Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աներևակայելի կանայք

Աներևակայելի կանայք
21.01.2024 | 10:02

Ես ճանաչում եմ այս աննման կանանց ամուսիններին, հայրերին, եղբայրներին, որդիներին։ Գիտեմ, որովհետև հարյուրավոր հոդվածներ ու երկու տասնյակ գիրք եմ հրատարակել նրանց մասին։

Հիմա ժամանակն է, որ անդրադառնամ այդ հրաշալի հայուհիներին։

***

1878 թ․ ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Կ․ Պոլսում հիմնվեց հայ կանանց առաջին բարեգործական հաստատությունը՝ «Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւնը»։ Նպատակն էր՝ Արևմտյան Հայաստանում ավելացնել իգական տարրական դպրոցների թվաքանակը և դրանց համար վարժուհիներ պատրաստել։ Գործին ավելի լայն թափ հաղորդելու համար Ազգանվերի վարչության անդամուհիները նամակներ հղեցին Թիֆլիսի իրենց ծանոթուհիներին՝ գրող Ծերենցի դուստր, ականավոր բարերար ու հանքարդյունաբերող Ալեքսանդր Մելիք-Ազարյանի տիկին Թագուհուն, անվանի պատմաբան ու բանասեր Ալեքսանդր Երիցյանի տիկին Սրբուհուն, հայտնի բժիշկ Արտաշես Բաբայանի տիկին Սոֆիային և տիկին Դարիա Հովհաննիսյանին (Թիֆլիսում հանրահայտ Հովհաննիսյանները մի քանիսն էին, և չգիտեմ ում կողակիցն է)։

1879 թ․ դեկտեմբերի 4-ին 114 թիֆլիսցի տիկնայք և օրիորդներ ժողով գումարեցին, որտեղ ընթերցվեցին պոլսահայուհիների նամակները, որոշում կայացրին այդպիսի ընկերություն ևս հիմնել, միաժամանակ ժողովեցին 407 ռ․ և ուղարկեցին Պոլիս։

Սկսվեցին նախապատրաստական դժվար աշխատանքներ (կանոնադրության պատրաստում, կառավարության կողմից հաստատում և այլն), և 1882 թ․ մարտի 7-ին հիմնվեց «Թիֆլիսի Հայուհեաց բարեգործական ընկերութիւնը»։ Անդամագրվեցին 45 տիկնայք և օրիորդներ։ Վարչության ատենապետուհի ընտրվեց Ս․ Երիցյանը, փոխատենապետուհի՝ տիկին Մարիամ Խատիսյանը, գանձապետուհի՝ տիկին Լիդիա Թամամշյանը։

Տարիների ընթացքում վարչության կազմերը, բնականաբար, փոփոխվեցին, բայց կուզենայի հիշատակել այն կանանց անունները, որոնք էական դեր կատարեցին Հայուհյացի կայացման գործում՝ տ․ Նադեժդա Ալիխանյան, տ․ Վարվառե Ռոտինյան, տ․ Մարիամ Խոսրովյան, իշխանուհիներ տտ․ Մարիամ Թումանյան, Սոֆիա Արղության և Կատարինե Բեհբության, տ․ Սոֆիա Փսարյան, օր․ Մարիամ Չիթախյան, տ․ Մարիամ Ծովիանյան, օր․ Մարիամ Մութաֆյան, տ․ Վարվառե Խոսրովյան, օր․ Նունե Բուղդանյան, օր․ Վարվառե Միրիմանյան, օր․ Կատարինե Օրբելի։

Ինչո՞վ էր զբաղվում Հայուհյացը։ Մինչ տղամարդիկ «Կովկասի Հայոց բարեգործական ընկերոթյամբ» (հիմնվել է 1881-ին) ազգապահպանական խոշորածավալ խնդիրներ էին լուծում, կանայք ստանձնել էին իգական սեռի խնամքը․ նպաստներ էին տրամադրում չքավոր ընտանիքներին, պահում էին թոշակավոր աշակերտուհիներ, եկեղեցիներին կից բացում էին ծխական դպրոցներ, կարուձևի, ձեռագործի, տնայնագործության խմբակներ, վճարում էին ուսուցիչների ռոճիկը, դպրոցների համար հայթայթում դեղորայք, դպրոցական պիտույքներ, հագուստ և այլն, և այլն։

Այստեղ պետք է անավարտ թողնեմ ու վերջակետ դնեմ։ ասեմ միայն, որ Հայուհյացը դադարեց գործել 1918-ին, բայց դա այլ պատմություն է։

Հավելեմ ևս մեկ բան․ թվարկածս բոլոր կանայք բարեգործություն էին անում ոչ միայն ընկերությամբ, այլև առանձին-առանձին։ Դիցուք, նավթարքա Ալեքսանդր Մանթաշյանցի տիկին, ութ երեխաների մայր Դարիան, որ մինչ ի մահ (1909 թ․), 17 տարի շարունակ Հայուհյացի մշտական անդամ էր, բազմաթիվ այլ բարեսիրական ձեռնարկներ է իրականացրել, և փաստերը ես մեկ առ մեկ ժողովել եմ։ Բայց դա արդեն միանգամայն այլ պատմություն է։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 36773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ