Մեկը լիներ, այս տարածքի
դուռը բացեր Նոր տարվա դեմ,
մահապարտի շորը հագին
քանդեր մթի մարմինը սև:
Հետո ելներ լեռներն ի վեր՝
արքայական վարք ու կարգով,
քշեր ամպի շղարշը ծեր,
ու սավառներ ոսկե կառքով:
Այն եզերքում, ուր այս անգամ
ոչ մի ասուպ չի պեծկլտում,
ուր չի հնչում ձայնը մանկան,
ուր քամին է լոկ հեծկլտում:
Արցա՜խ, ո՞վ է քեզ հետ նստում
ամանորյա սեղանի շուրջ,
ո՞վ է տալիս հույս ու խոստում,
թափում հողիդ սեր ու անուրջ:
Մենք լքեցինք պատկերը քո,
հո՛ղը, բու՛յրը ու ապագա՛ն,
ու այս խավար երկնի ներքո
հանդերձյալի շորեր հագանք:
Կա՞նք, թե՞ չկանք,Աստված գիտե,
զարմանալի խալխ ենք դարձել,
պաղ երկինքն էլ ձյուն է կիտել,
երազանքներն են համբարձվել:
Չկա մեկը՝ այս տարածքի
դուռը բացի Նոր տարվա դեմ,
մահապարտի շորը հագին՝
քանդի մթի մարմինը սև:
Նորայր Գրիգորյան