«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ. Հայաստանյան եթերի մազոխիստական վարժանքներից

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ. Հայաստանյան եթերի մազոխիստական վարժանքներից
05.02.2014 | 16:45

Հայոց նորանկախ պետության առաջին տարիներին որոշ նորաթուխ հեռուստահաղորդավարներ, միգուցե խոսքի աննախադեպ ազատության հնարավորությունից «արբած», չգտան մեկ այլ նյութ, քան հայերենը միտումնավոր աղավաղելը: Խոսում էին փողոցի լեզվով, իրենց խոսքի մեջ խցկում ռուսերեն, թուրքերեն, անգլերեն առանձին բառեր և արտահայտություններ, մոգոնում ծաղրաբառեր (չհիշատակենք դրանք), զավեշտաբար հնչեցնում հայերենը և այլն:
Ամենաբարյացակամ վերաբերմունքի դեպքում անգամ եթերային հայերենի այս տեսակը չէր կարող ընկալվել որպես հայերենն աղավաղողների վարքի ծանակում, եթե անգամ հեղինակները փորձեին այդկերպ արդարանալ: Հակառակն էր կատարվում. աղավաղված հայերենը հանրայնորեն ամրագրվում էր, ընդօրինակվում, իսկ ամենացավալին այն էր, որ սկսեց հայտնվել մանուկների բերանում:
Այս շրջանը, բարեբախտաբար, անցավ: Բայց, ինչպես ամեն հիվանդություն, սա էլ սեփական լեզուն ծաղրելու, մազոխիստաբար ինքնանվաստանալու վարակը երբեմն վերադառնում է: Եվ ահա լեզվական ինքնաստորացման այս վարակը 2013 թ. վերջին հայտնվել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, լիովին պատել «Անտիվիրուս» հաղորդման երիտասարդ հաղորդավարին: Երևի տողերիս հեղինակի և տվյալ հեռուստաընկերության ղեկավարության ճաշակն ու հումորի զգացումը շատ են տարբերվում, բայց անգամ այդ դեպքում, ինչպե՞ս են նրանք հանդուրժում լեզվական զազրախոսությունը. իսկապես զավեշտակա՞ն, իսկապես անզուգական, գտնվա՞ծ հնարք է հաղորդումը մշտապես սկսել «Ես հայերեն վաաբչե չգիտեմ» մուտքով:
«Շանթ» հեռուստաընկերության «Վիտամին» հաղորդաշարն էլ վարակազերծման կարիք ունի: Ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ մի հաղորդման մեջ (2014 թ., փետրվարի 4) հաղորդավարը դահլիճին է դիմում. «Ով գիտի՝ ո՞նց ա «Прыжки на лыжах с трамплина» սպորտաձևի հայերեն անվանումը»: Լռություն է, պատասխան չկա: Չգիտեք ինչու, ծիծաղում են: «Շատ հեշտ անվանում է, –շարունակում է վիտամինականը,– ասեմ՝ դուք էլ իմացեք»: Հետո, իբր դժվարությամբ, գրպանից հանում է մի թերթիկ և ընթերցում՝ «Ոտնահարթակից դահուկացատք»: Դարձյալ հռհռոց: (Ինչի՞ վրա, հայ ժողովուրդ, հայոց աստվածային լեզվի անարժան ժառանգներ: Ռուսերենն ինչո՞ւ այդպես դարձավ ձեզ հարազատ ու սիրելի:) Հաղորդավարը դեռ մոլեգնում է. «Շատ իձյալական թարգմանություն է: Ճիշտ ա, ես չգիտեմ՝ էս երկու բառից որն ա լիժան, որըª տռամպլինը»: Դարձյալ խանդավառ ծափողջույններ:
Հնարավո՞ր է եթերում զավեշտաբանել առանց լեզվական գռեհկաբանության և հենց լեզուն զերծ պահելով զազրախոսական վարժանքներից: Հնարավոր է, և արվում է: Խորհուրդ կտայինք «Կենտրոնի» և «Շանթի» պատասխանատուներին մեկ անգամ գոնե դիտել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմկոմեդի» հաղորդումը. դարձյալ երիտասարդ հեղինակներ են, բայց առարկայորեն ապացուցում են, որ կարելի է ամեն ինչից զավեշտաբար խոսել, փայլուն կերպով սրամտել, բայց ո´չ հայերենը ծաղրելով, ո´չ գռեհկաբար, այլ ընդհակառակը, ընտիր, առինքնող լեզվով:
Վերջապես, ռուսական զավեշտական որևէ հաղորդման ընթացքում մենք չենք տեսնում սեփական լեզվի ստորացման նման երևույթ: Մի՞թե, իրոք, ինչպես մեզ առանձնապես չսիրող ազգի մի ներկայացուցիչ էր բնութագրել, հայերս մազոխիստ ազգ ենք: Համենայն դեպս, հայոց լեզվի, մեր ինքնության հիմքերի հիմքի հրապարակային միտումնավոր աղավաղման փաստը երկու եզրակացության է հանգեցնում. կամ մենք, իսկապես, մազոխիստ ենք (ինքներս մեզ ցավ ենք պատճառում և դրանից հաճույք ստանում), կամ էլ, անգիտակցաբար, օտարի ջրաղացին ջուր ենք լցնում, խոցելի դարձնում մեր ազգային անվտանգությունը:
Միով բանիվ՝ լեզվի ծանակումը պիտի բացառվի հա¬յաստանյան եթերից, իսկ մեղավորները պիտի պատժվեն: Երկիր և պետություն կորցնում են նաև այսպես՝ լեզվական անհոգությամբ, երբ, մի կողմից՝ անգլերենն է ներխուժում հայոց լեզվամշակութային անդաստան, ռուսերենն էլ՝ վրադիր ձգտում է վերականգնել նախկին տերունական լեզվի իր կարգավիճակը, մյուս կողմից՝ ինքներս ենք ոտնատակ տալիս մեր մեծագույն արժեքը, հանդուրժում հայոց ոսկեղենիկի եթերային բռնաբարումը:

Դիտվել է՝ 6714

Մեկնաբանություններ