Սասուն Դանիելյանը 10 տարի է ծառայում է ՊԲ-ի տարբեր զորամասերում՝ Մարտակերտում, Մատաղիսում, արդեն 6 ամիս էլ` «Եղնիկներում» է։ 2016-ին ծառայակիցների հետ մարտական խնդիրը պատվով են կատարել ու հրաշքով ողջ մնացել։ Արցախում սկսված այս պատերազմի ժամանակ էլ Աստված հրաշքով փրկեց Սասունին. հոկտեմբերի 28-ին, կորցնելով ընկերներին, կորցնելով ոտքերը, ցուցաբերելով հզոր կամքի ուժ և վճռականություն, նա կարողացավ ձեռքի մարտական դանակի օգնությամբ դուրս գալ մարտադաշտից` մինչև շտապ օգնության մեքենան հասավ և տեղափոխեց մոտակա հոսպիտալ։
Քաջորդին այժմ ապաքինվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Երկու ոտքը կորցնելու փաստը Սասունին այնքան չի ընկճում, որքան ընկերների կորուստը։
Իմ գործընկեր Լուսինե Զաքարյանից տեղեկացա, որ Սասունն ամուսնացած չէ, նրա 3 եղբայրները զինվորականներ են և մարտադաշտում են, իսկ հայրը մեկ տարի առաջ է զորացրվել։
«Ամեն անգամ, երբ մարտական դիրքեր էի այցելում, միշտ զարմանում էի մեր տղաների մարտունակությամբ, ու եթե անուններով մոռանում էի, ապա դեմքով գրեթե հիշում էի բոլորին։ Մատաղիսի դիրքերում հաճախ էի տեսնում ներքինհոռաթաղցի Սասունին»,- ասում է Լուսինե Զաքարյանը։
Փա՛ռք Հայրենիքի իրական պաշտպաններին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ