«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ

ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ
17.06.2011 | 00:00

«Ես սպասում եմ գիշերվան։
Նկարելու
ՈՒղեղներում մարդկանց
Պատկերներ լուսավոր
Մի նոր
գիշերվա...»։

Ռաֆայել ԲԱԶԻԿՅԱՆ, «Աթիլլ»

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
(ֆելիետոն, որ ծնվում է ամեն օր, հրապարակի կենտրոնում)

Եվ այսպես, խորհրդանշանների ծով-անդաստան երկիր Նաիրիի քաղաքամայր (Էրեբունի ամրոցի իրավահաջորդ) Երևանում մի մե՜ծ, շա՜տ մեծ անիրավություն կա։ Անուղղակի։ Պատմական-մշակութային։ Քաղաքական-դիվանագիտական։ Սոցիալական-տնտեսական։ Հոգեբանական-բարոյակրթական (ուշադրություն` չշփոթել լակոտակրթականի հետ)։
Ազգանվեր-հայրենակարոտ, պետականաշեն-ինքնաբորբոք, գերակա-երկնիշ հուշարձանախմբի բացակայությունն է։
Հուշարձանախումբ, որը կամրագրի առօրյան, կուրվագծի ապագան, կուղղորդի ապահովագրման։ Եվ այլն։
Սակայն ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ եղավ։ Եղավ հետևյալը. երրորդ նորանկախ հանրապետությունը (այս բառը գրելիս, լսելիս, արտասանելիս սիրտդ ուռչում է հանց երկնիշ տնտեսական աճը, զարկերակդ բաբախում-ալեկոծվում է ինչպես դրամա-դոլարային տապկնոցին, թոքերդ էլ, պարզ է, ոգեշունչ ներշնչմամբ կլանում են հայրենակարոտ թթվածնի մի էնպիսի չափաբաժին, որ տեղատվություն է առաջ բերում Կարապի լճում, լուսանցքային ընդդիմության վարկանիշում և ցունամի` երիտկուսակցականների կերակրափողում)։ Յուր չքնաղ մարտակոչերին հնազանդ օտարեց ՈՒլյանով Վալոդի (նույն ինքը` Լենին պապի) հուշարձանը։ Չմոռանանք ազգապետական սխրանքի հեղինակ-պետական այրերին. վարչապետ` ֆլանը, քաղաքապետ` ֆստանը։ Եվ Վալոդի (ՈՒլյանով, Լենին պապի) հուշարձանը թախտիցն ընկավ, ինչպես ասում էր Սյունաց աշխարհի բազմաչարչար պրոլետար, այնուհետև` բիզնես-լեդի Նախշուն բաջին։
Եվ այսպես, հրապարակը բարոյա... կրտվեց։ (Արձանն օտարվեց)։ Թափուր, թեպետ և գեղաշեն, հոյակերտ, քանդականախշ և սրբատաշ պատվանդանն ուխտադրուժ հուշ էր, ոխերիմ զառանցանք, անմնացորդ հալածանք... Եվ այս ամենը` ուղղված մեր ազատ, անկախ, ինքնիշխան գոյակերպին։
Հապա սույնը կրկնենք հավուր պատշաճի. ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԻՆՔՆԻՇԽԱՆ։ Եվ օտարվեց, կազմաքանդվեց սովետա-խորհրդային հրաշակերտ դամբարանը։ Է՜հ, ինչ անենք, թե հրաշակերտ էր, գեղաշեն և քանդակազարդ։ Բայց չէ՞ որ դասակարգային հակոտնյա էր, քաղաքական կարոտաբաղձություն, «մուննաթ ու նաֆս» մեր անկախ ու առկախ ազատության հանդեպ։ ՈՒ ի՞նչ արվեց։ Կարմիր բոլշևիկների եռամատ կոմբինացիան` հանդեպ միջազգային կապիտալիզմի, կիրառվեց նրանց նկատմամբ:
Քանդում էին, չէ՞, բուրժուազիայի դղյակները, պալատները, կոթողներն ու ատրուշանները։ Դե իմացեք, որ այս լուսնի տակ ամեն բան ենթակա է վերահիշման։ Հիմի էլ մենք (վարչապետ ֆլանն ու քաղաքագլուխ ֆստանը) ձեր դամբարանը ևս-ևս կանենք։ Եվ արեցինք։
Փլուզվեց կայսրապետության վերջին զիկկուրատը։ Եվ հողմածեծ եղավ սովետահայ աշխատավորի, ճարտարապետի, ճարտարագետի, աշխղեկի ու քարտաշի տքնանքի արգասիքը։ Է՛հ, արժե՞ր այդքան տքնել։ Եվ խոյակը փոխարինվեց խոտհարքով։
Եվ գրանիտե սրբատաշ սալին շրջանցեց կանաչագեղ մարգագետինը։
Եվ մարգագետնով մեկ սփռվեց ազատ, անկախ, ինքնիշխան պետության զեփյուռը։
Դե, ասացեք, խնդրեմ, մի՞թե սա դասակարգային առաջադիմության, խորհրդային լծասարքը վանելու փայլուն առհավատչյա չէ։
Քանի բանվոր, ճարտարագետ ու ճարտարապետ գլուխ ջարդեց էդ սովետահայ, կներեք հազար ու մի յոթանասուն անգամ, ախմախությունը շինելու-կերտելու-հավերժացնելու համար։
Մի հինգ հարյուր, ոչ պակաս։
Իսկ հիմա՛։ Անկախ-ինքնորոշված ջրհան սարքը ժամը մեկ ջրցանում է երկրի թիվ մեկ խոտհարքը։ Մեր անկախ գոյակերպի հրաշաբույր «Յոնջան»։
Այսպիսով, Հանրապետության հրապարակի «Յոնջան», լճիցլճյան համաժողովի միահամուռ որոշմամբ, համարվում է ՀՀ պետական խորհրդանշան։ (Կրճատ անվանումը` ՀՊՅ, իմա` Հայաստանի պետական յոնջա)։ Եվ սույն ահարկու առաջարկն այս պահից ի վեր ներկայացվում է հանրային քննարկման։ Հանրայինը` հրապարակավ, հրապարակում։ Առաջարկները, միայն ձեռագիր (ցանկալի է ուղղագրական սխալներով, պարտադիր է «գազեթնի» դեղնագորշ թղթի վրա), պահ տալ Գետառի գլխավոր աղբահան-հսկիչ Գերասիմին։
Երկրորդ, ոչ պակաս նշանակալից-հայրենակարոտ հուշակոթողն առաջարկում ենք (եղեք ուշադիր, չենք համոզում, պարտադրում կամ բռնանում) տեղակայել Ազգային պատկերասրահի գագաթին։ Դեմ հանդիման. ա) Արարատ լեռանը, բ) երկնատոչոր երկնաքերին, գ) ՀՀՅ-ին։
Ի՞նչ է այն։ Եվ ի՞նչ է խորհրդանշում, պատկերում, դատում-բաղդատում։
Վեհասքա՜նչ, կենտրոնաձի՜գ, ամպագոռգոռ և դարակազմիկ մի անկազմ, թերթաթափ և ինքնաբավ մատյան, գիրք, հատոր...
ՈՒ մի՞թե առաջարկն այս ժամանակի ոգու ցցուն արտացոլանքը չէ։ Պետականության վերականգնման-վերաիմաստավորման ինչպիսի՜ վեհասքանչ օրինակ։ Այո՛, եղել ենք, կանք ու կլինենք։ Այո՛, մարսել-հաղթահարել ենք բոլշևիկյան եղանը, կոմունիստական «կանդալները» և խորհրդային հոգնան։
Եվ մի՞թե չարագույժ անցյալի ուրվականներն այսօր էլ չեն թափառում հրապարակում` Մատյանի, Գրքի, Հատորի տեսքով։ Եվ մի՞թե հենց նրանք յոթ տասնամյակ չկապանքեցին մեր ինքնիշխան ոգին, մեր մարմինը` կոփածո պղինձ, եկած դեռ բրոնզե դարից (հինգհազարամյա չարոխը վկա)։
Ինչե՜ր եղան, եկան-անցան հավաքական հայի գլխով։ Է՜լ համատարած կրթություն։ Է՜լ համակարգված գիտություն։ Է՜լ համով-հոտով ազգային մշակույթ։ Եվ ամենը պարտադրված, մուրճ ու մանգաղի կատաղի ստվերի ներքո։
Եվ ամենքի դրդապատճառը զարհուրելի և զազրելի պարտուսն էր, պարտադիր ուսուցումը։
Պարտո՜ւսը... Քանի՜-քանի աննկուն չոբաններ էին պարտադրված գիրկապ անում «Այբ»-ն ու «Բեն»-ը։ ՈՒ հայոց դասականների հատորները մախաղն առած չափում էին սար ու ձոր։ Որ ինչ։ Մի խոսքով, երկրորդ լճիցլճյան խորհրդանշանը պարտուսն է։

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵՂՈՒՄ
Որպես ազատականության առհավատչյա։ Երիցս առկախման կանխակալում։ Հընթացս անկախության խարիսխ, որովհետև, այո՛, մենք մի բուռ ենք, բայց բավարար ենք ալամ-աշխարհի բազմաբույր ապուրն աղով լիացնելու։
Մի խոսքով, կռահեց իմ թանկագին և պատվարժան լճիցլճյան ընթերցողը, որևէ մրցույթ, քանդակագործների, ճարտարապետների, ակադեմիկոս-մակադեմիկոսների մասնակցությամբ, Չիք։ Ազատություն ամենուր։ Առկախում ամեն բանից։ (Ի սկզբանե էր ԲԱՆՆ...)։

ԳԵՂԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(Պարտուսի անտեսում։ Մասնագիտական կրթություն-մրթությունը էական չէ։ Կարևորը ցանկությունն է, կամքը, ոգին)։

Հրապարակ մտնելով Ամիրյան փողոցից` գրանցում ենք անծանոթ, սակայն բավարար չափով անկախ-առկախ նկարագիր ունեցող առաջին յոթ քաղաքացուն, ուղևորվելով դեպի կառավարական տան ժամացույցը։
Նկարագրի տեսլականը։ Եթե քաղաքացին (գեղխորհրդի ապագա անդամը) պաղպաղակը ճաշակելիս խորամուխ հաշվառում է անցնող-դարձող հայուհի և ոչ հայուհի աղջիկ-կանանց և թույլից-չափավոր սանձարձակության հաճոյախոսություններ շաղ տալիս, վերջում էլ պաղպաղակի մնացորդն ուշիմ վարպետությամբ ի պահ է հանձնում ջրավազանին, ուրեմն բավարարում է գեղխորհրդի պարտուսի պահանջվող նվազագույնը։

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՃՈՒՐԴ
(լալահառաչ պամֆլետ)

Հանրապետության հրապարակի օվալաձև-նախշազարդ գորգը հայտարարվում է երրորդ հանրապետության գերակա խորհրդանշանի (ԳԽ) տեղակայման վայր։
Պարտադիր պայմանը` ազատության, առկախության, անորոշության հավաքականություն։
Նյութը` քար, կավ, պլաստիլին։
Իմաստագաղափարական նկարագիրը. այն պիտի խիստ պարզորոշ բացահայտի մեր քսանամյա տատասկոտ-փառապանծ ուղին, լինելությունը, ոգին` լիուբոլ, լայնքով-երկայնքով։ (Աճուրդին մասնակցում են միայն խորհրդարանական կոալիցիան և արտախորհրդարանական ընդդիմությունը)։ Արտացոլանքը. հանրապետականություն և հակապետականություն։ Օրինապահություն և օրինազանցություն։
Բարգավաճում և բարբաջանք։
Օրինակ. հանրապետականության խորհրդանշանի հենք կարող են ծառայել ցեղակրոն-այլախոհությունը` ...յանը (բազմակետերի տեղում ընթերցողը կարող է իր նախընտրած անունը դնել) Հայրիկյանի կալանավորական պիժամայով։ Հակապետականությունը հրաշալի կարտացոլվի միահավաք մի կերպարում, ի մի բերված Ռուբեն Խլղաթյանից, Արայիկ Քոթանջյանից, Տիգրան Արզաքանցյանից։
ՀՈՒԶԱԽՌՈՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(լրջախոհ վերջաբան)

Շատերն են հուզվում։ Եզակիները` սուզվում։ «Իջիր ջրի հատակը» կարգախոսը մեր անփառունակ անցյալի մնացորդն է։ Զի «մինչև անցնի վտանգը» բավականին կենսունակ էր սովետախորհրդային մեր անցյալում։
Պետություն-հասարակություն համակեցության բարձրագույն խորհուրդն էր` գողացիր այնքան, որ ձեռքդ չբռնեմ։ Բռնելիս այն կանդամահատեմ։ Հետո կուստոմսդ կառգրավեմ։ Սա համազոր է մեր օրերում, օրինակ, ոմն «բարեգործ»-քաղաքական «վոժդի» աչքի փուշը դառնալուն։
Ի դեպ, ոչ պակաս նշանակալից խորհրդանշան կարող է հանդիսանալ «քաղաքական վոժդի» հուշակոթողը։ Չէ, սա ոմն խմբապետ Շավարշը չէ։ Ոչ էլ սովետահայ ավարառու, ասենք, «Կայարանի Փայլակը», «Դքի Նորոն» կամ «Ժնջիլ Վաղոն»։
Սա կենդանի քուրմ է։ Քայլարշավող Բուդդա։ Հավերժական ճանապարհ։ Եվ այլն։
Եվ ահա պատմում են, որ քաղաքական սույն կուռք-վոժդերի բարեհաճությանն արժանանալը մի խումբ մտավորական-մոտավորականների և մարզիկ-թարսիկների և, անշուշտ, աստղ-աստղուհիների կյանքի գործն է, գոյության իմաստը, ապագայի ապավենը։ Այս մասին, սակայն, հաջորդիվ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ



Հ. Գ. -Արժե Հանրապետության գլխավոր խոտհարքում կերտել «բարձր հովանու» հուշակոթողը։ Ցայտաղբյուրի պարտադիր ներկայությամբ։ Եվ կազմակերպել համահայկական դասընթացներ, համաժողովներ, քննարկումներ` պարզելու դարի մեծագույն խորհուրդը` «բարձր հովանին»։ Նրա հո՞վն է հով անում «ալամ-աշխարհին», թե՞ մի այլ խորհուրդ կա, ըմբռնել է պետք։ Եվ ըմբռնելով թողած հոգս ու հույս, անտեսած դավ ու ցավ, շտապ մի հարմարավետ տեղ գտնել «բարձր հովանու» ստվերում։ Ի դեպ, պատմում են, որ ՀՀ բոլոր «բարձր հովանիները» մի զարմանալի յուրահատկություն ունեն. կես ժամ կանգնում ես նրանց ստվերում և բոլոր հայտնի-անհայտ հիվանդություններդ անհայտ-հայտնի ուղղությամբ անհետանում են։ Օրինակ` մոլաքորը, սրտխփոցը, անտեղի զկռտոցը և այլն։


Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ