Առավոտյան զարթուցիչի փոխարեն արկը խոսեց: Եկել էր մեր հետևից, բայց չէինք գնում: Մեկ րոպե հետո արդեն դրսում էի ապաստան փնտրում: Հեռուն ծածկվել էր մուգ ծխով, էլ տան վարագույրները ոչնչի պետք չէին: Ապաստարան տանող ճանապարհին շուրթերս աղոթում էին մի նոր լույսի սպասումով: Լույսն ուշանում է:
Սպասում եմ ու աղոթում, կարոտում եմ ու աղոթում: Արևը համրանում է իմ կարոտի մեջ, աղոթքս հասնում է Գանձասար: Նրան հրթիռներն են հետևում: Էլ չեմ խոսում ոչնչի մասին, կարոտս խաղաղություն է ուզում, կարոտս էլի է հեռանում:
Կրկնում եմ ասածս բառերը, որովհետև էլ ուրիշ բան չկա ասելու: Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ հայրենիքի հետ է կապված: Բոլորը ծնվեցին հայրենիքում, և վերջում հայրենիքը նրանց կարոտեց... Նրանք այստեղ են:
Մի քիչ էլ եմ սպասում...
Ծաղիկներս ջրեք, ձգվում է ամեն ինչ, չչորանան։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ