Այս օրերին կրկին համոզվում ենք, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Յուրաքանչյուր զինվոր ու սպա՝ ռազմավարական գիտելիքներով զինված, հայրենիքի առաջնագծում է կանգնած՝ անգամ պատրաստ լինելով սեփական անձը զոհելու հանուն հայրենիքի ու հայրենակիցների: Նրանց յուրաքանչյուրին ուղեկցում է հայրենապաշտության գաղափարը: Այսօր սահմանը հսկող յուրաքանչյուր զինվոր հերոս է՝ իր կերպարով, քաջագործություններով և սուրբ գործին նվիրված լինելով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին պաշտպանության բանակի հինգ զինծառայողների շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:
Դավիթ Լյովայի Գրիգորյան. սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ հասցրել է Կարախամբիլիի և Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և հետևակի 1 մարտական մեքենա: Դավիթը շարունակում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։
Թալիշի ուղղությամբ Էդգար Էդվարդի Մարկոսյանը խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
Կարախամբիլիի և Ֆիզուլիի հատվածում 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա է խոցել Յուրա Հայկարամի Ալավերդյանը։
Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը կազմակերպել է հակառակորդի դեմ բազմատանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով մեծ կորուստներ:
Դավիթ Վանիկի Ղազարյանը պարգևատրվել հետմահու: Նա վարել է մարտը «ոչ մի քայլ հետ» սկզբունքով:
Նախագահ Հարությունյանը վստահեցնում է, որ հերոսներին գնահատելու աշխատանքը կոչումներով չի սահմանափակվելու:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացել էր լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը: Նախագահ Հարությունյանն ասում է, որ այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով անձամբ Կարեն Ջալավյանի և նրա գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանը հոկտեմբերի 12-ին Արցախի նախագահի հրամանով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ Նախագահն իր գրառման մեջ նշել է, որ Արմենի հետ ծանոթացել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ