Տարիներս անցան,
ու քանորդում մնաց
կորուստներիս ցավը,
ՈՒ անցյալիս մեխված
անկումներիս ափին
ես իմաստուն դարձա:
Չզարմացա, սակայն,
երբ կշռեցի իմ «լավ»
ծանոթների դավը։
Բարձրանալիս՝ անբեռ,
կարծում էի՝ սա է
երջանկության պահը,
Բայց տանում էր արդեն
իմ սիրելի մարդկանց
դարանակալ մահը։
Հարց տվեցի Աստծուն
ու հասկացա, որ նա
պատասխաններ չունի:
ՈՒ երազում տեսա
խիղճս, տկար, գամված
խոլ կտտանքի սյունին:
ՈՒ հուսամեռ, հիվանդ,
մանկան ճիչից սթափված,
կրկին ծնկի եկա,
ունայնություն կոչվող
օվկիանոսի խորքում
նորից Աստծուն գտա։
Հիմա մռայլ, մենակ,
ինքս ինձ հետ խոսում
ու լցնում եմ գինին:
Շնորհավոր լինի,
բարեկամ ու օտար,
գալիք ձեր «Նոր տարին»։
Դավիթ Վանյան