ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դատավորը շահագրգռվա՞ծ է, թե՞ թերուս

Դատավորը շահագրգռվա՞ծ է, թե՞ թերուս
12.09.2014 | 11:38

Հայ մարդը չի դիմում դատարան իր իրավունքը, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, կամ էլ ցանկացած այլ հարցով, ասենք, իրեն հինգ հազար դրամ վնաս պատճառելու համար, կամ էլ փողոցը, ջրատարը աղտոտելու համար: Ինչո՞ւ: Որովհետև այնքան կգնա, կգա, որ հայցվորը կանիծի այն օրը, երբ սկսեց այդ գործընթացը:

Փաստեմ առարկայական:
Ընթացիկ տարվա հունվարի 22-ին, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման, տարածման համար պատասխանողին հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և նյութական վնասը հատուցելու պահանջի մասին 29.01.2014 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ենոքյանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Երկու դատական լսումներից հետո դատավոր Հ. Ենոքյանը դատարանի անունից, հանուն Հայաստանի Հանրապետության, 2014 թվականի ապրիլի 15-ի ԱՎԴ/0050/02/14 համարով վճիռ է կայացրել, որով պարտավորեցրել է պատասխանողին հայցվորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար գրավոր ներողություն խնդրել, ինչպես նաև հօգուտ հայցվորի պատասխանողից գանձել 10000 դրամ:
Այ, հենց այստեղ է, ինչպես կասեր ժողովուրդը, թաղված շան գլուխը:
Փորձենք մեկնաբանել, իհարկե, եթե շան գլուխը հնարավոր է մեկնաբանել, կայացրած վճռի օրինականությունը:
Սակայն մինչ վճռի օրինականության պարզաբանումը ընթերցողին պարզ լինելու համար, մի քանի խոսքով տանք քաղհայց ներկայացնելու պատճառները: Վահագն Հախնազարյանը 2008 թվականից մշակում է (իր ասելով՝ գնել է, սակայն չի ձևակերպել) Գեղամ Սարգսյանի, որն այսօր ընտանիքով ապրում է ՌԴ-ում, 0,21 հա սեփականաշնորհված գյուղնշանակության հողը, որի տարեկան հարկը կազմում է 5650 դրամ: Չմուծելով տարեկան հողի հարկը, 2014 թվականին այն կազմել է 38550 դրամ: Վեդու տնտեսական դատարանում 2013 թվականի նոյեմբերի 23-ին քննվում է գյուղապետարանի հայցն ընդդեմ Սարգսյանի: Դատաքննությանը ներկա էր նաև Վահագն Հախնազարյանը: Դատավոր Ա. Պողոսյանի հարցին՝ եթե մշակում ես հողը, ապա ինչո՞ւ չես վճարում հարկը, հետևեց Հախնազարյանի պատասխանը` ցուցամատը ուղղելով դեպի ինձ, մեկ այլ գործով պատասխանող Վ. Յախշիբեկյանի, գյուղապետարանի աշխատակից Էդիկ Մկրտչյանի և դատարանի ողջ անձնակազմի ներկայությամբ, թունոտ շպրտեց.
-Տամ, որ նա իմ փողերով հանի ջրի փտած խողովակները և տանի ուրիշի գոմին կրիշ կապի՞:
-ՈՒզում ես ասել, որ դու հարկը չես տալիս, որովհետև ես հարկն օգտագործում եմ խողովակներ հանելով, ծախելով և գումարը յուրացնելո՞վ,- հարցրի նրան:
-Ես կապացուցեմ, թե ում տանիքին են այդ խողովակները,- որին հետևեց դատավոր Պողոսյանի դիտողությունը, թե գյուղապետը խողովակները ինչ է արել և ում է ծախել, այլ հարց է, որը բացարձակապես կապ չունի հարկ վճարելու հետ, ինչին Հախնազարյանը դարձյալ անդրադարձավ, թե կապացուցեմ՝ ում տանիքին են այդ խողովակները:
Որպեսզի չծանրաբեռնեմ ընթերցողին, կարճ ասեմ, որ գյուղում իմ աշխատած տարիներին, որևէ տեղից չստանալով որևէ լումա, կատարվել է շուրջ 280 միլիոն դրամի աշխատանք: Գյուղի խմելու ջրի պրոբլեմը լուծվել է երեք տարում, անցկացվել է 23 կմ ջրագիծ։ Ըստ մասնագետի գնահատման՝ այդ ծավալի աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ էր 500 հազար ԱՄՆ դոլար: Փաստորեն, Վահագն Հախնազարյանը, չտեսնելով այդ ամենը, սակայն տեսնելով, որ ես փտած խողովակները ծախել եմ համագյուղացի, ազգությամբ եզդի Բենիկ Բաբայանին, մտածել է, թե այ, կեղտ եմ գտել Հովսեփյանի վրա և այդ պատճառաբանությամբ կարող եմ խուսափել հարկ վճարելուց: Ժողովուրդը կասեր՝ լսել է զուռնի ձայն, բայց չգիտի` ուր է այն: Իրոք, 2010 թվականի աշնանը 200 գծամետր անորակ խողովակներ, մետրը 800 դրամ արժողությամբ, ավագանու որոշմամբ ծախել եմ վերոհիշյալ անձին, և գումարը նույն տարում մուտք է արվել գյուղի բյուջե: Երբ իմ հայցադիմումը մուտք է արվել դատարան, և նա ստացել է ծանուցագիրը, իսկույն վազել է Բենիկ Բաբայանի մոտ, թե ինչքան փող ես տվել գյուղապետին, որին հետևել է նրա պատասխանը` որպեսզի երկար չխոսես, ահա խողովակների արժեքը մուծելու դրամարկղային կտրոնը: Դատաքննության ժամանակ վկաներ Վ. Յախշիբեկյանը, Է. Մկրտչյանը, իմ հարցին, թե ինչ հասկացաք տնտեսական դատարանում Վ. Հախնազարյանի խոսքերից, Է. Մկրտչյանը ուղղակի, իսկ Վ. Յախշիբեկյանը փոքր-ինչ այլ ձևով, թե այդ խողովակները ծախել և գումարը յուրացրել ես: Ահա ողջ պատմությունը: Եվ դատավոր Ենոքյանը կայացնում է մի վճիռ, որը դուրս է դատարանի վճռի նկարագրական մասի բովանդակությունից: Ներողություն խնդրելը դատարանը համարել է հիմնավոր, ինչպես նաև հիմնավոր է համարել վիրավորանքի համար գումարի հատուցումը, սակայն չի պատճառաբանել, թե ինչու հօգուտ ինձ պետք է գանձվի ընդամենը 10000 դրամ:
Այսինքն, դատավոր Ենոքյանը կայացրել է մի վճիռ, սակայն մինչև որին պատասխանելը, անդրադառնանք վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունիսի 26-ի որոշմանը: Հայցվոր Սոկրատ Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի ապրիլի 15-ի թիվ ԱՎԴ/0050/02/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը` հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության: Հունիսի 26-ի կայացրած որոշումը մեկ ամիս հետո մուտք է եղել առաջին ատյանի դատարան, որի դատաքննությունը դատավոր Ելենա Քոչարյանը նշանակել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին: Ստացվում է մի բան՝ դատական պրոցեսը կարելի է անընդհատ ձգձգել, մանավանդ, եթե դատավորի կայացրած որոշումը ինչ-ինչ պատճառներով թերի է:
Այստեղ հարց է առաջանում. եթե Ելենա Քոչարյանն էլ իր հերթին կայացնի իրավական հիմքից զուրկ վճիռ, այն կարո՞ղ է նորից բողոքարկվել, վերաքննիչ, վճռաբեկ և մինչև նոր ելման դիրք:
Ասացի վերևում՝ ինչ-ինչ պատճառներով թերի է, ու դատավոր Ենոքյանը կամ ցուցաբերել է շահագրգռություն և կայացրել է անգրագետ որոշում (ինչի՞ց ելնելով է մեկ միլիոնի շեմն իջեցրել մինչև 10000 դրամ, այն էլ որևէ պատճառաբանություն չբերելով), կամ էլ իրավաբանորեն գրագետ չէ և կայացրել է նման որոշում: Երկու դեպքում էլ նման որոշում կայացնող դատավորի վարքագիծը պետք է քննարկվի արդարադատության խորհրդում: Նման դատավորներն են, որ կարուսել են ստեղծում դատական համակարգում, ինչն իր հերթին բերում է դատարանների ավելորդ ծանրաբեռնվածության: Եթե մեկի պատիվն ու արժանապատվությունը վիրավորում են, ուրեմն տարիներ են պետք այն վերականգնելու համար, իսկ կիսագրագետ դատավորը պետք է նստի իր տեղում: Մինչև ե՞րբ: Չէ՞ որ ցանկացած դատավճիռ, վճիռ կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության:
Վերջին խոսքը արդարադատության խորհրդինն է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ