ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իմ «ես»-ը հոգնակի է

Իմ «ես»-ը հոգնակի է
21.06.2013 | 00:42

ԱՊԱՏԻԱ

Ինչ-որ ժամանակ
իմ աղոթքները՝
ուղղված առ Աստված,
անուն ունեին,
թաքուն նպատակ,
բովանդակություն:
Հիմա շուրթերիս
ամեն առավոտ
ինձ ոչինչ չասող
«Հայր մերն» է հնչում,
և մի անորոշ
ու մի բութ տագնապ
գուժում է ներսից,
որ «Հայր մերը» իմ
և ընդհանրական
«Քո կամքը լինի»-ն
Աստծուն նույնպես
ոչի՜նչ չեն ասում:

ԱՆՍԱՐՔ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ


Խողովակագործի այցելությունները ձգվեցին սպասվածից երկար:
Կինն իր ողջ առօրյան, գիտակցությունը, երբեմն նաև գիշերային քունը պայմանավորում էր այդ այցելություններով. ուրիշ բան նրան չէր զբաղեցնում վերջին շաբաթվա ընթացքում:
Խողովակագործը ջանում էր իր նկատմամբ կնոջ մեջ արթնացնել մեկ այլ` ոչ մասնագիտական հետաքրքրություն: Ջանքն անձնուրաց էր, արդյունքն ապարդյուն:
Երկուսի համար էլ դժվար էր:
Խողովակագործն զգում էր, որ կինը մարմնացյալ բանաստեղծություն է, և նրան գրավելու համար անհրաժեշտ է իր մեջ նույնպես մի կերպ բանաստեղծություն արթնացնել:
Կինն անհրաժեշտաբար վանել էր աշխարհի ու մարդու բանաստեղծական ընկալումը և հերոսաբար դիմադրում էր կենցաղի պարտադրանքներին:
Հաշվարկները երկուստեք հակասական էին, անհամարժեք:
Կինը բարեկրթության շրջանակներից դուրս չեկող իր պահվածքով չէր կարողանում ներգործել խողովակագործի աճող ցանկությունների վրա:
Խողովակագործն էլ, թեկուզ կոկ ու մաքուր էր հագնվում, փորձում էր բանիմաց ու սրամիտ երևալ, սակայն չէր կարողանում հասնել կնոջ վերասլաց աշխարհներին:
Որպես երկուսից ամենախելոքը՝ ելքը պիտի գտներ կինը:
Մի բան հստակ էր ու անքննելի. խոհանոցի խողովակները պիտի աշխատեն անխափան. ո՛չ մի խոսք արհեստավորին կոպտորեն վռնդելու մասին: Բայց և նույնքան հստակ էր ու անքննելի, որ կնոջ մտախաբկանքներում չի կարող ծնվել խողովակագործի կերպարով որևէ բանաստեղծություն:
Ընտրվեց ամենահարմար թվացող տարբերակը՝ մեկ ուրիշով հրապուրվածի թատրոնը: Դժվարն այդ մեկ ուրիշի ընտրությունն էր: Դա պարզապես արվեստ էր, մեծ դիվանագիտություն:
Պետք էր գտնել համոզիչ խաղընկերոջ` այնպիսի մեկին, որ կարողանար վայրկենապես, մի հայացքով ոչնչացնել մրցակցին ու նաև չտարվեր իր խաղով այնքան, որ հավակներ հաղթողի դափնիների հավերժական տիրակալի դերին:
Դե՜, իսկ խողովակագործը… պարզամիտ ու շիտակ մարդ է. կնայի միայնակ կնոջ տանը տիրաբար բազմած տղամարդուն, կնկատի կնոջ՝ սովորականից ավելի ջերմ հայացքները՝ ուղղված կարծեցյալ սիրեկանին, ու տղամարդկային բնազդով և խողովակագործի տրամաբանությամբ կզգա, կհասկանա, որ ինքն ուրիշի գրաված տարածքում է, որ սեփականատերն արդեն գտնված է, ու որ իր բաժինն անսարք խողովակներն են և դրամով վարձատրվող աշխատանքը խոհանոցում:
Կինը երկար չփնտրեց: Խաղընկերը հայտնվեց իր ոտքով՝ համակ սեր ու բանաստեղծություն:
…Հանդիպումն անսպասելի էր, դաժան: Խողովակագործի ժպիտը մարեց դեռ շքամուտքում, երբ հյուրասենյակի կիսաբաց դռների մեջ տեսավ իր անվերապահ հաղթանակը տոնող տղամարդուն:
Խոհանոցում գործն ավարտեց արագ՝ առանց իրեն բնորոշ սիրալիրության ու կատակների: Շնորհակալություն հայտնեց դեռ մեկ շաբաթ առաջ ստացած հոնորարի համար և հուսաթափ, իր մեջ այդպես էլ չծնված բանաստեղծության ծանրությունը հոգում՝ լքեց երազանք դարձած բնակարանը:
Դուռը նրա հետևից փակելուց հետո կինը մի թույլ, գրգռող ծակոց զգաց սրտում. իր փոքրիկ, չարաճճի խաղը նրան ներկայացավ իբրև մեծ, տիեզերական ոճրագործություն՝ հայտնի չէ` ի՞ր, թե՞ խողովակագործի հանդեպ:
Նա կոտրված ժպիտով, որ դեռ մնացել էր արհեստավորին ուղեկցող հայացքում, հետ շրջվեց ու հաշված վայրկյաններ անց հայտնվեց երջանկությունից շողացող տղամարդու գրկում: Մինչ վերջինս համբույրների անզուսպ տարափ էր տեղում կնոջ այտերին, պարանոցին, շուրթերին, կինը տխուր համակերպումով մտածում էր իր թատերական ձախողումի մասին և հորինում ուրիշ մանրապատում:

ԵՎ Ի՞ՆՉ
«Ապատիա». իմ գերակշիռ «ես»-ը:
«Անսարք խողովակների սիմֆոնիան». իմ թվացյալ «ես»-ը:
«Սեր` առանց նախապայմանների». իմ նախընտրելի «ես»-ը: Վինչի հետ:
Նախապայմաննե՞ր. եթե մտավորականի վաստակն այնքան արժևորվի մեր երկրում, որ ես կարողանամ բազմաբնակարան շենքի իմ շատ սիրելի երկսենյականոցը փոխարինել փոքրիկ պարտեզով առանձնատնով, ապա իմ «թագավորության» պահապան կկարգեմ Վինչի ձագուկներից մեկին, իսկ պարտեզիս ամենագողտրիկ անկյունում կտեղադրեմ մայրիկիս բազկաթոռն ու նրա ծոռնուհու` Էլինայի օրորոցը:
Էլինա՜… այս կերպարի շուրջ հյուսվում է իմ մեծ, անանձնական երազանքը:
Առանց պաթետիզմի, առանց հռետորաբանության, անչափ անկեղծ խոստովանություն` ես ծայրահեղ շատ եմ սիրում իմ Հայաստան երկիրը:
Էլինան նոր է աշխարհ եկել` հեռավոր, շքեղ եվրոպական մի քաղաքում, ու որևէ պատկերացում չունի ո՛չ իմ սիրո, ո՛չ իմ Հայաստանի, ո՛չ էլ իր` հայ լինելու մասին:
Ես երազում եմ այն Հայաստանը, որն ինձ պես ու իմ չափ կսիրեն օտար աշխարհներում ծնված բոլոր էլինաները:
Ես սիրում եմ առանց նախապայմանների: Նրանց դա, ավա՜ղ, վիճակված չէ:
Երանի կախարդական փայտիկ ունենայի ու մեկ ակնթարթում Հայաստանը դարձնեի բոլոր էլինաների երազանքների երկիրը:
Ես չունեմ այդպիսի փայտիկ, իսկ ունեցողներին հասու չէ իմ երազանքը:
Ես ընդամենը ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆՆ եմ` «Իրատես de facto»-ի «…և ոչ միայն մշակույթի մասին» խորագիրը վարող լրագրողը և Դերենիկ Դեմիրճյանի բազմաչարչար տուն-թանգարանի վարիչը, ով ռոմանտիկորեն համարձակվում է հուսալ, որ մի օր իր անանձնական երազանքով կտարվեն նաև նրանք, որոնց ձեռքին արդեն մի հավերժություն ընդարմացել է այնքա՜ն փնտրված կախարդական փայտիկը:
Իբրև վտանգավոր ընդարմացումից ձերբազատվելու արդյունավետ դեղատոմս` առաջարկում եմ բարեկամություն անել «Իրատես de facto»-ի հետ: Այստեղ պատրաստ են սեղմելու բարեկամի ձեռքը և չանդամատելու թշնամունը, քանզի այսօրվա ապակողմնորոշված թշնամին վաղը կարող է դառնալ իրազեկված բարեկամ: Դե՜, ո՞վ դեմ կլինի ինքն իրեն ու աշխարհին իրատեսորեն նայելուն, եթե, իհարկե, չի տառապում ջայլամի համախտանիշով կամ այնքան ապականված չէ, որ սարսափի ինքն իր հետ անկեղծանալուց:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ