Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն՝ գրել է Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն իր թելեգրամյան ալիքում:
«Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա Էրդողանը խոստացել է Ուկրաինայի հետ «աջակցել Ղրիմի թաթարներին», Էրդողանն իր օրակարգն ունի: Ոչ մի «միության» մասին խոսք անգամ լինել չի կարող»,- գրել է սենատորը: Նրա հետ համակարծիք է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: Նա նշել է, որ Էրդողանի խոսքերը «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու» մասին, ներառյալ Ղրիմը, ոչ մի կերպ չեն ազդի՝ տվյալ շրջանը Ռուսաստանի մաս է: Չեպան ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի հենց նման հայտարարություններն են ցուցադրում նրա՝ Ռուսաստանի գործընկեր լինելու «հուսալիությունը»: Նրա կարծիքով, Էրդողանի դիրքորոշումը սպառնալիք չէ Ռուսաստանի համար և թելադրված է ակնթարթային նկատառումներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին: Թուրքական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին՝ պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Զելենսկիի խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցել Ղրիմի ապաշրջափակման հարթակին, և Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր բանակցային ձևաչափին: «Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին: Հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահն այցով գտնվել է Թուրքիայում: Նա բանակցություններ է ունեցել Էրդողանի հետ, որոնց արդյունքների հիման վրա Կիևի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր է ստորագրվել: