Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի համագործակցության շրջանակում «Ջերմուկ առողջարանային և զբոսաշրջային քաղաքի զարգացման հեռանկարներ» թեմայով սեմինարին մասնակցում էր նաև ազգությամբ հայ Սյուզան Մոնոն, որն այսօր դասավանդում է ԼԱԲՃԴ-ում: Սյուզան Մոնոն ծնվել է Էջմիածնում, տասներկու տարեկանում տեղափոխվել է Ֆրանսիա:
«Պապս գաղթական էր, Ֆրանսիայի գաղութում էր: Հայերի սովորական ճակատագիր ու պատմություն է»,- մեր զրույցում նշեց նա:
Սյուզան Մոնոն մշտապես կապ է պահպանում Հայաստանի հետ, ազատ խոսում է հայերեն:
Հայ և ֆրանսիացի ուսանողների ստացած կրթության մեջ նա տեսնում է մեթոդների, մոտեցումների տարբերություն: Նա նշեց, որ հայ ուսանողներին պետք է հնարավորություն ընձեռվի հաճախ ճանապարհորդելու, ծանոթանալու եվրոպական երկրների ճարտարապետությանը:
Սյուզան Մոնոն ասաց, որ Ֆրանսիայում ուսանողները տևական ժամանակ զբաղվում են մշակութային, պատմական վերլուծություններով, ուսումնասիրում են հուշարձանները: Ըստ նրա՝ եթե ֆրանսիացի ուսանողն ուզում է Հայաստանի մասին հստակ պատկերացում ունենալ, ապա ուսումնասիրում է նրա հուշարձանների պատմությունը:
Ինչ վերաբերում է ԼԱԲՃԴ-ի և ՃՇՀԱՀ-ի համագործակցությանը, ապա նա համարում է, որ այն հայ ուսանողներին իրենց ֆրանսիացի ընկերների հետ մոտիկից շփվելու հնարավորություն է տալիս:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ