Թավալգլոր անցնող մեր օրերի երթում,
արագ հերթափոխում գաճաճ տարիների
ո՛չ սրինգով տխուր, ո՛չ շռինդի երգով
չզմայլվեց իմ խենթ` այս անհանգիստ ոգին:
Ո՛չ կանացի հմայք-քնքույշ եղեգնուտում
և ո՛չ բաքոսական կերուխումից վայրի,
ո՛չ ավարով հարուստ, ո՛չ տքնանքով անքուն
չլիացավ իմ խենթ` այս թափառիկ ոգին:
Ո՛չ պարմանի` կայտա՜ռ առողջությամբ ցնծուն,
ո՛չ հայեցմամբ պայծառ` խաղաղությամբ ներքին,
ո՛չ կեսօրվա տապին, ո՛չ գիշերվա մթում
չգոհացավ իմ խենթ` այս աստանդված ոգին:
Ո՛չ պաշտոնով` դիրքի կեցվածքի մեջ հպարտ,
ո՛չ փողոցով ազատ` ճարպիկ և լեզվանի,
ո՛չ մարդախույս ձորով, ո՛չ խոյացող լեռամբ
չխաղաղվեց իմ խենթ` այս վտարյալ ոգին:
Եվ ամենուր փնտրում` որոնում է անվերջ,
և ամենուր բացվու՜մ ու չի հաշտվում կրկին.
մերթ ջախջախվում անհույս և մերթ` փյունիկի պես...
հորիզո՜ն է ճախրում այս անկոտրում Ոգին:
13.12.1998 թվ.
Լճկաձոր
«Էլեգիաներ» շարքից
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ