Ներկայում մի գլոբալ տենդենց կա՝ արտահայտվել ցանկացած երևույթի և ամեն ինչի մասին միայն պոզիտիվի մեջ։
Վերջերս կարդում էի Քեմբրիջի համալսարանի մի դասախոսի հոդվածը կրթական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։ Հոդվածում մեծ տեղ է հատկացված այն հարցին, թե ինչպես է կեղծ պոզիտիվիզմը ազդում կրթական որակի անկման վրա և ուսանողներին տանում դեպի ինֆանտիլիզմ։
Պոզիտիվիզմի կողմնակիցները պնդում են, որ թեկուզ ամենավատ բանի մասին դրական արտահայտվելը մարդուն մոտիվացնելու է դեպի դրական փոփոխություն։ Բայց, ըստ էության, տեղի է ունենում խնդրի բարձրաձայնման և առողջ քննադատության փոխարինումը բութ գովաբանությամբ։
Մեր հասարակության մի մասը սուպեր պոզիտիվիզմի մեջ է, իսկ մյուսը՝ սուպեր նեգատիվիզմի։ Երկուսն էլ ոչ մի լավ տեղ չեն տանում։ Մենք պետք է սովորենք խնդիր բարձրաձայնել, այլ ոչ թե ծածկադմբոց անել կամ լաց ու կոց դնել։
Ցանկացած խնդրի լուծում սկսվում է դրա մասին բարձրաձայնելու համարձակությունից։
Սուպեր պոզիտիվիզմը հատկապես ՏՏ ներկայացուցիչներն են սիրում: Էն օրը մի սփյուռքահայ կարկառուն գերպոզիտիվի մեջ պատմում էր հայկական ՏՏ-ի մասին։ Լսում ու մտածում եմ՝ կարող է՞ էս մարդը ոչ թե ՏՏ-ի, այլ երևանյան սրճարանների մասին է պատմում։
Վահրամ Մարտիրոսյան