Խորհուրդ կար, որ «Ավանգարդ» թերթի խմբագրի հետ դեպի Արցախ մեր ուղևորությունն սկսվեց Արարատ գյուղից։ Վաղ առավոտ էր, բայց արդեն մարդաշատ էր սպարապետի տուն-թանգարանը, որտեղ զետեղված էին Արցախյան ազատամարտի նվիրյալ, Հայոց բանակի հիմնադիր ու նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող բազմաթիվ փաստաթղթեր, պետական, քաղաքական, ռազմական գործիչների, զինակիցների հուշերը, լուսանկարներ, ուշագրավ այլ նյութեր, նրա կյանքին առնչվող մասունքներ։ Աշտարակի շրջանի դպրոցներից մեկի` թանգարան այցի եկած աշակերտներն ու մանկավարժները կլանված ուսումնասիրում էին ցուցադրված նյութերը։ Նրանց հայացքների հուզական տրամադրությամբ, վեհատեսիլ Արարատի պատկերով սքանչացած՝ ճամփա ընկանք դեպի պատմական Դիզակ աշխարհ, որտեղ մեկ օր անց՝ օգոստոսի 15-ին հադրութցիները նշելու էին քաղաքն ադրբեջանական զավթիչներից ազատագրելու օրը։
2003 թ. օգոստոսի 15. տարեց ու ջահել հադրութցիներ հավաքվել էին Հադրութ քաղաքի հրապարակում։ Հիշարժան օրը, որ խորհրդանշում էր 1992 թ. օգոստոսի վճռորոշ հաղթանակը, երբ ոսոխը հետ շպրտվեց Հադրութի բարձունքներից, և 1993 թ. օգոստոսի 15-ը, երբ Արցախի նորաստեղծ զինվորական ստորաբաժանումները փայլուն ռազմերթով հասան մինչև մայր Արաքսի ափը, և մարտերից հոգնած ռազմիկները, որպես խորհուրդ, ձեռքերը թաթախեցին հայոց վաղնջական արարչագործությունը խորհրդանշող գետի ջրերում։ Երգ, երաժշտություն, ժպիտ ու կատակ, նաև՝ պատերազմական օրերի վերհուշից արցունքոտված աչքեր։ Անհնար էր առանց հուզմունքի նայել ցնծության այդ հանդեսին. հողագործ, մանկավարժ, բանակի սպա ու զինվոր, պատերազմական ահեղ օրերի հետքն իրենց հայացքներում կրող տարեց այրեր պայծառ ժպիտով ողջունում էին միմյանց, շնորհավորում հաղթանակի օրվա առթիվ։
Հադրութի ազատագրման 11-րդ տարեդարձի առթիվ ԼՂՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» շքանշաններ, «Արիության համար», «Մարտական ծառայության համար» մեդալներ հանձնվեցին քաղաքի պաշտպանության համար խիզախորեն մարտնչած հայորդիներին։ Նրանցից մեկն ակնաղբյուրցի Պավել Գրիգորյանն էր։ Արցախ գործուղումների ժամանակ բանակի սպաներից լսել էի Պավլուշի, ինչպես մտերմիկ կոչում էին նրան, հայրենի գյուղին անսահման նվիրվածության, ադրբեջանցիների հետ առճակատումների դժվարին օրերին լարված իրավիճակներից դուրս գալու հնարամիտ լուծումներ գտնելու մասին, և իմ մտապատկերում ձևավորվել էր հայոց ազատագրական պայքարի հերոսների անկոտրում ոգու կրող ու շարունակող առասպելական մի կերպար։ Եվ անսպասելի չէր, որ պարգևատրվածների ծավալուն անվանացուցակում հնչեց նաև Պավելի անունը։ Հրապարակի բազմության մեջ գտա նրան, շնորհավորեցի «Արիության համար» մեդալով պարգևատրվելու առթիվ։ Անակնկալ շնորհավորանքից Պավելը մանկան պարզությամբ ժպտաց, դեմքի կնճիռները բացվեցին, աչքերում կայծեր ցոլացին։ Պարտավորեցրեց՝ անպայման այցելել Ակնաղբյուր, ծանոթանալ իր մեծ գերդաստանի հետ, որ մեծ փորձություններ է հաղթահարել կռվի տարիներին՝ գտնվելով ուղիղ թշնամու նշանառության տակ։ Հաջորդ օրը Հադրութի ազատագրման տոնը շարունակվելու էր զորամասում։ Խոստացանք զինվորական հանդեսին մասնակցելուց հետո ուղևորվել Ակնաղբյուր։
...Դարուփոսերի սովոր անխոնջ «Նիվան» երբեմն-երբեմն «կարկամում» էր հնձելուց հետո այրված արտերի սևագորշ գոգավորություններում ու ավերակների դատարկ ակնախոռոչների անկյանք հայացքի ներքո «ջանում» իրար նման ոլորանների մեջ գտնել Ակնաղբյուր հասցնող ճամփան։ Դեռ ծխացող խոզանի բույլերում գալիք գարնան ծլարձակումների կանաչ սարսուռներ կային, որ հուզմունքով էին լցնում հոգիս, մանկությանս արտերի ծիծաղկոտ կարոտներ արթնացնում։ Վերջապես բլուրների գրկում տներ նշմարվեցին։ Ակնաղբույրը մեզ դիմավորեց պարզ, համեստ, ակնհայտորեն պատերազմի պատճառով անավարտ մնացած ու հիմա արդեն գյուղ հասցված քար ու ավազի, այլ շինանյութերի առկայությունից աշխարհին արժանապատվորեն նայող շինությունների հանդիսավոր լռությամբ։
Պավելը, կինը՝ Վիոլետան, որդի ու դուստր, հարս ու թոռներ մեզ դիմավորեցին հարազատի ջերմությամբ ու բակի ծառերի շուքի ներքո սեղան գցեցին՝ գյուղաշխարհի համեստ ապրուստի ու իրենց սրտի շռայլ կամեցողությամբ։
Պավել Գրիգորյանի առանձնատունը նույնպես պատերազմի մեղքով էր անավարտ մնացել։ Կիսանկուղային հարկը ծածկել, հարմարեցրել, եղածով գոհացել էին ու լավատեսորեն երազել այն օրը, երբ գյուղի վրա այլևս «Գրադ»-ի արկեր չեն պայթի, զոհեր չեն լինի, թշնամին հեռու կշպրտվի իրենց գյուղից, շրջանից, ընդհանուր Արցախի սահմաններից, և իրենց խոտորված կյանքը խաղաղ, բնականոն հուն կմտնի։
Երբ սկսվում է Արցախյան շարժումը, Ակնաղբյուրը հայտնվում է ծայրաստիճան վտանգավոր վիճակում, քանի որ այնտեղ նաև ադրբեջանցիներ էին ապրում, իսկ քիչ հեռու Ֆիզուլի քաղաքն էր։ Տասնմեկ երեխայի հայր Պավելը երիտասարդական ավյունով ձեռնամուխ է լինում Ակնաղբյուրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործին՝ համագյուղացի Խորեն Հովսեփյանի աջակցությամբ։
-1989 թ. վիճակը շատ խառն էր. ցերեկը գյուղի թուրքերի հետ զրույց էր, գիշերը՝ կրակոցներ։ Մեզ սատարելու համար Էջմիածնի շրջանից եկան Փոքր Գագոն, Լյովան ու Համոն։ Նրանց օգնությամբ կարողացանք թուրքերին հանել դպրոցից ու հիվանդանոցից։ Նվիրված էին մեզ՝ ոնց որ մի ընտանիքի անդամ, մի մորից ծնված։ Եկավ, մեր զրույցին միացավ գյուղապետ Արթուր Բաբաջանյանը.
-Երբ առաջին անգամ եկան, մտածեցի. «Սրանք ի՜նչ օգնող են», բայց երբ նրանց օգնությամբ թուրքերին գյուղից հանեցինք, հասկացա, որ ուժեղ կամքի տեր, ազգասեր մարդիկ են։
Խոսք առավ Պավելի կինը՝ Վիոլետան.
-1988-ից սկսած՝ տղամարդիկ դիրքերում էին։ Չգիտեինք, թե գյուղին օգնության եկած տղաները որտեղ են։ Պավելն ինձ ոչինչ չէր ասում։ Որդուս՝ Աբրիկի հետ գիշերով անտառ էր գնում՝ իբրև թե ցախ բերելու։ Մի օր էլ ասաց. «Մարդու բան չասես, որդիդ տղորանցը հաց է տանում»։ Տասնչորս տարեկան էր Աբրիկն ու անվախ։ Մթնշաղին մենակ մտնում էր անտառ։ Պավլուշը գիշերները մնում էր անտառում, չէր ուզում նրանք՝ այնտեղ, ինքը տանը փափուկ անկողնում քներ։ Առանց տղաների, առանց Գագիկի մեր բանը դժվար էր լինելու։ Ի՜նչ օրեր քաշեցինք։ 1992 թ. մայիսի 7-ին «Գրադ»-ի արկը, էն, որ ասեղներով է, ընկավ մեր տան վրա։ Պատը փուլ եկավ։ Առաջնեկ զավակս՝ Վարդուշը, զոհվեց։ ՈՒշադիր հետևում էր, թե արկը որտե՛ղ է ընկնելու ու չիմացավ, որ հենց իր վրա է գալիս։ Բոլորս տանն էինք, միայն նա զոհվեց։ Որդիս՝ Աբրիկն էլ ականի պայթյունից ոտքից զրկվեց։
Վիոլոտայի վճիտ կապույտ աչքերը մշուշվեցին հոգու խոր անկյունում թաքցրած վշտի ալեկոծումից։ Երբ գրառում էի երեխաների անունները, հուզմունքից խառնում էր նրանց ծննդյան թվերն ու արդարանում. «Գրադ»-ի արածն է, բոլորս սկլերոզ ունենք»։ Երեխաների անունները գրեցի՝ առանց ծննդյան թվերի. Աբրիկ, Լիանա, Վարդուշ, Աննա, Ալվինա, Ալեքսանդր, Աշոտ, Արմինե, Արաբո, Արևհատ, Վարդիկ։
Ակնաղբյուրի պաշտպանության ժամանակ 33 մարդ է զոհվել, նրանցից 7-ը ՝ զինծառայող։ Խորենի հայրը՝ 78-ամյա Ալեքսանդր Հովսեփյանը, երիտասարդներին հավասար զենքը ձեռքին դիրքերում էր։ Ավտոմատը Մանվել Գրիգորյանն էր նվիրել։ Փոխգնդապետ Խորեն Հովսեփյանի հետ ծանոթացել էի 2000 թվականին՝ Հադրութի զորամասում։ Հրամանատարի՝ մարտական գծով տեղակալն էր և միշտ դիրքերում էր։ Երեկոյան կարճ ժամանակով եկել էր զորամաս՝ հրամանատարի հետ հրատապ հարցեր քննարկելու։ Դիրքերի մասին խոսելիս հայացքը ստեպ-ստեպ հառում էր պատուհանից դուրս՝ կապտամշուշով պատված Խուռուհատի, Ավետ, Բարս սարերի կողմը։ Զգացվում էր, որ մտքով այնտեղ է՝ դիրքապահ տղաների մոտ։ Երբեմն խոսքը կիսատ՝ ամուր սեղմում էր ափի մեջ եղած դրվագանախշ, փոքրիկ փայտյա խաչը։ Զգալով հետաքրքրված հայացքս՝ ժպտաց. «Զինվորիս նվերն է, իր ձեռքով է պատրաստել»։ Պատմեց, որ կռվի ժամանակ Խրմնջուղի «Նժդեհ 1» դիրքում 800 մետր հեռվից արձակված գնդակից իր ավտոմատի լիցքատուփը ցրիվ եկավ, լիցքատուփի շնորհիվ կյանքը փրկվեց։ Այդ գնդակը պահում է մինչև հիմա։ Կյանքի հրամայականով ընտրեց զինվորական ուղին։ Միշտ դիրքերում լինելով՝ կարոտում էր Ակնաղբյուրին, տանեցիներին, այգուն։ Շատ կուզենար, որ պատերազմ ասվածը չլիներ աշխարհում, ավեր, մահեր չլինեին, ինքն ապրեր գյուղաշխարհի խաղաղ, ստեղծարար աշխատանքով, բայց քանի դեռ կա վտանգը, քանի թուրքի աչքը հայի հողի վրա է, իր տեղը զինվորների կողքին է։
Խորենի հրաժեշտի խոսքը խնդրանքի պես էր. «Երբ երևանում հանրահավաքներ են լինում, այստեղ՝ սահմանագծին, հակառակորդի դիպուկահարը հանդուգն է դառնում; Բանակն ամուր ու ուժեղ է հաստատուն թիկունքով։ Մեր ժողովրդին շատ կուսակցություններ պետք չեն։ Բոլորը ժողովրդի լավի համար են խոսում, ուրեմն թող միանան, միասին գործեն, որ հայրենիքը շենանա»։
Պավելը, ասես որսալով, թե միտքս ուր է սլացել, բաժակը ձեռքին ոտքի ելավ.
-Ակնաղբյուրցիները, Խորեն Հովսեփյանի գլխավորությամբ, 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, մասնակցեցին նաև Մարտակերտի ազատագրմանը։ ՈՒխտաձորի չորս գյուղերը միշտ բարի խոսքով, երախտագիտությամբ են հիշում Գագիկ Մելքոնյանին, Մանվել Գրիգորյանին։ Նրանց շնորհիվ է, որ մեր Ձորակի գյուղերում չեղավ այն, ինչ որ եղավ Մարտակերտում։
Երկու ձիերից մեկը Մանվել Գրիգորյանի նվիրածն է։ Այդ ձիով Աբրիկը գնում է Հադրութի գյուղերը, մյուս ձիով անտառից ցախ են բերում։
Երբ հարցրի, թե պատերազմից ինչն է հաճախ հիշում, Պավելը տխրեց ու մի պահ լռելուց հետո բեկված ձայնով ասաց.
-Երբ հասանք Արաքսին, ջրի մեջ բարուրով երեխա տեսա։ Սիրտս լցվեց. երեխան ի՜նչ մեղք ուներ։ Հիշեցի աղջկաս, որ զոհվեց մեր տան մեջ։ Պատերազմն ահավոր բան է։ Խմենք հանուն մեր հողի ազատության զոհված քաջերի հիշատակի համար։ Նրանց երազանքն էր, որ որքան հնարավոր է շուտ խաղաղություն տիրի Արցախ աշխարհում, զոհեր չլինեն։ Թող խաղաղությունը տիրի ամբողջ աշխարհին, ազգը՝ ազգին, մարդը մարդուն թշնամի չլինեն, ուրիշի հողի վրա աչք չդնեն։
Արցախի ղեկավարության որոշմամբ, գյուղում առանձնատներ են կառուցվել Պավել Գրիգորյանի և Վիկտորյա Սայադյանի ընտանիքների համար։ Թեժ մարտերի ժամանակ Վիկտորյայի որդիներից մեկը զոհվել էր, մյուսը՝ անհետ կորել։ Գյուղը միշտ զգոն, արթուն հայացքով էր նայում սահմանագծին, որտեղ ննջող վտանգն ամեն պահ կարող էր արթնանալ։ Դժվարություններին սովոր՝ չի նեղվում, չի դժգոհում։
Անունն Ակնաղբյուր, սակայն ջրի պակաս, ջրի կարոտ կար։ Եղած աղբյուրները ցամաքել էին։ Մարդկանց հույսը միակ աղբյուրն ու արտեզյան ջրհորներն էին։ Դաշտերի հույսը երկնքից էր կախված։ Այդ տարի բերքն առատ չէր եղել՝ շատ անձրևների պատճառով փոշոտում չլինելու պատճառով։ Բայց մարդիկ չէին դժգոհում, լավատես էին։ Կարևորը՝ կռվի ժամանակ Ռուսաստան մեկնած ակնաղբյուրցիները վերադարձել էին, ու արդեն գյուղից հեռացողներ չկային։Հպարտ էին, որ Ստեփանակերտում սովորող չորս ուսանող ունեն՝ Մարգարիտան, Արամը, Արմանը, Մավրիկը։
Հրաժեշտ տալիս Պավելն ասաց.
-Ակնաղբյուրը սահման պահող գյուղ է, դժվար է, բայց չենք դժգոհում։ Երբ սիրում ես հարազատ հողդ, այն ամենագեղեցիկն ու անփոխարինելին է աշխարհում։ Մեր այգիներում ծիրան, խնձոր, տանձ, կեռաս, արքայախնձոր է հասնում, անտառներում քաղցրանում է մոշը, խռնչում է վարազն ու վարգում է եղնիկը։ Ակնաղբյուրի աչքը միշտ ճամփին է՝ կարոտ իր հոգսին ու ուրախությանը հաղորդակից մարդկանց։ Շուտ-շուտ այցի եկեք...
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հ. Գ. Ակնաղբյուրն այսօր գերի է և հույսի ու անհուսության սահմանագծում սպասում է մարդկային Արդարության ժամին...