«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գիտնականի և մանկավարժի բեղմնավոր ուղին

Գիտնականի  և մանկավարժի  բեղմնավոր  ուղին
24.05.2013 | 12:14

Լրացավ հայ նշանավոր մտավորականներից մեկի` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ 70-ամյակը:
Յուրի Սուվարյանը քաջածանոթ անուն է Հայաստանի գիտական հասարակայնությանը, հատկապես բուհական մտավորականությանը, ինչպես և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներին:
Հիրավի, զարմանալի բովանդակալից և արգասաբեր կյանքով է ապրում ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, կարողանում է համատեղել գիտական և մանկավարժական լարված աշխատանքը վարչականի հետ, բեղուն գրչով կյանքի կոչում մեկը մյուսից խոր և արժեքավոր հետազոտություններ, նպաստում բազմաթիվ ասպիրանտների ու հայցորդների գիտական կայացմանը, խորհրդատվություն իրականացնում ինչպես ՀՀ պետական զանազան մարմինների, այնպես էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների համար:
Յ. Մ. Սուվարյանը ծնվել է 1943 թ. Լեռնային Ղարաբաղում, 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան: 1970-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1983-ին` դոկտորական ատենախոսություն:
1987-1994 թվականներին պրոֆեսոր Սուվարյանը, որպես Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ինչպես նաև տնտեսագիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահի տեղակալ, ապա նաև` նախագահ, մեծապես նպաստել է բուհում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: 2006 թ. դառնալով հարազատ բուհի ռեկտոր` Յուրի Սուվարյանը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ կրթահամակարգի բովանդակային և կառուցվածքային արմատական վերափոխումների` համահունչ միջազգային պահանջներին:
Նրա ղեկավարության շրջանում տնտեսագիտական համալսարանն անցավ հանրապետության օրինակելի բուհերի առաջին շարքը:
2006 թ. Յուրի Սուվարյանն ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2010-ին` իսկական անդամ, 2011-ին` ընտրվել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:
Բարեխղճորեն կատարելով իր պարտականություններն այդ պաշտոնում, նա որոշակի ավանդ է ներդրել «Հայագիտության զարգացման հայեցակարգի» և 2012-2025 թթ. հայագիտության զարգացման ռազմավարության մշակման, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի ստեղծման գործում:
Յուրի Սուվարյան քաղաքացու կերպարը հասկանալու համար կարևոր է նշել նաև 1991-1992 թթ. նրա աշխատանքը որպես ՀՀ վարչապետի խորհրդական (համատեղության կարգով): Երկրի տնտեսության համար օրհասական այդ պայմաններում առավելագույնս պիտանի եղան Յ. Սուվարյանի համակարգային մտածելակերպը, արագ կողմնորոշվելու և վճռելու փորձը, տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների ներքին կապն զգալու ու դրանք համադրված լուծելու կարողությունը:
1994 թվականից Յուրի Սուվարյանը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչն է: Նրա ջանքերով ամբիոնը վերածվել է գիտամանկավարժական հզոր կենտրոնի:
Պատկառելի է հենց իր` ակադեմիկոս Սուվարյանի գիտական հրատարակությունների ցանկը. շուրջ 240 աշխատություն, որոնցից 33-ը` մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ: Նրա գիտահետազոտական աշխատանքի կարևորագույն արդյունքներից են արտադրության արդյունավետության և ամբողջական աշխատանքի արտադրողականության գնահատման ու կառավարման նոր մեթոդաբանության մշակումը, ռազմավարական կառավարման կարևորագույն հիմնախնդիրների նոր լուծումների, հանրային կառավարման տեսության յուրօրինակ հայեցակարգի հիմնավորումը, ՀՀ վարչատարածքային նոր բաժանման և տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգի մշակումը, հայ կառավարչական մտքի զարգացման ընթացքի և միտումների բնութագրումը, հանրապետության տնտեսական զարգացման վրա կրթության և գիտության ներազդեցության գնահատումը, գիտակրթական համակարգի կառավարման նոր հայեցակարգի առաջադրումը:
Յ. Սուվարյանի ղեկավարությամբ ու խմբագրմամբ լույս է տեսել «Մենեջմենթ»` հայերեն բուհական առաջին դասագիրքը (1999, 2002, 2009), որը եղավ վերջին շրջանի հայ տեսական-մանկավարժական մտքի նվաճումներից մեկը:
Բուհական ուսուցման համակարգի արդիականացման մեջ պրոֆեսոր Յ. Սուվարյանի և նրա համախոհների ծանրակշիռ ներդրումը եղան «Ձեռնարկության արդյունավետ կառավարում» և «Ծառայությունների ոլորտի արդյունավետ կառավարում» էլեկտրոնային համակարգչային գործարար խաղերի մշակումն ու ներդրումը: Ակադեմիկոս Սուվարյանի գիտական ղեկավարությամբ մշակվել են մի շարք գործնական ծրագրեր, մասնավորապես` ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (1994 թ.), ՀՀ երկաթուղային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը (1998 թ.), որոնք ընդունվել են հանրապետության գործադիր իշխանությունների կողմից և իրագործվել:
Դժվար է գերագնահատել Յ. Սուվարյանի դերը տնտեսագիտական բարձրորակ կադրերի, գիտական հերթափոխի պատրաստման ասպարեզում: Անցած տարիներին նրա ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի և դոկտորի աստիճան են ստացել բազմաթիվ ասպիրանտներ ու հայցորդներ:
Ակադեմիկոս Յ. Սուվարյանի մասնագիտական բարձր կարողությունները, գիտամանկավարժական վաստակը գնահատված են «Անանիա Շիրակացի» (2000 թ.) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի (2011 թ.), ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» (2013 թ.) մեդալներով: Իսկ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները նրան ընդգրկել են ամենահրատապ ծրագրերի մշակման մեջ: Նա մի շարք գիտական խորհուրդների ու ընկերությունների անդամ է, ՀՊՏՀ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ: Նա «Հանրային կառավարում», «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», «Բանբեր հայագիտության» և այլ հայրենական ու միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է, Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական, Արցախի պետական և այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր: Իր հարուստ փորձը Յուրի Սուվարյանը տրամադրել է նաև ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնների կայացմանը:
Այժմ էլ 70-ամյա մեր գործընկերը լի է եռանդով, նոր գաղափարներով ու ծրագրերով: Մաղթում ենք քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:


Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Դիտվել է՝ 5563

Մեկնաբանություններ