«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այլիսլին խեղաթյուրե՞լ է փաստերը

Այլիսլին խեղաթյուրե՞լ է փաստերը
20.04.2013 | 18:33

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազներ» վեպում կան պատմա-վավերագրական փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, որոնք նույնությամբ տեղ են գտել վեպի հայերեն թարգմանված տարբերակներում։

Այս մասին այսօր «Սլաք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը։
Գիրքը թարգմանվել և թարգմանվում է հախուռն կերպով: Կան երեք առանձին հրատարակություններ` գրքի տեսքով, որոնք արդեն վաճառքի են: Վեպը լույս է տեսել նաև մամուլում` թերթային տարբերակով:
«Ես կողմ եմ, որ այդ աշխատանքը մեզ մոտ թարգմանվեր, հրատարակվեր և հասներ հայ ընթերցողին: Սակայն վեպը պետք է քննարկվեր, ունենար առաջաբան»,- նշեց բանախոսը:- «Քարե երազներ» վեպը փաստավավերագրական է, նաև ինքնակենսագրական և ավելի շատ քաղաքական ուղղվածություն ունի, քան գեղարվեստական: Հեղինակը վեպը նվիրում է Ադրբեջանի տարածքից տեղահանված իր հայրենակիցներին` հայերին, որոնց հեռանալուց հետո մեծ ցավ է մնացել նրա սրտում»:
Ադրբեջանում գրողին հալածում են, որովհետև նա գրել է հայամետ վեպ: Հայաստանում, նույն պատճառով, գրողին հերոսացնում են:
«Վեպում պարզ տեքստով մի քանի անգամ շեշտվում է, որ «քարե երազները» կատարում են Հայաստանից տեղափոխված և ոչ` տեղացի ադրբեջանցիները: Այսպիսով` Այլիսլին չեզոքացնում է Ադրբեջանի, տվյալ դեպքում` Բաքու քաղաքի իշխանությունների մասնակցությունը հայերի սպանությունների գործում,- ասաց Արգամ Այվազյանը:- Եթե մենք ընդունում ենք հեղինակի քաղաքական այս մոտեցումը, ապա թույլ տվեք ասել, որ մեզ մոտ բազմաթիվ փաստավավերագրական գրքեր են հրատարակվել, ֆիլմեր են նկարահանվել, լուսանկարներ կան, որտեղ փաստվում է, որ այդ վայրագություններն արվել են հենց Ադրբեջանի պետական իշխանությունների միջոցով: Ինչ վերաբերում է 1919-ի Ագուլիսի ջարդերին` հեղինակը նշում է, որ դրանք իրականացրել են ոչ թե տեղացի ադրբեջանցիները, այլ թուրք սպան` իր 30-40 զինվորներով: Սա պատմական կեղծիք է: Ագուլիսի ջարդը կատարվել է 1919-ի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը` հենց տեղացի ադրբեջանցիների` Օրդուբադի իշխանությունների նախաձեռնությամբ, որին մասնակցում էր նաև Օրդուբադի շրջանի թուրք սպան»:
Նախիջևանագետի խոսքով՝ Այլիսլին վեպում խոսում է նաև Ագուլիսի մի շարք ավերված հայկական եկեղեցիների մասին՝ ընդգծելով, որ ագուլիսցիները չգիտեն, թե երբ են կառուցվել և երբ են ավերվել այդ եկեղեցիները, ինչը նույնպես կեղծիք է: «Այլիսլին շատ լավ գիտի, որ եկեղեցիներն ավերվել են ադրբեջանական պետական վանդալիզմի հետևանքով: Շուրջ 27 հազար հուշարձաններ ոչնչացվել են հենց տեղացի բնակիչների կողմից,- ասաց Արգամ Այվազյանը,- Այլիսլին քաղաքացիական քաջություն է ունցել` նկարագրելու պատմական որոշ իրողություններ, թեկուզ կեսբերան ճշմարտությունն արտացոլելու իր վեպում, բայց մյուս կողմից` նա չեզոքացրել է բնիկ ադրբեջանցիների մասնակցությունը` թե Ագուլիսի կոտորածներին և թե Բաքվի ջարդերին»:
«Եթե Այլիսլին միտումնավոր կեղծել է փաստերը, կարելի՞ է ենթադրել, որ արհեստական, շինծու է նաև ադրբեջանական իշխանությունների հալածանքը գրողի նկատմամբ»: Անդրադառնալով irates.am-ի այս հարցին` բանախոսն ասաց, որ` այո, ինչ-որ տեղ դրանք շինծու են, ուզում են հայկական կողմի տրամադրությունը շոշափել, իմանալ: Չբացառեց նաև, որ մի քանի ամիս հետո Այլիսլիի նկատմամբ հալածանքները կարող են մեղմանալ: «Այլիսլին իր ելույթներում դիմելով իր հայրենակիցներին ասել է` «Ես Ադրբեջանին և ադրբեջանցուն ազնվացրել եմ այս վեպով»: Կարծում եմ` գրողի խոսոտովանությունը ճիշտ է, հաշվի առնելով` վերը նշված քաղաքական-դիվանագիտական խնդիրները, որոնք նա լուծել է: Իսկ մեզ մոտ նույնիսկ ուզում են ֆրանսերեն, անգլերեն թարգմանել ու տպագրել վեպը, ինչը անմիտ է: Նաև հեղինակային իրավունքի խախտում է»,- ասաց Արգամ Այվազյանը: Նաև նշեց, որ Ադրբեջանանում Այլիսլիի վեպը քննադատում են ոչ միայն գրողները, հասարակական գործիչները, այլև` արևելագետները, պատմաբանները, փորձելով ապացուցել, որ նա փաստերը աղավաղում է (իրենց վերաբերվող փաստերի մասին է խոսքը): Իսկ մեր մասնագետները, բանախոսի բնորոշմամբ` ուղտի ականջում քնած են:
«Խնդիրը մեր անհեռատեսությունն է,-ասաց նա:- Չի կարելի այսպիսի մոտեցում ցուցաբերել պատմական փաստերի նկատմամբ: Սա դատապարտելի քայլ է Հայաստանի Հանրապետության` թե իշխանությունների, թե մտավորականության, թե հրատարակիչների կողմից»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ