Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իրանը նախագահական ընտրությունների նախաշեմին

Իրանը նախագահական ընտրությունների նախաշեմին
24.03.2009 | 00:00

ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
Նախագահական, խորհրդարանական և անգամ տեղական ինքնակառավարման ընտրություններն Իրանում միշտ զուգակցվել են արտաքին քաղաքական և անվտանգության պրոբլեմների հետ։ Եթե որևէ մեկը մոտիկից առիթ է ունեցել դիտարկելու իրանական ընտրությունները, կարող է հաստատել, որ դրանք արմատապես տարբերվում են Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների էլեկտորալ գործընթացներից։ Կասկած չկա, որ Իրանում, ինչպես նաև Թուրքիայում, ընտրություններն անցնում են անհամեմատ ժողովրդավար, և այդ երկրները կարող են օրինակ ծառայել ոչ միայն Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների, այլև շատ այլ երկրների համար, ուր գոյություն ունի ժողովրդավարության բազմամյա փորձ։
Եթե Թուրքիան որդեգրել է եվրոպական «դասական» ուղին և փորձում է հաստատել արևմտյան տիպի ժողովրդավարություն, ապա Իրանում էլեկտորալ գործընթացը սահմանափակ է և միաժամանակ ամրագրված իսլամական բնույթ ունեցող սահմանադրական կառույցների մասնակցությամբ։ Խոսքն ամենից առաջ վերաբերում է փորձագետների խորհրդին, որը կարող է թույլ չտալ ընտրություններին մասնակցել այն հավակնորդներին, ովքեր չեն համապատասխանում իսլամական կանոններին և բարոյական կերպարին։ Այդքանով, սակայն, օրենսդրական սահմանափակումներն ավարտվում են, և ճնշումների պարագայում խոսք կարող է լինել միայն դրանց կամային բնույթի մասին։ Իրականում եթե որևէ հավակնորդ ստացել է պատգամավոր կամ նախագահ առաջադրվելու իրավունք, Իրանի ամբողջ պետական համակարգն ապահովում է նրա իրավունքներն ու անվտանգությունը, թեկուզ և բոլոր ընտրություններն այդ երկրում, հատկապես վերջին տարիներին, անցնում են բարձր լարվածության մթնոլորտում։
Իրանական հասարակության մեջ գոյություն ունեն տարբեր քաղաքական խմբավորումների ազդեցության հոսանքներ։ Գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում հավակնորդների կամ նրանց աջակցող խմբավորումների ֆինանսական ապահովվածությունը։ Իրանի օրենսդրությունը չի նախատեսում արևմտյան տիպի քաղաքական կուսակցությունների գոյությունը։ Սակայն հասարակական կազմակերպությունները ոչ ֆորմալ իմաստով հենց կուսակցություններ են և իրականում էլ հանդես են գալիս այդ դիրքերից։ Ժամանակակից կուսակցություններն Իրանում գործնականում հիմնադրվել ու ձևավորվել են հասարակության բնական զարգացման և ազգաբնակչության զանգվածների քաղաքական գիտակցության աստիճանական աճի պայմաններում։ Թեկուզ և նախկին տասնամյակներում Իրանում կային միանգամայն հասուն քաղաքական կուսակցություններ։ Այս առանձնահատկությունը շատ կարևոր է` իրանական հասարակության զարգացման օրինաչափությունները հասկանալու համար։ Ընտրություններն Իրանում անցնում են ոչ միայն հասարակական տրամադրությունների լարվածության պայմաններում, այլև հեղափոխական պաթոսի գրավիչ ազդեցությամբ, երբ առկա է իսլամական հեղափոխության չավարտվածության զգացողություն այդ իրավիճակին բնորոշ ռոմանտիզմով ու ինքնազոհությամբ։ Իրանական հասարակությունը չի դադարել հավատալ առաջընթացին և իր սոցիալական իդեալներին հասնելու հնարավորությանը, և այս դինամիկան բնութագրական է հասարակության բոլոր խավերի համար։
Ընդհանուր առմամբ իրանական մոդելը, աշխարհընկալումն ու քաղաքական ինտրիգը բացահայտում են այն, ինչը Արևելյան Եվրոպայի ժողովուրդներն ու էլիտաները հասկացան միայն ժողովրդավարության հետ կապված «մեծագույն մոլորությունից» հետո։ Այսինքն` ընտրությունները հանդիսանում են ժողովրդավարության վերջին հանգրվանը, բայց այդ ժողովրդավարությունը կարող է գոյություն ունենալ միայն իրական հասարակության առկայության պայմաններում։ Իրանն առաջարկեց հասարակության իսլամական մոդելը, որը սահմանափակված է ոչ թե բուն գաղափարով, այլ հասարակության զարգացման մակարդակով։ Ներկայումս ոչ մի քաղաքական հոսանք Իրանում, բացի մարքսիստներից և ձախ խմբավորումներից, որ հանդես են գալիս գործող ռեժիմի ապամոնտաժման օգտին, նման խնդիր չի դնում, քանզի հասկանում է այդ ճանապարհի աղետալիությունն իրանական պետականության համար։ Անպայման անհրաժեշտ է ընդգծել, որ իրանական հասարակությունն իսլամական օրենսդրությանը մոտենում է ստեղծագործաբար, ինչն արդեն իսկ նշանակում է, որ կա տրամաբանական, իրատեսական մոտեցում տարբեր կանոնների ու նորմերի վերաբերյալ։
Ներկայումս Իրանում կան երկու հիմնական` տնտեսական և ազգային անվտանգության ապահովման խնդիրներ։ Իրանական ծագում ունեցող, սակայն Եվրոպայում ու Մեծ Բրիտանիայում ապրող մի շարք վերլուծաբանների պնդմամբ, վերջին տարիներին ոչ միայն իրանական էլիտան, այլև հասարակության ավելի լայն խավերն առաջնային խնդիր են համարում ոչ այնքան տնտեսությունը, որքան անվտանգության ապահովումը։ Ըստ այդ տեսակետի, իրանական հասարակության գերակշիռ մասը պատրաստ է նախագահի պաշտոնում ընտրել այնպիսի քաղաքական գործչի, որն ընդունակ լինի ապահովել ոչ այնքան տնտեսական բարեկեցությունը, որքան երկրի անվտանգությունը։ Իրանը ծանրագույն պատերազմ է վերապրել Իրաքի հետ, երբ զոհվեց ավելի քան մեկ միլիոն իրանցի։ Այժմ հասարակությունը զգուշանում է ինչպես հարևանների, այնպես էլ արևմտյան տերությունների հետ հնարավոր պատերազմից։ Իրանական ինտելեկտուալները համարում են, որ, ԱՄՆ-ից ու Իսրայելից բացի, իրական վտանգ կա Պակիստանից, Աֆղանստանից, Սաուդյան Արաբիայից, արաբական կամ արաբաամերիկյան որևէ հավանական դաշինքից, ինչպես նաև Թուրքիայից։ Ընդ որում, հենց նշված հաջորդականությամբ։
Իրանը 2001-ին և 2005-ին խիստ զգուշանում էր ԱՄՆ-ի ագրեսիայից, ինչպես նաև Աֆղանստանում թալիբների ռեժիմի համանման գործողություններից։ Իրանում շատ լավ են հասկանում նաև, որ Պակիստանի ատոմային ներուժը շատ կողմերով ուղղված է իրենց դեմ։ Իրանցիները մտահոգ են նաև Հարավային Կովկասում ու Կասպից ծովում արտաքին լայնածավալ ռազմական ներկայության հաստատման հնարավորությամբ, ուստի ատոմային զենքի ստեղծումը դարձել է կարևորագույն գաղափար իրանական վերնախավի ու մտավորականության համար։ Ատոմային զենքն իբրև իսլամական ռեժիմի պահպանման միջոց համարող գաղափարն Իրանում սպառել է իրեն` աշխարհում ու տարածաշրջանում նոր իրավիճակի ստեղծմամբ։ Ատոմային ծրագիրն ու ռումբի ստեղծումն իրանական հասարակության համար դիտարկվում են միանգամայն լեգիտիմ, որովհետև իրանցիները զգում են իրենց միայնակությունն ու մեկուսացվածությունը տարածաշրջանում և աշխարհում։ Իրանը գնահատում է բարեկամներին, բայց միշտ նրանց է վերաբերվում կասկածով ու զգուշավորությամբ։ Իրանական աշխարհն ինքնին տարաբաժանված է, նրա ներսում շարունակվում են ներքին ու արտաքին ագրեսիվ ու թշնամական դրսևորումները։ Ըստ այդմ, Իրանը դատապարտված է ատոմային զենքի ստեղծման` որպես անվտանգության հիմնական երաշխիքի։
Տնտեսական խնդիրները նույնպես հեռու են վերջնական լուծումից։ Իրանական տնտեսությունը, հենվելով բազմակացութաձևության սկզբունքի վրա, ներառում է մանր և խոշոր գյուղատնտեսությունը, տնայնագործական ու արհեստավորական արտադրությունն ու միաժամանակ բարձր տեխնոլոգիաները, խոշոր մասնավոր ձեռնարկատիրությունն ու գործարարությունը, ինչը չի խանգարում էտատիզմի` պետական մոնոպոլիայի առկայությանը արդյունաբերության մեջ և բանկային ոլորտում։ Իրանում շարունակում է գոյություն ունենալ տնտեսության դոտացիոն սեկտորը, որն արդյունավետ զարգացման հիմնական խոչընդոտն է դարձել։ Բայց նրա արագ ոչնչացումը կհանգեցներ պարզապես տնտեսական աղետի։ Եվ վերջապես, երկրի կախվածությունը նավթի համաշխարհային գներից պայմանավորում է նրա տնտեսության խոցելիությունը։ Իրանն ահռելի հզորություններ է ստեղծել նավթաքիմիայի, մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում, սակայն արտահանման մեջ շարունակում է գերակշռել նավթը։
Այս պայմանները, անկասկած, որոշիչ են լինելու հասարակության և ազգաբնակչության տրամադրություններում, ովքեր դժվարին ընտրություն պետք է կատարեն նախագահական ընտրարշավի վերջնական հանգրվանում։ Սկսած 1989-ից, այսինքն` Իմամ Հոմեյնիի մահից հետո, Իրանում եղել է երեք ֆենոմեն` ի դեմս իրար հաջորդած երեք նախագահների, ովքեր բացարձակապես տարբեր էին ու ինքնատիպ` որպես քաղաքական գործիչներ։ Ալի Աքբար Ռաֆսանջանին, ով աջ պահպանողական հայացքներ ունեցող գործիչ է, մոդեռնիզատոր, Իրանի սոցիալական ու տնտեսական խոր մոդեռնացման կողմնակից, կարողացավ ոտքի հանել Իրանն Իրաքի հետ 9-ամյա ծանր պատերազմից հետո։ Նրան հաջողվեց ստեղծել ժամանակակից արդյունաբերության ամբողջական ոլորտներ, ազատել երկիրը հեղափոխական ժամանակի նախապաշարմունքներից և վնասակար հետևանքներից։ Ռաֆսանջանին, իբրև իսլամական իրավակարգի հետևողական կողմնակից, հասկանում էր, որ անհրաժեշտ է համադրել մոդեռնացումը և իսլամական վարչակարգի ամրապնդումը։ Ընդհանրապես, երբ խոսվում է պահպանողականության մասին Իրանի կրոնական ու քաղաքական շրջանակներում, այն մեկնաբանվում է սխալ, քանի որ պահպանողականությունն Իրանում բացառապես աջ բնույթ ունի, քանի որ կրոնական առանձին շրջանակներ, այդ թվում` երբեմնի ժողովրդականություն ունեցող «Հըզբոլլահ» կուսակցությունը, իրականում ձախեր են։ Ընդհանրապես, իսլամական հեղափոխությունն Իրանում և դրա արդյունքում առաջացած գաղափարները հիմնականում ձախ ուղղվածություն ունեին։
Հաջորդ նախագահ Մուհամմադ Խաթամին ձախ կենտրոնամետ հակումներ ունեցող տիպիկ իրանցի մտավորական էր, ով, սակայն, ութ տարվա կառավարման ընթացքում նախագահի պաշտոնը տնօրինելով, չկարողացավ լուծել որևէ հիմնարար հարց տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում, միաժամանակ ոչինչ չարվեց անվտանգության ամրապնդման առումով։ Խաթամիի փորձը ցույց տվեց, որ իրանական հասարակությունն ակնհայտորեն հակված չէ ընկալելու լիբերալ գաղափարները, որոնք ենթադրում են Իրանի կողմից դիրքերի զիջում արտաքին քաղաքականության մեջ։ Այդ ութ տարիները շատ կողմերով կորսված էին հասարակության ու տնտեսության համար։
Մահմուդ Ահմադինեժադի կառավարումն առանձնացավ էքսպանսիվ հռետորաբանությամբ և ԱՄՆ-ի ու Իսրայելի նկատմամբ անզիջում դիրքորոշմամբ։ Իրանը տնտեսական առումով ազատ շունչ քաշեց, քանի որ այդ ժամանակահատվածը բնութագրվեց նավթի գների լուրջ բարձրացումով և բնական գազի պահանջարկի մեծացումով Եվրոպայում։ Ընդհանուր առմամբ, տնտեսական կոնյունկտուրան նպաստում էր իրանական տնտեսության զարգացմանը։ Միաժամանակ անցած չորս տարիներին արտաքին վտանգների զգալի աճ արձանագրվեց։ Առաջատար եվրոպական պետությունները, որ միջնորդական դերակատարություն էին ստանձնել` Իրանի ատոմային ծրագրի հետ կապված, ավելի ու ավելի էին հեռանում Իրանից` գործնականում ընդունելով նրա աճող անվերահսկելիության փաստը։ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից սպառնալիքներն ավելի քան իրական դարձան։ Սակայն միաժամանակ Իրանը պաշտպանունակության առումով հզորացավ ինչպես երբեք։ Իրականացվեց զինված ուժերի մոդեռնացում, աճեց պաշտպանության նախարարության դերը` իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ միասին։ Իրանը միջազգային ասպարեզում հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով, թեկուզ և միջազգային ու տարածաշրջանային կտրվածքով շարունակում է մնալ մեկուսացման մեջ։ Հատկապես վերջին 1-2 տարիներին նկատելի է այն, ինչին ԱՄՆ-ը չէր կարողանում հասնել երկար տարիներ. տարածաշրջանի երկրները, հատկապես արաբական պետությունները, սկսել են զգուշանալ Իրանից` որպես ռազմական առումով շատ հզոր տերությունից, որն ամենաքիչը տիրապետում է ատոմային որոշ տեխնոլոգիաների։ Մահմուդ Ահմադինեժադի կառավարումը երկրում հակասական է գնահատվում, սակայն իրանական հայրենասիրությունը խաղաց իր դերը, և այդ քաղաքական գործիչն այսօր ունի բոլոր շանսերը` երկրորդ ժամկետով նախագահ ընտրվելու համար։
Այն փաստը, որ Մ. Խաթամին հրաժարվեց իբրև լիբերալ ճամբարի հիմնական թեկնածու նախագահական ընտրություններին մասնակցելուց, շատ կողմերով պարզունակ է դարձնում նախագահական ընտրությունները և քաղաքական ուժերի հարաբերակցությունն Իրանի քաղաքական «դաշտում»։ Լիբերալ ուղղվածության արագ ռեֆորմների շատ կողմնակիցներ Մ. Խաթամիի հրաժարումը գնահատում են իբրև դավաճանություն։ Ըստ ԶԼՄ-ների, այժմ լիբերալ ճամբարից նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ է դարձել թեկուզ և հայտնի, բայց բավարար ժողովրդականություն չունեցող քաղաքական գործիչ, Իրաքի հետ պատերազմի շրջանում վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին։ Կասկած չկա, որ այս քաղաքական գործիչը բավականաչափ խարիզմատիկ և համոզիչ չէ նույնիսկ իբրև բարեփոխիչների շարժման ներկայացուցիչ, թեպետ հազիվ թե այդպիսին է։ Միր-Հոսեյն Մուսավին, իհարկե, մրցակից չէ Մահմուդ Ահմադինեժադին, թեպետ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն Իրանում միշտ էլ տարբերվել են հենց անակնկալներով, ուստի չի բացառվում, որ տեղի ունենան շատ հետաքրքիր իրադարձություններ։ Մեկնաբանություններում քիչ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Իրանում ներկայիս կառավարող թիմն իրենից ներկայացնում է ոչ հռչակագրային կոալիցիա, եթե ուշադրության առնենք այն հանգամանքը, որ Մեջլիսի նախագահի, արտաքին գործերի նախարարի և երկրի նախագահի պաշտոնները զբաղեցնում են երեք շատ ընդգծված, վառ անհատականություններ հանդիսացող քաղաքական գործիչներ, ովքեր միաժամանակ մրցակցում էին անցած նախագահական ընտրություններում։ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին փայլուն աշխարհիկ քաղաքական գործիչ է և ինտելեկտուալ, իսկ արտգործնախարար Մանուչեր Մոթաքին հավակնում է երկրի արտաքին քաղաքականության ինքնուրույն կառավարման և, ինչպես ոչ մի ուրիշ գործիչ, միանգամայն համադրվում է ներկա նախագահի հետ։ Եթե այս կոալիցիան պահպանվի, նախագահական ընտրություններում նրա դեմ շատ դժվար կլինի պայքարել։
Միաժամանակ Իրանի արտաքին քաղաքականության մեջ տեղի է ունենում գաղափարական նախապատվությունների որոշակի մեղմացում։ Ներկա իրանական ղեկավարությունն իր քաղաքականությունը կառուցում է այն փոփոխությունների վրա, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, և իրանական կողմը պատրաստ է ամենահամարձակ նախաձեռնությունների։ Ընդ որում, կա ոչ անհիմն տպավորություն, որ Իրանի քաղաքական ղեկավարությունն այդ ամենն արդեն իսկ անում է բոլորովին էլ ոչ քարոզչական հարթության մեջ, այլ փորձում է իսկապես չեզոքացնել ԱՄՆ-ից ու Իսրայելից եկող վտանգը։ Ներկա տնտեսական պայմաններում ոչ մի պետություն չի կարող հուսալ, թե կունենա դրական արդյունքներ ու ձեռքբերումներ` միաժամանակ գտնվելով հակադրության մեջ։ Այս իրողությունն իր հերթին կարող է հանգեցնել Իրանի արտաքին քաղաքականության սպեկտրի ընդլայնման։ Ըստ էության, գլխավոր հարցը կամ համաշխարհային քաղաքականության գլխավոր ինտրիգն Իրանի հետ կապված այն էր, թե որքանով Թեհրանը կարող է հրաժարվել ատոմային ծրագրի իրագործումից` փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ։ Ամբողջ հարցն էլ հենց այդ է, թե ինչպիսին են լինելու այդ երաշխիքները։ Հավանաբար, դա հնարավոր է միայն ԱՄՆ-ի և Իրանի, ինչպես նաև Իրանի ու միջազգային միջուկային ակումբի անդամ մյուս երկրների միջև համապատասխան պայմանագրերի ստորագրման ձևով։ Իհարկե, սա շատ բարդ կոնֆիգուրացիա է, և հազիվ թե Իրանը համաձայնություն տա այդպիսի պայմաններով արագ հանգուցալուծման։ Թեկուզ պետք է նկատի ունենալ, որ Մահմուդ Ահմադինեժադն արտաքին քաղաքականության մեջ շատ իրադարձությունների միջով անցավ և ձեռք բերեց ահռելի քաղաքական փորձ։ Հնարավոր է, որ սկսվի նոր խաղ ԱՄՆ-Եվրոպա-Իրան սխեմայով` Ռուսաստանի ու Չինաստանի որոշակի ազդեցությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2940

Մեկնաբանություններ