ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայը մի դեպքում է հաղթում, երբ իր առջև դնում է անհնարինությունը

Հայը մի դեպքում է հաղթում, երբ իր առջև դնում է անհնարինությունը
29.03.2024 | 08:57

Ծայրահեղությունների երկիր է Հայաստանը. մե՛կ Ծովից-ծովն է քչություն անում, մեկ` մի բուռը դառնում է անչափ մեծ։

Պատմությունն ինքնին ծայրահեղությունների շտեմարան է, պատմությունը մեր ազգի ծայրահեղություններն է հիշել միայն, երբ մենք եղել ենք կա՛մ ծայրահեղ հաղթող, կա՛մ ծայրահեղ պարտվող։

Որքան էլ փորձել ենք լողալ ոսկե միջինում, պատմությունը մեզ միշտ հուշել է, որ մերը ծայրահեղությունն է, կամ, եթե կուզեք, Ծռությունը,միգուցե հենց դա էլ մեզ համար պետք է սրբազան

Համարվի:

Այն ամեն լավը, որն ունենք մենք ծայրահեղ լավն է, իսկ այն ամենը, ինչը որ վատն է՝ վատն է ծայրահեղորեն։

ՈՒ մենք՝ միամիտներս, չհասկանալով մեր հայրենիքի բնավորությունը, մեզ միշտ մղում ենք ոսկե միջինի հոսանք։

Ի՞նչ ոսկի, ի՞նչպես կարող է միջինը ոսկի լինել, եթե ինքը՝ ոսկին, ծայրահեղ ազնիվ է. կա՛մ երկաթ ես, կա՛մ ոսկի:

Միջինը սնդիկն է՝ հեղհեղուկ, անհանգիստ:

Սրբազան հայոց լեզու՞ն է միջինը, մեր գիրն ու խո՞սքն է միջինը, Կոմիտա՞սն է միջինը, թե՞ Նարեկացին, կամ Թումանյանը… չէ՛, ո՛չ Թումանյանն է միջին, ո՛չ Նժդեհը, ո՛չ Սանասարը, ո՛չ էլ Մհերը,Մասիսն ու Արագածը, Անդրանիկն ու Թեհլերյանը․․․ոչ ոք ու ոչինչ այս շարքում միջինը չէ, սրանք բոլորը, մեր հավաքականության լավագույն ծայրահեղություններն են, որոնցով մենք հպարտանում ենք։

Միջին չեն փոքրոգությունը, անարիությունը, լոդրությունը․․․

նիկոլ փաշինյա՞նն է միջինը, թե՞ գետադարձը, Արցախը Հայաստան չհամարո՞ղն է միջին, թե՞ Հայ Դատն ուրացողը, կրկին անգամ՝ ո՛չ, ո՛չ, և ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Սրանք բոլորը, միջին չեն, սրանք էլ մեր հավաքականության վատագույն ծայրահեղություններն են։

ՈՒ՞․․․․ինչու՞ ենք էլի միջինում ապրում, երբ էդ միջինը ոչինչ է․․․Չնայած, չէ, ո՞վ է ասում, որ միջինում ենք ապրում, միջինում չենք, ծայրահեղ վատում ենք, որտեղ փորձում ենք անընդհատ միջինացվել։ Ծայրահեղ վատի մեջ որքան ենք պատրաստ միջին մնալ, ավելի ճիշտ՝ համոզել մեզ, որ միջինում ենք։

Չէ՞, որ այն ամենը, ինչ որ մենք ուզում ենք, ծայրահեղ լավն է․․․ծայրահեղ ազատագրված Արցախ ենք ուզում, ծայրահեղ հզոր բանակ, ծայրահեղ հզոր հայկականություն, ծայրահեղ լավ տեղ արևի տակ... ու դա ուզելով՝ ինչու՞ մենք ծայրահեղ լավը չենք դառնում։

Գիտե՞ք ինչու, քանի որ թվացյալ միջինից անչափ հեշտ է ծայրահեղ լավի մասին երազելը։ Ամեն ինչի ծայրահեղ լավն ունենալու համար առաջին հերթին կամք է պետք, ոգի է պետք, հավատք է պետք սեփական ուժերի նկատմամբ, ճիգ ու աշխատասիրություն է պետք:

Ծայրահեղ լավն ունենալու համար ծայրահեղ լավը պետք է լինել։

Այլ ելք չկա:

Թե չէ էս ծայրահեղ վատի մեջ միջինացվելը նույն ծայրահեղ վատի մասնիկի գինն ունի։

Էս անտեր աշխարհը ոչնչի միջինացվածը չի սիրում:

Էս աշխարհը սպունգի մեջ ներծծված ջրի նման մզում է միջինը։

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

26.03.2022

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ