«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Թերլեմեզյանում» կենացները քաղցրանում են

«Թերլեմեզյանում» կենացները քաղցրանում են
23.05.2013 | 18:11

Նման բաների մասին հնուց է ասված` էս խմորը շատ ջուր կվերցնի։ Երբ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում տնօրեն նշանակվեց Աննա Մնացականյանը, հասարակական կարծիքը բաժանվեց երկու մասի։ Լավատեսները հույս են փայփայում, որ ակնհայտ հովանավորչությամբ պատասխանատու և պատվավոր պաշտոնը զբաղեցրած երիտասարդ կինը, այնուամենայնիվ, կմերվի կոլեկտիվին, կշտկի վրիպումները և թևքերը քշտած կանցնի գործի։ Կանցնի` պահպանելով թերլեմեզյանական ավանդույթները։ Լավատեսությունն անհիմն չէր։ Ի վերջո, Աննան որակյալ կրթություն էր ստացել, լավ ընտանիքից էր սերվում ու հարս էր գնացել մշակութային հայտնի ու հարգի մի օջախ, ուր ճանաչված դերասան Լորենց Առուշանյանն է, գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը և նրանց որդին` շնորհալի նկարիչ և ոչ պակաս շնորհալի կառավարիչ Նարեկ Առուշանյանը, ցավոք, մեր մեղավոր աշխարհը լքած շատ անժամանակ։ Վատատեսները հակադարձում էին և ներկայացնում ոչ պակաս անխոցելի կռվաններ, ի մասնավորի, որ օրինականության խախտմամբ տնօրենի աթոռը ձեռք բերողը դժվար թե օրինավորություն հաստատի նշանավոր կրթօջախում։ Հաղթեց վատատեսների կանխազգացումը. ամիսներ են անցել, կրթօջախի միջանցքներում հակակրթական և հակամշակութային ոգին է թափառում։ Գրելով սույն նյութը ոչ այնքան ընդառաջեցի բազմաթիվ թերլեմեզյանականներին, որքան ներկայացնում եմ հանրապետությունում չգրված օրենքի ուժ ստացած իրողությունը` բավական է արժանանաս որևէ մեծավորի բարեհաճությանը, և ցանկացած դուռ ու դարպաս կրնկակոխ կբացվեն առջևդ։ Շուրջ մեկդարյա կենսագրություն ունեցող վերոնշյալ կրթօջախում փաստացի տեր ու տնօրեն է Ալվարդ Պետրոսյանը։ Սա հիշատակելով` անցնենք փաստերին։

***
Նորաթուխ տնօրինուհին բավականին վճռական էր տրամադրված, անհրաժեշտ է լիովին կառավարելի, թերևս ենթարկելի դարձնել կրթօջախը, որը տարիներ շարունակ երկու «հիմնարար» ծրագիր է կենսագործել. իրականացրել է նախ կրթօջախի, այնուհետև Ալվարդ Պետրոսյանի շահերի պաշտպանությունը։ Նարեկ Առուշանյանի օրոք, այնուամենայնիվ, առաջին դիրքում կրթօջախն էր, Նարեկը նախանձախնդիր էր կերպարվեստի օջախն իր նշանակությանը հարիր վիճակում պահում, նա նկարիչ էր, օժտված կառավարիչի հատկություններով։ Ժամանակ է անցել, ջրերը, զուլալվելու փոխարեն, շատ ավելի են պղտորվել։ Նորաթուխ տնօրինուհին բավականին արհեստավարժ գտնվեց Նարեկի վստահությունը վայելող և նրա հետ ուս ուսի աշխատած մարդկանց հեռացնելիս, կիրառելով տխրահռչակ «սեփական դիմումի համաձայն» թավշյա բռնատիրական մեթոդը։ Այս մեթոդի կիրառմամբ սկսվում է օտարումների գործընթացը, Թերլեմեզյանը լքում են ուսումնական մասի քարտուղարուհին (նա միաժամանակ արվեստի պատմություն էր դասավանդում), դաստիարակչական աշխատանքի գծով փոխտնօրեն Արմինե Գևորգյանը, փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանը (վերջինս Թերլեմեզյանում աշխատում է 1980 թվականից և, ըստ ամենայնի, վայելում էր սաների և կոլեգաների հարգանքը), տեխնիկական աշխատող Անահիտ Խաչատրյանը, գիշերային և ցերեկային պահակները։ Գործընթացը «բարեհաճ է գտնվում» նաև փորձառու մանկավարժ, գեղանկարիչ Գրիշա Թորոսյանի հանդեպ. նա ևս դիմում է ներկայացնում։ Գրիշա Թորոսյանը երկար տարիներ քոլեջի գունանկարի առարկայական հանձնաժողովի նախագահն էր։ Մի փոքր համառ են գտնվում և առաջին իսկ հրահանգով դիմում չեն ներկայացնում քոլեջի գլխավոր հաշվապահը և մեկ տեխնիկական աշխատող։ Վերջինիս աննայական շրջանի վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Վարդան Քանքանյանը ահաբեկել է, եթե դիմում չներկայացնի, ապա աշխատանքային գրքույկում այնպիսի ահավոր բաներ կարձանագրվեն, որ նրան այլևս ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունի։ Քոլեջի գլխավոր հաշվապահն աստիճանազրկվում է, դառնում շարքային հաշվապահ։ Սա այն դեպքում, երբ աուդիտ անցկացրած կազմակերպությունը որևէ քիչ թե շատ լուրջ թերացում նրա գործերում չի հայտնաբերում։

***
Բնականաբար, խմբագրումներ են կատարվում նաև բուն ուսումնական գործընթացներում։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ սույն տարվա ընդունելության քննությունները նախապատրաստվում են բուռն թափով։ Տիկին Աննա Առուշանյանի գիտությամբ և հովանավորությամբ քոլեջի մանկավարժները նախապատրաստական դասընթացներ են անցկացնում։ Սա, իհարկե, լիովին ընդունելի բան է, նկարչական հակումներ դրսևորող պատանիներն ու աղջիկները մաստեր-կլաս են անցնում իրենց ապագա դասատուների մոտ։ Բայց նրանց վճարած գումարներից որքան է մուտքագրվում քոլեջի գանձարան, անհայտ է։

***
Այս պատմությունը, անշուշտ, դեռ բազմաթիվ անակնկալներ կմատուցի հանրությանը։ Տնօրենի պարտականությունները ստանձնելով` Աննա Մնացականյանը բավականին ուշագրավ և հուսադրող հայտարարությամբ է հանդես գալիս, ասելով, որ այն կոլեկտիվը, որտեղ միայն մեծահասակներ են, կործանված է, քանի որ դժբախտություն է, երբ կրթօջախում ծերերն են տեր ու տնօրեն, և կատակերգություն է, երբ երիտասարդների ձեռքում է իշխանությունը։ Անկեղծ ասած, ամիսներ առաջ տողերիս հեղինակը մի թաքուն հույս ուներ, թե, այնուամենայնիվ, եռանդուն և հետաքրքիր մասնագիտական կրթություն ստացած տակավին երիտասարդ այրին կհանդարտեցնի կրքերը և, հենվելով Թերլեմեզյանի բարի ավանդույթների և առկա մասնագիտական բազայի վրա, գործն առաջ կտանի։ Ցավոք, այս պարագայում էլ հանրածանոթ օրինաչափության պահանջներից խուսափելն անհնար է. խոտոր ճանապարհով անհնար է ազնիվ գործեր կատարել։ Չմոռանանք, Աննա Մնացականյանը օրենքի պահանջների անտեսմամբ է հանգրվանել բաղձալի աթոռին։ Գուցե, առհասարակ, մեր պետական ատյանների անվանումներում փոփոխություն կատարենք, դրանք դեյուրե պետական ոչ առևտրային կազմակերպություններ են` ՊՈԱԿ-ներ, իրականում կոնկրետ անձի, խմբավորման, այս պարագայում էլ ընտանիքի բիզնես-նախագիծն են, այսինքն` սեփականություն, կամ էլ նվազագույնը` կապալ։ Եվ այսօր շրջանառվող լուրը ցավալիորեն ճշմարտանման է թվում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան միացնում են մանկավարժական համալսարանին։ Ինչ-որ մեկի համար մայրաքաղաքի էլիտար հատվածում հանգրվանած Գեղարվեստի ակադեմիայի շենքը չափազանց հարմարավետ է ինչ-ինչ միջազգային կենտրոն ստեղծելու համար։ Որը, անշուշտ, կհարվածի մեր ազգային շահին։ Այնպես որ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի «սանձահարումը» հակազգային ծրագրի մի մասն է, ընդամենը մի մասը։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Հ. Գ.- 2012-ի նոյեմբերի 5-ին և 7-ին Աննա Մնացականյանը երկու նկատողություն է հայտարարում երկարամյա աշխատող Լաուրա Ավետիսյանին` կարծեցյալ տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Լաուրա Ավետիսյանը դիմում է Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, հանիրավ նկատողությունները վերացնելու հայցով։ Օրեր առաջ դատարանը բավարարել է հայցը և իրազեկել տնօրենին նկատողություններն անհապաղ վերացնել։ Պետք է հուսալ, որ այս փոքրիկ հաղթանակը առաջին ծիծեռնակն է Թերլեմեզյանում կարգ ու կանոն հաստատելու ճանապարհին։

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ

½ÃƒÂƒÃ‚¢Ã¢â€šÂ¬Ã‚�/sport" rel="nofollow">Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 17.07.2024