ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայ էթնո պասսիոնարիզմն ու ժամանակակից քաղաքակրթության տրանսֆորմացիան

Հայ էթնո պասսիոնարիզմն ու ժամանակակից քաղաքակրթության տրանսֆորմացիան
21.04.2009 | 00:00

Հատուկ «Իրավունքը de facto»-ի համար
Զի ճշմարտապես մեծ է ավելի այն զորությունը,
Որ հնացածը նորոգում է դարձյալ իր առաջին պայծառությամբ,
Քան թե այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում։
Ելի՛ր ուրեմն, փառավորվելու, բարեգործ,
Կրկին ստեղծելով ինձ, որ հույսս կտրել եմ փրկությունից։
ՆԱՐԵԿԱՑԻ

Անհիշելի ժամանակներից սկիզբ առած ու դեպի հավերժություն ընթացող հայոց ոգեղենության ու մարմնեղության արարչական խորհուրդն ու երկրային առաքելությունը միայն և միայն ազգային պատմաօրգանական, ազգային հոգեբանության, գաղափարաբանության ու աշխարհայացքի մեկ ամբողջական ժառանգականության արտացոլանքն են։ Որպես ազգային էթնոգենեզ, նրա գենետիկական կոդերը հազարամյակների ընթացքում, ժառանգականության սկզբունքով շարունակաբար փոխանցվելով սերնդեսերունդ, հանդիսացել են փրկության ու վերածննդի, գոյատևման ու ճակատագրի, ոգու և լույսի, հավատի և կյանքի մեկ ամբողջ հավաքականություն։ Այն դրսևորվել է մի կողմից` տիեզերական, ոգեղեն ու կրոնական արժեհամակարգերի, մյուս կողմից` երկրային քաղաքական, սոցիալական, մշակութային քաղաքակրթությունների հավասարազոր զուգորդմամբ, միևնույն ժամանակ հանդիսանալով ազգային տրադիցիոնալիզմի ակունքն ու էթնո պասսիոնարիզմի ինֆորմացիոն էներգիայի միջուկը։
Հայ ազգային տրադիցիոնալիզմը խորհրդանշական է դարերի խորքից եկող տալասսոկրատական (ծովատիրական) և տելուրոկրատական (ցամաքատիրական) ուժերի միջև ընթացող պատերազմների, արիական ու սեմական հակասությունների ու հակամարտությունների` հայ-սեմական ոգիների աստվածահաճո գոտեմարտերով, ուր հայոց ոգու զորության, անսասան հավատի սպեցիֆիկ առանձնահատկությունների մեջ մինչքրիստոնեական և հետքրիստոնեական ժամանակաշրջանները հատկանշվել են միայն ու միայն կենդանի Աստծո պաշտամունքով, տիեզերական զորությունների ճանաչողությամբ ու բացառիկ տիրապետումով։ Հայ ժողովրդի գոյապահպանման հերոսական պայքարների սկզբնական էներգետիկական իմպուլսը միշտ էլ հանդիսացել է ազգային տրադիցիոնալիզմը։ Այն ներկայացնում է ազգային ոգու վերականգնման հասարակական նշանակության պրեցեդենտներ, միևնույն ժամանակ իր մեջ զուգորդաբար համակարգելով կոնսերվատիվ հեղափոխության գլխավոր տարրերը։
Հայ ազգային պասսիոնարիզմը ձևավորվել է միայն ու միայն Արիան հայերի հայրենիքը համարվող Հայկական բարձրավանդակի իր բնական թեքություններով ամբողջացված աշխարհագրական տարածքում, ուր և կենտրոնացված է հայերի ոգեղեն և նյութեղեն, պատմաօրգանական և էթնո-մշակութային, տրադիցիոնալիզմի և արարչականության ակն ու ակունքը։
Ըստ ռուս գիտնական Լ. Ն. Գումիլյովի, էթնոգենեզը բացատրվում է այս կամ այն էթնոսի պատմական ակտիվության բռնկման և նույնպես էլ էթնոսի առաջացման ու զարգացման «տիեզերական կարծր ճառագայթման» ազդեցության բանաձևումով։ Հատկանշական են բնական երեք տեսակի էներգիայի այն աղբյուրները, որոնք ունեն ազդեցություն կենսոլորտի վրա։ Դրանք են արեգակնային ջերմային ճառագայթները, որոնք կենդանական աշխարհն ընդունում է այնքան, որքան հարկավոր է։ Տիեզերական կարծր ճառագայթները համարվում են պասսիոնարիզմի ցնցման պատճառները։ Եվ ռադիոակտիվ ճառագայթների էներգիան, որը երկրի ընդերքի ազդեցությունն է կենդանական աշխարհի վրա։ Ըստ գիտնականի, ժամանակակից կոնսերվատիվ հեղափոխությունը, որպես աշխարհայացք և միևնույն ժամանակ որպես քաղաքական շարժում, իր էությամբ արտացոլում է ոչ միայն հասարակության մեջ որոշակի քաղաքակրթական պարադիգմի գոյությունը, տրադիցիոնալ հայացքների դոմինացիան, պատմական և սոցիալական որոշակի պայմանները, այլև լիբերալ սոցիոլոգիան անվանում է «սոցիալական էներգետիկա», այն է` հանրային լարվածություն, սոցիալային պոտենցիալ, ծայրահեղություն և այլն, որն էլ ի սկզբանե Լ. Գումիլյովն անվանակոչեց պասսիոնարիզմ։
Որպես ընդունված կանոն, Տիեզերքը ռացիոնալ է և մերժում է ցանկացած կրկնություն։ Ազգի էությունն իր ձևերի բազմազանության մեջ մեկ ամբողջություն է, և նրա յուրաքանչյուր տարրը եզակի է և անկրկնելի։ Յուրաքանչյուր տարր, իր առաքելությանը համապատասխան, օժտված է ուրույն և անկրկնելի ինֆորմացիոն պարամետրերով, որից էլ բխում է նրա խիստ զանազանելիությունը մնացած բոլոր տարրերից։ Տարրի ինֆորմացիոն պարամետրերը որոշված են Տիեզերքի ակտիվ կամ պասիվ զարգացման չափով և աստիճանով։ Նույնպես էլ յուրաքանչյուր ազգ իր տեսակի մեջ եզակի է և ունի իրեն տրված առաքելությունն ու նախանշված ուղին, իր աշխարհընկալումն ու աշխարհայացքի արտահայտման խորհրդանիշների սեփական համակարգը։
Համաշխարհային հասարակությունը, որպես ազգերի բազմամիասնություն, աստիճանաբար բացարձակացնելով ռացիոնալիզմը և նրա ածանցը կազմող լիբերալիզմն ու անհատապաշտությունը, պահպանելով կրոնական, ոգեղեն կեցվածքի միայն արտաքին երևութականությունը, իրենց պետական և հասարակական կարգերը կառուցեցին միայն շահավետության և նյութապաշտության սկզբունքների հիման վրա, անտեսելով ոգեղեն խիստ կենսական արժեհամակարգերը, որոնք ի սկզբանե արտացոլվում էին անխտիր բոլոր ազգերի ու էթնո խմբերի աշխարհընկալման մեջ։ Լիբերալիզմի ու անհատապաշտության արդյունքում ձեռք բերված տնտեսական, գիտատեխնիկական և ռազմական թվացյալ հզորությունների հաջողությունները, ընդունվելով որպես միակ, արդի և պարտադիր ուղղություններ, տարածվեցին աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների վրա, գլոբալիզացիայի ենթարկելով ազգերի ներդաշնակ բազմամիասնությունը։ Միատեսականության ձգտող այս նոր համակարգը, որը մի նոր աշխարհակարգ հաստատելու ուղղվածություն ունի, այլևս կանգ է առել քաղաքակրթական և գաղափարաբանական ադապտացիայի առջև։
Ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության սրընթաց անկումը, քաղաքական, գաղափարաբանական ու սոցիալական առկա ճգնաժամը, որը, սակայն, պայմանավորվում է նաև հատկապես տրադիցիոնալ արժեքային համակարգերի պահպանման դեմ գաղափարաքաղաքական սուր հարձակումներով, առաջացրեց հակազդեցություն ու դիմակայման անհրաժեշտ բնական նախադրյալներ։ Տարբեր ժողովուրդների, ազգերի և էթնո խմբերի ներդաշնակ բազմամիասնությունը խախտվեց, խաթարելով նաև շրջակա միջավայրի` բնության, երկրային և տիեզերական էներգիայի փոխադարձ կապը։ Վերջին 200 տարիների ընթացքում մարդկության համընդհանուր զարգացումը, ընկերաքաղաքական, գիտատեխնիկական և այլ ոլորտների կարծեցյալ առաջընթացով, ինչը հատկանշվեց որպես «առաջադեմ քաղաքակրթություն», բացարձակապես կատարել է աննախադեպ հետընթաց, սկիզբ դնելով նյութը ոգուց, երկրայինը տիեզերականից տարանջատելու, ինֆորմացիայի և նյութի փոխակերպման բնականոն ընթացքի խաթարմանը, որը քաղաքակրթության գոյության համար այլևս աղետալի գործընթաց է։
Երկրի նման զարգացումները, որոնք բերում են հին քաղաքակրթությունների կործանմանն ու փոխարենը նոր քաղաքակրթությունների առաջացմանը, միայն արտացոլանքն են պատմատիեզերական հզորագույն մի մեծ ցիկլի մարման և փոխարենը մի նոր բռնկման սկզբնավորումի։ Հայկական լեռնաշխարհը, դիտվելով որպես Երկրի կենտրոն, որպես տիեզերական և երկրային էներգիայի փոխադարձ կապի կենտրոն, իր հերթին ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ հանգչում է տիեզերական հզորագույն ցիկլը։ Հայ ազգային պասսիոնարիզմն իր ակտիվության գագաթնակետին կարող է հասնել, երբ Հայկական բարձրավանդակի վրա վերահամախմբված հայության վերջին մնացորդներն իրենցից դուրս կվանեն ժամանակակից քաղաքակրթության նյութապաշտության չաստվածությունը և զավակների հառած հայացքները կուղղեն դեպի նախնյաց` դեպի ցեղային արմատները։ Այնտեղ է, որ պիտի հայը պեղի, այնտեղից է, որ հայը պիտի կառուցի իր ազգային աստվածահաճ պետության դրախտը։ Արիան հայերին և հայկական ազգային պետականությանն է միայն նախասահմանված ոչնչացվող ժամանակակից քաղաքակրթության Կենաց ծառը լինելու։ Մենք չունենք այլևս այլընտրանք, քան կոչվելու մեր սրբագույն առաքելությանը, դառնալով մի նոր Նոյ-յան տապան` չաստվածության ճիրանների մեջ մրափած հարուստ ու նյութապաշտ քաղաքակրթության համար։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ «Դրո» գործով մահապատժի դատապարտված
20 մարտի, 2009 թ.

Դիտվել է՝ 5524

Մեկնաբանություններ