Եթե քաղաքական դաշտում հայտ ներկայացնելու որոշում կայացնեմ, գուցե և փորձեմ գտնել փնտրածս ու իմ հետագա ճակատագիրը հենց այդ կուսակցության հետ կապեմ։
-Տեղին է նշել, որ Դուք ընկալվում եք որպես տնտեսական գործիչ, որը չունի քաղաքական հենարան, չունի քաղաքականացված թիմ և քաղաքական որոշակի հարթությունում գործողություններ կատարելու նկրտումներ։
-Պետք է հիասթափեցնեմ այդ կերպ մտածողներին, որովհետև ես ունեմ շատ լուրջ թիմ, համախոհների մի մեծ բանակ, որոնցից ո՛չ մեկն էլ որևէ կուսակցության անդամ չէ։
-Նման պարագայում ինչո՞ւ, ուրեմն, Ձեր կուսակցությունը չեք հիմնում։
-Իմ տարիքում քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացնելը բավականին բարդ խնդիր է։
-Խորհրդային ժամանակների չափանիշներով եթե դատենք` նման քայլ կատարելու ճիշտ ժամանակն է։
-Իհարկե, եթե հետադարձ հայացք նետենք մեր անցած ուղուն, ապա ստիպված կլինենք փաստել, որ ԽՍՀՄ-ում քաղաքական դեմքերը, որպես կանոն, 50-55 տարեկանից հետո էին լուրջ հայտ ներկայացնում։
Ինչևէ, իմ պարագայում այդ քայլը բավականին բարդությունների հետ է կապված, ինքս դեռ որոշում չեմ կայացրել։
-Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ։
-Խոր հարգանք եմ տածում առ հանրապետականները, բայց և ունեմ իմ վերապահումները։ ՀՀԿ-ն, օրինակ, բազմաշերտ կուսակցություն է և ներսում դեռևս ինքնամաքրման խնդիր ունի։ Իշխող այդ քաղաքական ուժի ներսում ևս կան շատ պատեհապաշտներ։ Ես, այո՛, չեմ թաքցնում, այդ կուսակցության համակիրն եմ, բայց հաճախ դեմ եմ նրանց գործելաոճին։
«ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ, ՈՒՆԵՆՔ ԵՎ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ»
-Հակիրճ անդրադառնանք նաև Ձեր և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններին, քանի որ մամուլում այդ խնդրի առնչությամբ ևս երբեմն-երբեմն ինչ-որ «առկայծումներ» են լինում։
-Ճիշտն ասած, չգիտեմ, թե որ թերթն ինչ նյութ է տպագրում, քանի որ մամուլին չեմ կարողանում հավուր պատշաճի հետևել։
-Պետք է ենթադրել, որ թերթ չե՞ք կարդում։
-Կարդում եմ, բայց ո՛չ ամեն ինչ։ Ժամանակս էլ չի հերիքում ամեն բան աչքի անցկացնելու։
Ռոբերտ Քոչարյանի հետ մենք մարդկային, ընկերական հարաբերություններ ենք ունեցել, ունենք և, կարծում եմ, ունենալու ենք։ Իսկ եթե կան այնպիսիները, ովքեր փորձում են այդ թեման շահարկել, իրենց խնդիրն է, միայն ասեմ, որ անթույլատրելի է մտնել մատի ու մատանու արանքը։
-Իսկ պնդումնե՞րը, թե Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում է վերադարձի համար։
-Կարծում եմ, չկա՛ նման բան։ Եվ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները շատ նորմալ են ու մարդկային։ Քոչարյանն այդ առումով որևէ ակտիվություն չի դրսևորում, նա իրեն բավականին պատշաճ է պահում։
«ԵԹԵ ԸՆԿԵՐԴ ԱՅՍՕՐ «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ԴՈ՛Ւ ԷԼ ԵՍ ԱՎԱԶԱԿԱՊԵՏ»
-Որքան «նորմալ ու մարդկային են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները», այնքան ոչ նորմալ ու ծայր աստիճան լարված են ՀՀ առաջին և երրորդ նախագահների հարաբերությունները։ Թերևս, զարմանալի չէ` հայերս, ինչպես ընդունված է ասել, ծայրահեղությունների ժողովուրդ ենք։ Այդ իրողությունը գիտակցելով հանդերձ, շատերը, այնուամենայնիվ, նախանձով են լցվում, երբ կողք կողքի տեսնում են այս կամ այն երկրի ներկա ու նախորդ նախագահներին։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանում այսպես ստացվեց, ինչո՞ւ է հայերիս մոտ ամեն բան այսքան բևեռացված։
-Մեծ տերությունների հետ զուգահեռներ տանելը, իհարկե, պետք է, բայց միշտ չէ, որ այդ զուգահեռները տեղին են։ Ինչ-որ առիթով ասել եմ` իմ ամենամեծ երազանքն է մի օր հեռուստաեթերից տեսնել, թե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն ինչպես են բաժակ բաժակի խփում, ծիծաղում ու բարեկամաբար զրուցում։ Ի վերջո, նրանք միասին ուղի են անցել, արցախյան շարժման ակունքներում համախոհներ են եղել։
-Համախոհից թշնամի (ինչպես` սիրուց ատելություն), հավանաբար, մեկ քայլ է։
-Ես չգիտեմ` ինչպես ստացվեց, որ նրանք հակառակորդներ (գուցե և մրցակիցներ) դարձան (չեմ ուզում «թշնամիներ» բառն օգտագործել), բայց այն կարծիքին եմ, որ ոչ մի դեպքում թույլատրելիի սահմանը չպետք է անցնել։ Օրինակ, անթույլատրելի եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի բնութագրումները։ Դիցուք, եթե նա մեր երկիրը բնութագրում է որպես «ավազակապետություն», ապա պետք է նաև գիտենա, որ ինքն է դրել այդ «ավազակապետության» հիմնաքարը դեռևս 1991-ին։
-Իսկ գուցե քաղտեխնոլոգիաների հետևա՞նք են այդ և նման մյուս բոլոր որակումները։
-Եթե այդպես է, ապա ինքս, օրինակ, երբե՛ք չեմ մտնի նման քաղաքականություն։ Իսկ եթե դրանք անձնական վիրավորանքներ են, ապա դուրս են քաղաքականությունից։
Նրանք երեքով, ի վերջո, միասին ուղի են անցել, մի քանի անգամ բաժակ բաժակի են խփել ու ասել, որ ընկերներ են։ Իսկ եթե ընկերդ այսօր «ավազակապետություն» է ղեկավարում, նշանակում է` դո՛ւ էլ ես ավազակապետ։ Կարծում եմ, մենք ո՛չ թե պիտի ծափահարենք նման դրսևորումները, այլ մտահոգվենք ու փորձենք այլ մշակույթ ձևավորել։ Ի վերջո, չմոռանանք, որ երեքն էլ նույն հնոցում են կոփվել։ Երեքն էլ նույն դաշտում են եղել, երեքն էլ իրենց համախոհներով մասնակցել են մի հզոր պետության` ԽՍՀՄ-ի, այն է` Խորհրդային Հայաստանի քայքայմանը։ Այդ ամենին հասել են (որքան էլ չեմ սիրում բառը, այնուամենայնիվ, պետք է ասեմ)` «մուտիլովկաներով»։ ՈՒ եթե նույն այդ «մուտիլովկաներով», իմա` խարդավանքներով, ուզում են այսօր առաջնորդվել, կարծում եմ, անթույլատրելի է։ Լևոն Տեր-Պետրոսյանը 7 տարի ղեկավարել է այս երկիրը, ի վերջո, կան գաղտնիության տարրեր։ Ցավոք, մեզ մոտ չեն տարբերում անձ և պետական այր հասկացությունները։ Մինչդեռ յուրաքանչյուր պետական այր պետք է լավ իմանա, որ պատասխան է տալու պատմության, սերունդների ու ամենակարևորը` Աստծո առջև։
-Դուք շփվե՞լ եք Տեր-Պետրոսյանի հետ։
-Ժամանակին, երբ նախագահ էր, շփումներ ունեցել եմ։ Ճիշտ է, դրանք մակերեսային են եղել, բայց նրա նկատմամբ միշտ խոր ակնածանք եմ ունեցել, հարգանք։ Բայց վերջին դեպքերից հետո հասկացա, որ այդ մարդուն չեմ ճանաչել։
-Իսկ ի՞նչ կասեք այն լուրերի առնչությամբ, թե, այնուամենայնիվ, ստվերային բանակցություններ են ընթանում Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև, ավելին` արդեն իսկ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։
-Իր հանրահավաքում նա կրկին ու կրկին նշեց «ավազակապետություն» որակումը, ժամանակին էլ «մոնղոլ-թաթարներ» էր ասում։ Այդպիսի մարդու հետ, իմ կարծիքով, ուղղակի հնարավոր չէ համագործակցել։
-Այնուամենայնիվ, կցանկանայի՞ք Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին տեսնել նույն սեղանի շուրջ։
-Կցանկանայի, իհարկե, բայց դա նրանց որոշելիքն է։
-Շրջանառվող լուրերի համաձայն, Դուք բանակցել եք նախկին և ներկա նախագահների հետ, նպատակ ունենալով նրանց նույն սեղանի շուրջ նստեցնել։
-Երբևիցե այդպիսի բան չի ե՛-ղե՛լ։ Այլ խնդիր է, որ հոգուս խորքում նման ցանկություն ունեցել եմ` ուզեցել եմ նրանց նույն սեղանի շուրջ տեսնել։ Բայց երբեք նման քայլ չեմ կատարել։
Զրույցը` Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ
Հ. Գ.- Բարսեղ Բեգլարյանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման ու տնտեսական ճգնաժամի մասին` հաջորդիվ։

Դիտվել է՝ 16462

Մեկնաբանություններ