Հնարավոր է, որ կազմակերպական գիտության հիմնական դրույթների ուսումնասիրումը այսօրվա աշխարհը կառավարողներին ցույց տա, որ չնայած այն բանին, որ մի կողմից իրենց հանար հարմար է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նման նախկինում առաջին կարգի հզորության երկրներն ունենան կառավարելի ղեկավարներ, բայց, մյուս կողմից էլ, նման իրավիճակը պարունակում է գլոբալ մասշտաբի անկառավարելի ռիսկեր մոլորակի մասշտաբով, քանի որ նրանք, լինելով թույլ ղեկավարներ, իրավիճակի արագ փոփոխությունների պայմաններում չեն կարողանում ադեքվատ պատասխաններ գտնել ընթացիկ մարտահրավերներին։
Իսկ ընթացիկ մարտահրավերները օր օրի ավելի ու ավելի են լրջանում ու գոյաբանական բնույթ ստանում բոլորի համար, քանի որ հավանական միջուկային գլոբալ բախումը ապրելու շանսից զրկելու է բոլորին։
Ընդհանուր իրավիճակը ծանրանում է հատկապես այն բանի պատճառով, որ կոմպյուտերային խաղերով մեծացած մարդիկ հիմա արդեն 40+ տարեկան են, որոնց մի մասը բնականորեն աշխարհում հասել է շատ բարձր քաղաքական ու բիզնեսային դիրքերի, բայց և շարունակում է աշխարհի գործերին նայել կոմպյուտերային խաղերի կոնցեպտուալ դիրքերից՝ իրար հետ խառնելով իրականությունն ու խաղը։
Դրան ավելանում է նաև այն, որ աշխարհում կրթական գործի սիստեմատիկ նահանջի պատճառով և բազմաթիվ այլ պատճառներով մարդիկ հասուն տարիքում էլ շարունակում են մանկամիտ մնալ, որը դժվարացնում է նրանց կողմից իրականության ադեքվատ ընկալումը։
Դրա վառ օրինակն է ատոմային զենքի ու միջուկային պատերազմի հնարավորության մասին խոսելն ու դա սովորական բան համարելու մեզ շրջապատող մանկամտության ու անլրջության հեղեղը։
Ընդհանրապես, կազմակերպական գիտությունը նաև ասում է, որ ուրիշներին կառավարելու կամ առաջնորդելու տեսանկյունից ամեն մի անձ ունի որոշակի պոտենցիալ հնարավորություններ կառավարման հիերարխիայով բարձրանալու համար։
Այս իմաստով, եթե մարդը, իր կյանքի ընթացքում ուրիշներին կառավարելու հիերարխիայով բարձրանալով, հայտնվում է իր պոտենցիալից ավելի բարձր դիրքում, ապա նախկինում, ներքևների մակարդակներում, նորմալ գործունեություն ծավալող մարդը պարզապես դառնում է պրոֆանպիտան։
Դրանից բացի, հնարավոր է նաև դեպք, երբ մարդը նույն դիրքում մնալով, փոխվի իրավիճակը, որի հետևանքով մարդը հայտնվի իր պոտենցիալից ավելի բարձր դիրքում՝ դարձյալ դառնալով պրոֆանպիտան։
Կյանքի պրոֆանացիայի ներկայի հեղեղի մեջ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ սելեկցիայի հատուկ մեթոդների օգնությամբ նույնիսկ նախկինում հզոր պետությունների ներկայի ղեկավարներն են հայտնվում պրոֆանպիտանության վիճակում, որն էլ հենց ներկայի գոյաբանական ռիսկերի աղբյուրներից մեկն է։
Պավել Բարսեղյան