ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հայաստանը չպետք է անհիմն զիջումների հակվածություն ցուցաբերի»

«Հայաստանը չպետք է անհիմն զիջումների հակվածություն ցուցաբերի»
31.10.2008 | 00:00

«ԱՌԱՅԺՄ ԼԻՈՎԻՆ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԱՅՍՕՐ ԻՆՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ԴՐՎԱԾ ՍԵՂԱՆԻՆ»
Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ
-Պարոն Բազեյան, ԶԼՄ-ներով բազմիցս նշվել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջ քաշված առաջարկները գնալով ավելի ոչ հայանպաստ բնույթ են ստանում։ Ձեր մեկնաբանությունը կամ կարծիքն այս հարցի շուրջ։
-Անցած 15 տարիների ընթացքում երբևէ չի եղել հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ, որ միանշանակ հայանպաստ լիներ։ Բայց միաժամանակ փաստ է, որ գրեթե միշտ Ադրբեջանն է մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկները։ Միայն մի դեպքում է Բաքուն համաձայնություն տվել, դա 1997-ին ներկայացված կարգավորման փուլային տարբերակն էր, որին համամիտ էր նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բոլորս հիշում ենք, թե դա ինչ զարգացումների և հետևանքների հանգեցրեց։
Կարծում եմ, հիմա էլ պետք չէ համանախագահներից ակնկալել հայկական կողմի համար լիովին ընդունելի առաջարկ։ Միևնույն ժամանակ այս մթնոլորտում շարունակ շեշտադրվող արագ լուծման մասին ենթադրությունները ես իրատեսական չեմ համարում։ Որովհետև ասպարեզի վրա քննարկվող բոլոր տարբերակներում դարձյալ խոսվում է հակամարտության հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացման մասին։
-Շատերի կարծիքով՝ ասպարեզում շրջանառվող առաջարկությունները չեն տարբերվում 1997-ի փուլային տարբերակից։
-Առայժմ լիովին պարզ չէ, թե այսօր ինչ փաստաթուղթ է դրված սեղանին։ Ընդամենը Սերժ Սարգսյանը խոսել է մի քանի սկզբունքների մասին, որոնց Հայաստանը կարող է համաձայնություն տալ։ Այն, ինչ ներկայացվում է լրատվամիջոցներով, իսկապես նմանվում է 1997-ի փուլային տարբերակին և կարծես ենթադրում է ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ առանց ԼՂՀ-ի կարգավիճակի հստակեցման։ Մինչդեռ մենք պետք է շարունակենք շեշտադրել և հիմնավորել, որ հակամարտության պատճառն Արցախի անբնական կարգավիճակն էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, և սա նոր հակամարտություն չէ։ Պարզապես Արցախի հայության իրավացի դժգոհությունը սառեցված էր ԽՍՀՄ ճնշիչ մեքենայի միջոցով։ Բայց երբ ԽՍՀՄ-ում սկսվեցին ապակենտրոնացման գործընթացներ, սառեցված հակամարտությունը վերածվեց բացահայտ կոնֆլիկտի, և Ադրբեջանը փորձեց այն լուծել պատերազմի միջոցով։ Մնացած ամեն ինչը՝ փախստականներ, կոմունիկացիոն շրջափակում և այլն, այդ հակամարտության հետևանքներն են։ Հետևապես մեր դիրքորոշումը պետք է լինի այն, որ վերացվի կոնֆլիկտի պատճառը, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը ճանաչի Ադրբեջանը և միջազգային հանրությունը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի հետևանքները հաղթահարել։
Միջազգային պրակտիկան էլ ցույց է տալիս, որ մեծ մասամբ ազգամիջյան հակամարտությունները կարգավորվում են, երբ հարգվում է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Օրինակ կարող են ծառայել Էրիթրեան, Արևելյան Թիմորը, Հարավսլավիայի փլուզման արդյունքում ձևավորված պետությունները։ Եվ հակառակը, նույնիսկ բարեկեցիկ երկրներում չլուծված ազգամիջյան խնդիրները վերածվում են անգամ ահաբեկչական դրսևորումների, և դրա օրինակներն են Բասկոնիան՝ Իսպանիայում, Հյուսիսային Իռլանդիան՝ Մեծ Բրիտանիայում։
-Սակայն Մինսկի խմբին արդեն 15 տարի չի հաջողվում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրական մեխանիզմը։
-Որովհետև Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, բայց Արցախը, նրա իշխանություններն անմիջապես ներկայացված չեն բանակցային գործընթացում։ Միջազգային հանրությանը պետք է բացատրվի, որ հնարավոր չէ Արցախի հայությանը համոզել վերադառնալ Ադրբեջանի կազմ։ Այդ վիճակը կար մինչև 1988-ը, հետևապես խնդիրը չի լուծվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների անմիջական կողմ չէ։
-Համաձա՞յն եք այն պնդումներին, թե հատկապես Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության պատճառով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից։
-Ճիշտն ասած, չեմ հիշում, թե կոնկրետ որ շրջանից ԼՂՀ-ի անմիջական մասնակցությունը դադարեցվեց։ Սակայն չմոռանանք, որ Ադրբեջանը միշտ էլ դեմ է եղել ԼՂՀ մասնակցությանը և փորձել է միայն Հայաստանը բանակցությունների կողմ դիտարկելով՝ աշխարհում հայկական ագրեսիայի զոհի կերպար ստեղծել։ Ճիշտ է, անցած տարիներին ԼՂՀ-ն թեկուզ ոչ անմիջականորեն, շարունակում է մասնակցել բանակցային գործընթացին, որովհետև համանախագահներն այցելում են Ստեփանակերտ, շփվում Արցախի ղեկավարության հետ։ Մեր խնդիրը պետք է լինի միջնորդներին համոզել, որ նրանք իրենց հերթին ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի ԼՂՀ-ի` իբրև բանակցությունների անմիջական մասնակցի կարգավիճակը վերականգնվի։ Հակառակ դեպքում արդյունք ակնկալելն անիմաստ է։ Անցած ժամանակահատվածում ինչ լուծում ասես չի առաջարկվել. փուլային, փաթեթային, Գոբլի պլանի՝ տարածքների փոխանակման տարբերակ, պրահյան սկզբունքներ, մադրիդյան սկզբունքներ։ Ոչինչ չի ստացվի. քանի դեռ Արցախը բանակցությունների լիարժեք կողմ չէ, իրական լուծում գտնելն անհնարին է։
-Ադրբեջանում լուծում են համարում պատերազմի վերսկսումը։
-Այդ սպառնալիքը միշտ էլ օգտագործվում է։ Բայց մի անգամ պատերազմ եղել է՝ ինչի՞ են հասել։ Ենթադրենք` պատերազմ եղավ, ու Ադրբեջանը հասավ ինչ-որ հաջողությունների, մենք համակերպվելո՞ւ ենք դրա հետ։ Պարզ է, որ ոչ։ Բացի այդ, բանակցային գործընթացում Բաքվի կողմից իրական փոխզիջումների պատրաստակամություն չկա։ Այսօր ասպարեզի վրա եղած փաստաթղթի վերաբերյալ շարունակ խոսվում է, թե Ադրբեջանը պիտի հետ ստանա ազատագրված տարածքները, Արցախն էլ իր կազմում՝ լայն ինքնավարությամբ։ Այսօրվա հակամարտությունն այդ «ինքնավարության» արդյունքն է, որ կար մինչև 1988-ը։ Հասկանալի է, բանակցային գործընթացում դիվանագիտություն է անհրաժեշտ, և եթե ոչինչ չես զիջում, ինչի՞ շուրջ ես բանակցում։ Բայց, մյուս կողմից, Հայաստանը չպետք է անհիմն զիջումների հակվածություն ցուցաբերի։ Հետևապես, եթե բանակցում ենք, պետք է հաշվի առնվեն այս իրողությունները, և որևէ զիջման մասին խոսելիս պետք է տեսնել, թե ինչ է զիջում հակառակ կողմը։ Ի վերջո, Հայաստանը կարող է և պասիվացնել իր մասնակցությունը բանակցություններին և ասել, որ եթե մեր դիրքորոշումն Ադրբեջանին չի բավարարում, թող Բաքուն գնա և բանակցի Ստեփանակերտի հետ ու փորձի նրանից ստանալ իր ցանկացածը։
-Այսօր բազմաթիվ փորձագետների, ԶԼՄ-ների գնահատմամբ՝ Ադրբեջանի անչափ մեծ ախորժակը խրախուսվում է Մոսկվայից։ Հենց Ռուսաստանն է, որ կարծես հեղինակել է կարգավորման այս նոր սցենարը։ Ինչո՞վ եք բացատրում Մոսկվայի այսպիսի կեցվածքը։
-Դժվարանում եմ գնահատել, թե մանրամասների մեջ ինչ առաջարկներ է ներկայացնում ռուսական կողմը կամ որ Ռուսաստանը հակված է այդպիսի միակողմանի լուծման։ Ռուսաստանի ակտիվությունը սկզբունքորեն նորություն չէ, որովհետև նա երեք համանախագահ երկրներից մեկն է։ Չմոռանանք, որ միջնորդներից յուրաքանչյուրն ինչ-որ պահի՝ տարբեր խնդիրներից ելնելով, ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում, քան մյուսները։ Մասնավորապես, ժամանակին ԱՄՆ-ը նախաձեռնեց Քի ՈՒեստի բանակցությունները, որոնց արդյունքում կայացվեցին ինչ-որ պայմանավորվածություններ Հեյդար Ալիևի հետ, սակայն նա հետո հրաժարվեց դրանք իրագործելուց։ Հետո բանակցային գործընթացում ակտիվության էստաֆետը ստանձնեց Ֆրանսիան, տեղի ունեցան Ռամբուեի բանակցությունները։ Հիմա Ռուսաստանի ակտիվության փուլն է, և այդ առումով անբնական չէ, որ Դմիտրի Մեդվեդևը փորձում է հանդիպում կազմակերպել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ի վերջո, կարևոր չէ՝ բանակցությունները որտեղ են ընթանում կամ ում նախաձեռնությամբ։ Կարևորն այն է, թե ինչ է առաջարկվում։ Մենք բոլոր գործընթացներում մեր շահը պետք է ճշտենք և առաջնորդվենք միայն դրանով։ Այսօրվա աժիոտաժը ես այդքան լուրջ չեմ համարում։ Միաժամանակ շատ կարևոր էր, որ Արցախի ղեկավարությունը հստակ հայտարարեց, որ ցանկացած զարգացումների դեպքում իրենք պատրաստ են իրենց հողը պաշտպանելու։
-Ռուսական առաջարկի բաղադրիչներից մեկն էլ խաղաղապահների ներգրավումն է։ Իմաստ տեսնո՞ւմ եք հակամարտության գոտում նման կոնտինգենտի տեղակայման մեջ։
-Դարձյալ բարդ հարց է և ոչ միանշանակ։ Անցած 14 տարիներին, գլոբալ առումով, հակամարտության գոտում պահպանվել է հրադադարը, չնայած առանձին խախտումներին, որոնք ուղեկցվել են նաև զոհերով։ Բայց հրադադարի ընդհանուր պայմանավորվածությունները պահպանվել են, այն դեպքում, երբ խաղաղապահներ չկան։ Եվ հակառակը, շատ այլ ազգամիջյան հակամարտությունների գոտիներում, ուր տեղակայված են որևէ երրորդ երկրի կամ միջագզային խաղաղապահ ուժեր, կայուն հրադադար ապահովել չի հաջողվել։ Օրինակ կարող են ծառայել Հարավսլավիայում հակամարտության գոտիները, ուր ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահներն էին կանգնած, Հարավային Օսիայի վերջին իրադարձությունները։ Որովհետև խաղաղության պահպանումը խաղաղապահներից չի կախված, այլ հակամարտության կողմերի ցանկությունից, նրանց միջև ռազմական պոտենցիալի իրական հարաբերակցությունից։ Այդ հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կա, ու դա է հրադադարի պահպանման հիմնական գրավականը։ Իհարկե, հասարակ ադրբեջանցի ժողովուրդն էլ տուժել է պատերազմից, և չեմ կարծում, որ այնտեղ ռազմական գործողությունների վերսկսման ջատագովների թիվը հասարակ բնակչության մեջ մեծամասնություն է կազմում։
-Դուք ԵԿՄ նախկին փոխնախագահն եք, ազատամարտիկ։ Այսօր պատերազմի վետերաններին միավորող բազմաթիվ կազմակերպություններ կան, բայց արցախյան հարցի այսօրվա անբարենպաստ ֆոնի վրա լռում են։ Բացառություն է կազմում, թերևս, Ժ. Սէֆիլյանի գլխավորած կամավորականների համախմբումը, որը հանդես եկավ հայտարարությամբ։ Ո՞րն է այդ պասիվության պատճառը։
-Պատճառն այն է, որ ազատամարտիկներին համախմբող հասարակական կազմակերպությունները ներքաշված են ներքաղաքական գործընթացների մեջ։ Այսօր կան ազատազրկված ազատամարտիկներ, շատ դեպքերում՝ հանիրավի։ Օգտվելով առիթից՝ մեկ անգամ էլ կոչ եմ անում իշխանություններին՝ փոխել նրանց խափանման միջոցը։ Կամ` համաներում հայտարարել նրանց նկատմամբ, ում վերաբերյալ դատավճիռներ են կայացված, անկախ նրանից, թե որքան են դրանք հիմնավոր եղել և արդարացի։ Այս մթնոլորտն է պատճառը, որ ազատամարտիկներին համախմբող կազմակերպությունները տարաբաժանված են։ Ես միշտ ասել եմ՝ պետք չէր նրանց ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ, նրանք ունեին իրենց ուրույն խնդիրները՝ սոցիալական աջակցություն զոհվածների ընտանիքներին, հաշմանդամներին և մասնակիցներին, նրանց իրավական պաշտպանվածության խնդիրների լուծում, աջակցություն բանակին՝ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության առումով։ Հասկանալի է, որ բոլոր ազատամարտիկները չեն լռում ու չեն լռելու։ Բայց միաժամանակ ինձ համար ընկալելի չէ, երբ մարդիկ, մի կողմից, հանդես են գալիս ոչ մի թիզ հող չզիջելու պահանջով, իսկ քաղաքական առումով գտնվում են այն գործչի և կուսակցությունների հետ նույն ճամբարում, ովքեր 1997-ին համաձայն էին խիստ էական զիջումների և հիմա էլ չեն փոխել իրենց տեսակետները:
-Այսօր էլ ներկա իշխանություններն են մեղադրվում բացարձակապես անհիմն զիջումների պատրաստ լինելու համար։ Ձեր ընկալումը. նկատե՞լ եք արդյոք նման միտում։
-Շրջանառվող լուրերից և իշխանության կողմից տրվող պարզաբանումներից կա որոշ տպավորություն, թե մենք պատրաստ ենք շատ բան զիջելու, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Կարելի է ենթադրել, որ հայկական կողմը պատրաստ է, փաստորեն, ազատագրված տարածքները զիջելու Ղարաբաղի անվտանգության և ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ ապագա հանրաքվեի հնարավորության գնով: Բայց կարծես թե Ադրբեջանը դրան էլ համաձայն չէ, նրանք ամբողջն են ուզում` Արցախը ներառյալ։ Ալիևի վերջին հայտարարությունները հենց դրա վկայությունն են: Հետևապես ստացվում է, որ հայկական կողմը պատրաստ է մեծ զիջումների Ադրբեջանի, մասամբ գուցե նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց: Ճիշտ կլինի, որ Հայաստանը խիստ որոշակիորեն կոշտացնի դիրքորոշումը։ Հետագայում իրադարձությունների զարգացումը հնարավորություն կտա ավելի հստակ գնահատականներ տալ գործընթացին, թեպետ հարցի շուտափույթ լուծման հնարավորությունն այս փուլում ես գրեթե բացառում եմ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4101

Մեկնաբանություններ