«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Էկրանին մեկ անգամ երևալուց հետո մարդկանց թվում է, թե իրենք արդեն «աստղ» են»

«Էկրանին մեկ անգամ երևալուց հետո մարդկանց թվում է, թե իրենք արդեն «աստղ» են»
14.11.2008 | 00:00

«ՄԵՐ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ ԱՅՍՕՐ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԻՆՉԸ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ Է»
ՀՌԻՓՍԻՄԵԻ՝ վերջերս ձայնագրված իսպաներեն` «Ֆուերտե» («Ամուր գրկել») երգը հանդիսատեսն արդեն հասցրել է սիրել: Երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Երգչուհին խոստանում է, որ այս երգը շուտով նաև տեսահոլովակ կունենա: Երգերի ընտրության հարցում Հռիփսիմեն համագործակցում է Վահրամ Պետրոսյանի, Մանե Հակոբյանի, Ռիչարդ Մադլենյանի հետ: Սպասվում է նաև նոր զուգերգ, իսկ զուգընկերոջ ով լինելը երգչուհին պատրաստվում է անակնկալի տեսքով մատուցել իր երկրպագուներին: Նա ակտիվորեն մասնակցում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող համերգներին, և անկեղծորեն խոստովանում, որ երբեմն նույնիսկ ուշադրություն չի դարձնում տվյալ համերգից ստացված հասույթին, և երգում է հանուն իր երկրպագուների ջերմ ընդունելության ու սիրո: «Կարծում եմ` հաճախակի հյուրախաղերի մեկնելը երգչի կյանքում պարտադիր հանգամանք է, քանի որ այն նախ՝ քեզ ճանաչելու հնարավորություն է տալիս, իսկ հետո՝ դարձնում պահանջված, կամ՝ հակառակը: Ինձ համար ավելի հաճելի է համերգային ծրագրերով արտերկրում հանդես գալ, քանի որ այնտեղի հանդիսատեսի մեջ կարոտ կա դեպի հայկականը, հետևաբար նրանց ընդունելությունն էլ առավել ջերմ է»,- ասում է երգչուհին:
-Հռիփսիմե, մեր զրույցի ընթացքում ասացիք, որ համերգների մասնակցելիս հաճախ կարևորում եք ոչ թե ֆինանսական եկամուտը, այլ հանդիսատեսի սերն ու ջերմությունը: Դա երգարվեստում կայացման ճանապարհի չգրված օրենքների՞ց է, թե՞ Ձեր ցանկությունը:
-Իհարկե, այս ասպարեզում կայանալու ճանապարհին ավելի շատ են խոչընդոտներն ու դժվարությունները, բայց չեմ կարծում, թե համերգների ժամանակ նոր սերնդի ներկայացուցիչներից շատերի քիչ վարձատրվելը կապ ունի նրանց կայացման հետ։ Պատահում է, որ նոր սերնդի ներկայացուցիչներից ոմանց, ովքեր շատ արագ կարողացել են հանդիսատեսի մեջ պահանջարկ առաջացնել, ավելի շատ են վարձատրում, քան կվարձատրեին հին սերնդի որոշ ներկայացուցիչների: Բայց երգարվեստում գալիս է մի պահ, երբ արդեն ոչ թե կազմակերպիչներն են որոշում քեզ հասանելիք գումարի չափը, այլ դու: Ես դեռևս մեծ ուշադրություն չեմ դարձնում ֆինանսական եկամուտին, բայց չեմ էլ անտեսում, քանի որ, ի վերջո, սա մեր աշխատանքն է, ընդ որում այնպիսի աշխատանք, որը մեծ գումարներ է պահանջում: Մեր սերունդն, իսկապես, ոչինչ չի խնայում ժամանակից հետ չընկնելու համար, և չի ափսոսում ծախսված գումարի համար: Այսօր բոլորս գիտենք, թե ինչպիսի գումարներ են պետք մեկ երգի գնման, ձայնագրման, տեսահոլովակ նկարահանելու համար: Այդ հարցում ինձ օգնում է Arm gips prodaction-ը, որը հոգացել է իմ բոլոր տեսահոլովակների ֆինանսական խնդիրները:
-Նոր սերունդն այսօր խիստ քննադատության է արժանանում: Դուք, որպես այդ սերնդի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում նման քննադատություններին:
-Այդ հարցում մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Պարզապես այսօր շատ հեշտ է դարձել էկրանին մեկ անգամ երևալը, ինչից հետո այդ մարդկանց թվում է, թե իրենք արդեն «աստղ» են: Մինչդեռ նրանք չունեն երաժշտական կրթություն, այդ ասպարեզում անցած որոշակի ճանապարհ, որ հղկվեն ու կարողանան զբաղվել ինքնաքննադատությամբ: Սա, կարծում եմ, մեր սերնդի ամենամեծ թերությունն է: Այս հարցում մեղքի իր բաժինն ունի նաև հեռուստատեսությունը: Բայց առավելություններ էլ ունենք: Այն, որ մեր երգարվեստում այսօր թարմություն կա, փաստ է, և կարծում եմ, հիմնականում նոր սերնդի ներկայացուցիչների շնորհիվ է:
-Դուք տասներեք տարեկանից Երգի պետական թատրոնի սաներից եք: Ճի՞շտ եք կատարել մասնագիտական ընտրությունը:
-Այո, ես սիրում եմ երգարվեստը և կարծում եմ` այս ասպարեզում իմ անցած ճանապարհն ինձ թույլ է տալիս երգարվեստում լինել: Երբ դեռ նոր էի հաճախում Երգի պետական, ուսուցչուհիս` Վարդուհի Վարդանյանը, ինձ շարունակ ասում էր` «Դու պետք է երգես»։ Այդպես էլ եղավ, և չեմ զղջում: Ընդունվեցի կոնսերվատորիա և՝ Երգի պետականին զուգահեռ՝ սովորում էի Ռաիսա Մկրտչյանի դասարանում: Հիմա աշխատում եմ Երգի պետականում որպես մեներգչուհի: Ես կցանկանայի, որ մարդը, ընդհանրապես, կարողանար գիտակցել` տվյալ մասնագիտությունն իր համա՞ր է, թե՞ ոչ: Իսկ դրա համար պետք է ինքնասիրահարվածությունից զերծ մնալ: Այս դեպքում միայն երգարվեստի նոր սերնդից շատերը կհասկանան, որ երգարվեստն իրենց տեղը չէ, և պետք չէ մեկ անգամ էկրանին երևալու համար շողք գցել երգարվեստի նոր սերունդ ասվածի վրա: Թեև ժամանակի ընթացքում երևում է` ով ով է, և ասելիք չունենալու դեպքում, ուշ, թե շուտ, այդպիսիք հեռանում են երգարվեստից:
-Ռազմիկի հետ զուգերգը որևէ ազդեցություն ունեցա՞վ Ձեր կարիերայի վրա:
-Այո: Շատերն անգամ այդ զուգերգով են ինձ ճանաչում, թեև մինչ այդ էլ ես մի քանի տեսահոլովակ ունեի: Ռազմիկը ներկայիս մեր լավագույն ձայներից է, նաև իմ լավագույն ընկերն է: Զուգերգ երգելիս պետք է գիտակցես` ո՞ւմ հետ և ինչի՞ համար ես երգում:
-Մեր երկրում կատարվող մրցույթների ժամանակ հանդիսատեսը, մրցանակներ հանձնելիս, կարծես անակնկալ չի սպասում, որովհետև արդեն համոզվել ենք, որ ամեն ինչ նախապես է որոշվում: «Տաշիր-2007»-ում Ձեր` «Տարվա հայտնություն» ճանաչվելն անակնկա՞լ էր Ձեզ համար:
- Այդ մրցանակաբաշխությունն իմ կյանքում շատ կարևորվեց, քանի որ հիշյալ մրցանակին արժանանալն ինձ համար, իսկապես, մեծ անակնկալ էր: Մի օր անսպասելի ինձ զանգահարեց Սամվել Գրիգորյանն ու ասաց, որ մրցույթի ժյուրին ու կազմակերպիչները որոշել են ինձ հանձնել այդ մրցանակը: Այս որոշման դեպքում, վստահեցնում եմ, չի գործել ոչ մի «հայավարի» տարբերակ: Ազգային երաժշտական մրցույթի այդ անվանակարգում ես նույնիսկ նոմինացված չէի, թեև հաղթող ճանաչվեց իմ լավագույն ընկեր Վարդան Բադալյանը, ում համար շատ ուրախ եմ: Ինչ վերաբերում է մեր երկրում մրցանակների նախապես որոշված լինելուն, այո, չեմ ժխտում, այդպես է, բայց այդ խնդիրը կա աշխարհի բոլոր երկրներում և շատ ու շատ մրցանակաբաշխություններում: Պարզապես մեր երկրում ցավալին այն է, որ մրցանակներ հանձնելու որոշում կայացնելուն մասնակցում են նաև այնպիսի մարդիկ, ովքեր հեռու են երգարվեստից, ինչի պատճառով էլ հուսահատվում ու հիասթափվում են շատ երգիչներ, իսկ շատերն էլ այլևս չեն մասնակցում այդ մրցույթներին:
Զրուցեց Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ