«Մեր ժողովուրդը պետք է հստակ իմանա՝ ադրբեջանցու հետ խաղաղության կամ համակեցության մասին խոսելն անիմաստ է»
12.10.2020 | 23:46
Իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ, որն այս օրերին հետևում է ադրբեջանական լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումներին ու գրառումներին, եզրահանգել է` ադրբեջանցիները հումանիտար հրադադարին դժգոհությամբ են վերաբերվում: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ դա պայմանավորված է ադրբեջանական կեղծ քարոզչությամբ, թե իբր Արցախում քաղաքներ ու գյուղեր են կարողացել գրավել, և եթե շարունակվի նույն հռետորաբանությունը, դժգոհությունն ավելի խորանալու է:
-Ադրբեջանցիների մեկնաբանությունները մոտավորապես այսպիսի բովանդակություն ունեն,- հավելում է իրանագետը.- ռազմագերիների ու դիակների ի՞նչ փոխանակման մասին է խոսքը, եթե մեզ ասել են, որ ադրբեջանական բանակը նոր տարածքներ է վերցրել, հայկական կողմն էլ առաջխաղացում չունի: Եթե մենք ենք եղել առաջ գնացողը` եզրակացնում են ադրբեջանցիները, ուրեմն ոչ թե մեր, այլ հայերի դիակներ պետք է մեր տարածքում գտնվեն, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է փոխանակման պատրվակով դադարեցվեն ռազմական գործողությունները: Այս առումով մեր հարևան երկրում բավական սուր տրամադրություններ են, որոնք այս պահին Ալիևի օգտին չեն:
-Այսինքն՝ հումանիտար հրադադարը կարող է ճակատագրակա՞ն լինել Ալիևի իշխանության համար:
-Մարդիկ համարում են, որ հումանիտար հրադադարը հայկական կողմի օգտին է, որն առաջնագծում կենտրոնացնելու է նոր ուժեր և նոր պարտություններ է պարտադրելու ադրբեջանական բանակին: Կարծում եմ՝ հումանիտար հրադադարը վտանգներ է պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլև մեզ համար, քանի որ գործ ենք ունենալու շատ ավելի ռադիկալ հասարակության հետ: Իսկ եթե Ադրբեջանում իշխանություն փոխվի, ապա կառավարման ղեկը ստանձնելու են թուրքամետ տրամադրություններով աչքի ընկնող ուժերը: Առհասարակ, ադրբեջանական հասարակության գերակշիռ մասն այսօր թուրքական քարոզչության տակ է: Ակնհայտ է՝ թուրքական ազդեցությունն Ադրբեջանում մեծացել է, ավելացել են թուրքամետ տրամադրությունները, և այս իրողության հետ պետք է հաշվի նստել:
-Եթե ադրբեջանական հասարակությունն անգամ հումանիտար հրադադարի հետ հաշտ չէ, զինադադա՞րն ինչպես է ընդունելու:
-Բնականաբար, այն քարոզչությունը, որ հրամցվում է ադրբեջանական հասարակությանը, առանցքային թեզի հիման վրա է կառուցված՝ ամեն ինչ պատերազմի համար, ամեն ինչ Ղարաբաղի համար: Այս իրավիճակում Ալիևը հակված չէ ռազմական գործողությունների դադարեցման հստակ իմանալով, թե դա ինչ հետևանքներ է ունենալու իր իշխանության համար:
-Այս օրերին, ընդհանուր առմամբ, ի՞նչ տրամադրություն էր տիրում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ու տեղեկատվական հարթակներում:
-Բացի ծայրահեղ հակահայկական քարոզից, նաև հակաիրանական ու հակառուսական քարոզներ էին նկատվում: Իրանը ներկայացվում էր որպես Հայաստանի հովանավոր, Ռուսաստանը՝ գլխավոր դաշնակից: Այս օրերին հատկապես նկատում ենք՝ ինչքան ատելություն կա կուտակված այդ երկրում, երկարաժամկետ խաղաղությունից ու, առհասարակ, ժողովուրդների համակեցությունից ինչքան են հեռու մեր «հարևանները»: Եվ դա հետևանք է երկու տասնամյակից ավելի տարվող շատ կոնկրետ քարոզչության, դասագրքերով ներդրված հայատյացության և այլն: Այս առումով, առաջին հերթին, մենք լուրջ անելիքներ ունենք, որովհետև հայաստանյան իրականության մեջ էլ կան ու կգտնվեն մարդիկ, որ խոսել ու խոսում են խաղաղությունից ու դրա կարևորությունից: Բայց երբ տեսնում ես՝ ինչպիսին է հարևան հասարակությունը, ինչպես են դաստիարակվում ադրբեջանցի երեխաները, խաղաղությունից խոսելն ուղղակի անմիաստ է դառնում: Մեր ժողովուրդը պետք է հստակ իմանա, որ ադրբեջանական հասարակության հետ խաղաղության կամ համակեցության մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Ադրբեջանական կողմից տարածվող տեսահոլովակներում ու ուղերձներում հստակ հնչում է հետևյալը. «Ոչ մի հայ Ղարաբաղի հողում չպետք է մնա։ Զանգեզուրը մերն է։ Երևանը մերն է։ Ամբողջությամբ պետք է վերցնենք մեր հողերը»: Բայց հիմնական վտանգն այն հռետորաբանության մեջ է, թե «Թուրքիա հասնելու համար ինչու՞ պետք է երկրորդ, երրորդ երկրի տարածքով անցնենք, ինչու՞ պետք է ցամաքային ուղիղ կապ չունենանք Թուրքիայի հետ»: Ակնհայտ է, որ ռազմական այս գործողությունների վերջնանպատակը Թուրքիայի հետ ցամաքային կապի ապահովումն էր, ինչը նրանց չհաջողվեց ու չի հաջողվի:
Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ