Աղջկաս դիմավորում եմ, հուզված է, քննությունից է դուրս եկել:
-Ի՞նչ կա, ի՞նչ եղավ գրավորը:
-Լավ չեմ գրել:
-Իսկ եթե ավելի ճի՞շտ:
-Վատ եմ գրել:
Սկսում է լացել: Ասում եմ՝ ոչինչ, հանգստացիր, ու հարց եմ տալիս:
-Ըստ քեզ, ինչի՞ հետևանք էր:
Արցունքների միջից պատասխանում է՝ վատ սովորելու: Հարցնում եմ.
-Իսկ ինչպե՞ս ես անելու, որ նման վիճակ չկրկնվի: Ինչպե՞ս ես անելու, որ ստացվի:
Պատասխանում է, որ պիտի լավ սովորի:
Հարցնում եմ.
-Հասկանու՞մ ես, որ լավ լինելու ուրիշ ձև չկա, միայն սովորելն է: Եթե մի անգամ անում ես՝ չի ստացվում, երկրորդը պիտի անես, էլի չի ստացվում, երրորդը, այնքան պիտի սովորես (աշխատես), որ ստացվի: Այլ ճանապարհ չկա: Աստված մարդուն այսպես է ստեղծել, ով լավ է սովորում (շատ է աշխատում), նա էլ հաջողում է: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա:
Հ.Գ. 1. Մարդու կյանքի, ավելի ճիշտ, հաջողված կյանքի բանաձևը թվում է, թե բարդ ու անհասկանալի է, բայց իրականում շատ տրիվիալ է: Աստծու գլխավոր պարգևը մարդուն սովորելու ունակություն շնորհելն է, սովորելու և ստեղծագործելու, ստեղծագործելու նույնիսկ քո երևակայած աշխարհը:
Կյանքը երևակայությունդ իրականություն դարձնելու մասին է: Ինչքան մեծ է երևակայությունդ ու ինչքան շատ դրա շուրջ սովորել (աշխատել), այնքան հաջողակ ես դու:
Խաբեությունով և գողությունով բարեկեցությունդ լավացնելը հաջողված կյանք չեմ համարում:
Հ.Գ.2 Քաղաքականացնեմ: Քանի՞ մարդ է իր սեփական պետության այսչափ ձախողումներից հետո սկսել սովորել, որ հասկանա՝ ինչ եղավ մեզ հետ, ու ինչպես անել, որ այս վիճակից դուրս գանք:
Որ ասեմ՝ գրեթե բոլոր այդ մարդկանց ճանաչում եմ, չեք հավատա: Բայց երբ ասեմ, որ դրանց թիվն այնքան քիչ է, որ հերթով անունները կարող եմ թվարկել, գուցե հավատաք:
Մնացյալ մեր ընկերները հորինել են իրենց հարմար մի փուչիկ (պատմություն, ավելի ճիշտ, պատում) ու մեջը հանգիստ տեղավորվել են:
Նստել-սպասում են հաջորդ ձախողումներին (իհարկե, դա չեն ուզում):
Բայց, առանց սովորել (աշխատել), հաջողություն են երազում:
Աստծուց կրակ են ուզում, երբ Աստված ամենաառատաձեռնը մարդու հանդեպ է գտնվել ու նրան է կրակի տեր կարգել:
Հովհաննես Ավետիսյան