1979-ի խոր աշունն էր,նոյեմբերի կեսերը: Որոշեցի լուռ ու մեկուսի մի վայրում հանգստանալ, և ընտրությունս կանգ առավ կոմպոզիտորների դիլիջանյան հանգստյան տան վրա: Ամբողջ համալիրում ընդամենը 8-10 հանգստացող կար, և արդեն երկրորդ օրը հասցրել էի կարոտել մարդկանց էլ, աղմուկին էլ: Մե՜ղմ, թախծածոր արևամարքի տրամադրությունը պարուրել էր ձմեռնամուտի անտառը,և աշնանային քնքշանքը փոխել անորոշ տաղտուկի: Մտածում էի հանգիստս ընդհատել և քաղաք վերադառնալ:
ՈՒղեգիրս տրված էր համալիրի ամենավերին` անտառամերձ մասնաշենքի երկրորդ հարկի սենյակներից մեկի վրա: Ամբողջ հարկում ընդամենը երեք հոգի էինք: Առավոտյան վեր կացա քաղաք վերադառնալու հաստատ մտադրությամբ, լվացվեցի, իրերս հավաքեցի, դուռը բացերի և անակնկալի եկա:
Դռան շորի վրա հանգիստ քնած էր մի սև շուն: Դռան ճռռոցից վեր թռավ, բայց չփախավ: Ձևացրեց, թե գնում է, բայց աչքի պոչով, զգացի, ուսումնասիրում էր ինձ:
Ի՞նչ անեի, դուրս գալ չեմ կարող, մեկ էլ տեսար` թռավ վրես:
Աթոռը դրեցի, նստեցի ու սկսեցի ես էլ իրեն հետևել:
Նայե՜ց, նայե՜ց, կարծես դուրը չեկա, դժգոհ հետ-հետ գնաց և սկսեց դանդաղ, ոչ շնավարի, արժանապատվությամբ աստիճաններով իջնել:
Ես հետևեցի իրեն, միասին, իրարից զգուշանալով, հասանք ճաշարան:
Նախաճաշեցի, դուրս եկա, դռան մոտ սպասում էր ինձ, թեպետև ձևացրեց, որ ինձ չի նայում: Մանկական կաշառող պարզամտություն տեսա ես այդ շան աչքերում և առանց այլևայլության հարցրի.
- Սովա՞ծ ես:
Արձագանքն ավելի քան անսպասելի էր` չոքեց, աչքերիս նայելով զգույշ մոտեցավ: Ճաշարանի աշխատողից ինչ-որ բան խնդրեցի, հիմա չեմ հիշում` ի՞նչ և, չէ՛, չշպրտեցի, մարդավարի հյուրասիրեցի.
-Կե՛ր,Սևուկ:
Եվ քաղաք գնալս մոռացա, արդեն ընկեր ունեի, միասին անտառ էինք գնում, շնային իր չարաճճի բերկրանքն արտահայտում էր ուրախ վազվզոցով, զրնգուն աղմուկով լցնելով ամայի անտառը: Հազիվ մեկ տարեկան լիներ, խաղալու իսկական տարիքն էր:
ՈՒրիշ շներ էլ կային առողջարանում, և մի օր, երբ վերադառնում էինք անտառից, նրանք հարձակվեցին Սևուկի վրա:
Ա՜խ,այդ նախանձը, որ մեզ զուտ մարդկային է թվում...
Հինգ-վեց փողոցային շուն էին, կեղտոտ, անտեր: Քաշեցին ընկերոջս մի փոսի մեջ, սկսեցին գզել: Ես մոռացա ամեն ինչ, մի հաստ փայտ վերցրեցի, թռա փոսի մեջ և սկսեցի գորգոռոցով հարվածել նրանց: Անսպասելիությունից շները բաց թողեցին Սևուկին ու փախան: Տեսնեիք միայն, թե ոնց էր նա լաց լինելով ինձ բողոքում էդ վայրենիներից, կարծես հանիրավի ծեծ կերած երեխան` հորը:
Ապա հանգստացավ, փաթաթվեց ծնկներիս և այդպես էլ քնեց ճանապարհամերձ թմբի վրա, իմ գրկում:
Մոտեցավ վերադարձիս օրը: Ի՞նչ պիտի լիներ Սևուկիս հետ: Հետս քաղաք չէի կարող բերել, ես ինքս վարձով էի ապրում: Ամաչում էի նրա աչքերին նայել: Ճաշարանի աշխատողները, որ հասկացել էին խնդիրը, խոստացան անտեր չթողնել նրան: Գալուս օրը ես Սևուկին խաբեցի, իրերս ուրիշը տեղավորեց ավտոբուսի մեջ, և ես, սևերեսս, արագ մտա ներս: Ավտոբուսը շարժվեց, ես հետ նայեցի, և հանկարծ հուսահատ կլանչոցով, որտեղից չգիտեմ հայտնվեց իմ ընկերը...
Այսօր էլ, երբեմն ինձ թվում է լսում եմ հուսահատ շան ողբը: Նա երկար վազեց մեր հետևից, ապա հոգնեց, կանգ առավ և փլվեց ճանապարհի մեջտեղում: Ես փախցրեցի հայացքս և աննկատ սրբեցի աչքերս...
Երեք-չորս ամիս էր անցել. կարոտին չդիմացա, գնացի Դիլիջան:
Ավա՜ղ,Սևուկս չկար:
Ասացին սատկել է...
5 ապրիլի, 2015
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ