Հայոց մեր օջախներում հիմա ամանորյա եռուզեռ է. տոնածա՛ռ, եփութա՛փ, նախապատրաստվում ենք` կարողացածներիս չափով: Շատերս, անգամ, փորձելու ենք սեփական հասակներիցս ավե՜լ թռչել` վերջին մեր ոսկեղենը լոմբարդ տանելով... որ հարևան-բարեկամներից հետ չմնանք և այլն:
... Իսկ մայրե՞րը` «Քառօրյա» ու «44-օրյա» պատերազմներից չվերադարձած մեր մարտիրոսացած հերոսների որդեկորույս մայրե՞րը, նրա՞նք ինչ սրտով են դիմավորելու:
Քանի տարի է, արդեն, ի՞նչ սրտով են հերոսների մայրերը Ամանոր դիմավորում, մեր տաքուկ օջախներում, ամանորյա այս խառնաշփոթում, գոնե մի պահ, մտածու՞մ ենք այդ մասին:
...Իմ գետնահուպ խոնարհու՜մը ձեզ, մեր մարտիրոսացած հերոսների սու՛րբ մայրեր:
Ա՜Խ, ՄԱ՛Մ
Մա՛մ, ինձ չփնտրե՛ս մամլո եթերում,
Ոչ էլ թերթերում, լուր չորոնե՛ս.
«Քառօրյան» վաղո՜ւց գիրկն է պատմության,
Մեզ, առաջվա պես, դժվա՜ր թե հիշեն:
Մա՛մ , ինձ կգտնես երկնի լազուրում,
Ծվեններն ամպի` տեղն իմ կհուշեն:
Մա՛մ, ինձ չփնտրե՛ս ասեկոսներում.
Այդ մտացածին բամբասանքներում
Ստույգ ոչինչ չկա, խառն են` թաց ու չոր:
Մա՛մ, ինձ կգտնես բարդու խշշոցում
ՈՒ ծիծեռների նուրբ ծլվլոցում,
Զի հանգչում եմ ես բնության ծոցում:
Մա՛մ, ինձ չփնտրե՛ս գորշ փողոցներում,
Ոչ էլ անցորդաց անփայլ աչքերում.
Գերել է նրանց առօրյա՜ն դաժան,
Հաշված են ամեն` թե՛ վայրկյան, թե՛ ժամ:
Մա՛մ, ինձ կգտնես դու պարտեզներում,
Սուրբ մանուկների վառ ծիծաղներում:
… Մա՛մ, ինձ հիշելիս` չարտասվե՛ս հանկարծ,
Որ չմրմռա՜ սիրտս նահատակ…
Մարտիրոս-որդիդ լե՜ռ էր սիգապանծ,
Մի բուռ հող դարձավ Մայր-Հողում իր տաք:
1/9/2019
Գոռ ՊՈՂՈՍՅԱՆ (ԳՈՒՍՈՒՊ)