ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԳՐՅԱԼ ՀԱՅ

25.03.2011 | 00:00

Ազատությունը ազատաբաղձ ժողովրդի երազանքներում, մարդու մտքի սև ցելերում, խրճիթներում, հրապարակներում, կղզիներում, անգամ պալատներում սերմվելուց առաջ ծնվում ու թևավորվում է վեհ ու վսեմ հոգիներում, ապա բարեբեր քամիների շնորհիվ սավառնում մարդկային երազներում ու լեռներում: Ազատության իրավունքի «փշոտ ճանապարհը» նաև հայոց դարավոր ժառանգությունն է, որի հպարտ կրողներից մեկը դու ես այսօր մեզանում:
Ամեն պահ քո կողքին եմ, զգում եմ քո ազնիվ շնչառությունը:
Պիղծ աշխարհը մեզ և մեր սուրբ հողը չպետք է կարողանա զրկել հայությունից, քրիստոնեությունից: Հայաստանն ամենուր նվիրական զավակներ ունի, և մենք ենք մեր գլխի տերը լինելու: Օտար և օտարահլու ձեռքերը պետք է հեռանան: Խիստ ժամանակն է ստեղծելու Հայաստանի Փրկության Կոմիտե (ՀՓԿ): Ժողովրդին ծվեն-ծվեն են արել, ջլատել: Բոլորը մենք ենք ու... մենք չենք: Հարազատ ենք ու... օտար: Մեր թշնամին մենք ենք, հոշոտում ենք մեր միտքը, մարմինը, հողը, երկիրը: Էսքան թշվառ ու անտեր մեկ էլ ե՞րբ ենք եղել: Դատարկվում է Հայաստանը: Ամեն օր Հայաստան ենք կորցնում: Հայերեն միտք ու խելք ենք կորցնում: Մեր վաղվա գործը ավելի դաժան ու դժվար է լինելու, որովհետև դժվար է ու դաժան մեր է՛ս ժամի գործը: Ա՜խ, մեզ ուղեկից մոլորյալ մեր ժամը:
Բաց հրապարակային դուռդ չեմ բացում, որովհետև վատառողջ եմ: Յոթ, քառասուն օրվա, գուցե և մեկ տարվա կյա՞նք է մնացել ինձ, դա ոչ թե իմ, այլ Աստծո գործն է: Շատ բան մոռացած, ամաչում եմ մեր ժողովրդի դառնաղի վիճակի համար: Բոլորս ենք մեղավոր: Ազգովին: Մենք ենք ստեղծել ամեն տեսակի մեր կեղեքիչներին:
...Զորավար Անդրանիկին հղած իր նամակում, 1917-ին, Մեծն Թումանյանը գրում է. «...համբուրում եմ հերոսական ճակատդ»: Ամեն մեկս երանի թեկուզ մեկ օրով կարողանանք մեզ զգալ ժառանգը Թումանյանի, Անդրանիկի, Նժդեհի ու... փրկության Վահագնը կծնվի, փշոտ ճանապարհը կծաղկի ու կբուրի:
Հայոց աշխարհում կատարվող ամեն մի անարդարության համար ես մեղավոր եմ ճանաչում նախ ինձ: Ես ամաչում եմ մեր երկրի, մեր ժողովրդի անտեր ու թշվառ վիճակի համար: Աղաչում եմ` դադարեցրու հացադուլդ: Էդ դերը քեզ չի տրված: ՈՒզում ես երակներդ կտրիր, մեծ ու պուճուր տրամաչափի և ոչ մի իշխանավորի մեջ հայոց գութ ու խղճմտանք չի շարժվի: Մարդակեր գազան` մարդը դեռ երկար էսպես կմնա:
Անկախության, ազատության դարավոր երազանքների սուրբ ակունքներում զոհվածների անուններով զրահավորվածները հարամեցին հայոց կյանքը. նրանց մեղքով դատարկվում է Հայաստանը: Սոցիալական պայթյունավտանգ իրավիճակ, երազած պետականության ամրակայման քիմիական քայքայում: Ո՞Ւր է իմ պետությունը: Ես չէ, որ քեզ պիտի ասեմ: Չափչփում ենք օտար հեռուներում: Հացի խնդիր է: Օտարվում ենք նաև մեր տանը, մեր հայրենիքում: Քիչ է ասել, թե վատ եմ զգում: Ո՛չ դեղորայքի, ո՛չ բավարար սննդի գումար չկա: Խեղճացած բժիշկները ժպիտով չեն սպասում դատարկ գրպանավորներին,- անկեղծ լինեմ` ինձ մի երկու տեղ սպասողներ կան, ամոթը լավ բան է,- իսկ ի՞նչ անի խեղճացած ժողովուրդը` հաց ու դեղորայքի, հենց արդարության կարոտ ժողովուրդը, օտարից ու հարազատից խաբված ժողովուրդը: Երկրաշարժ, պատերազմ և, ավելի բեթար` ռոբերտքոչարյան տեսած անկոտրում թվացող, սոված հավի նման երազում կուտ տեսնող ժողովուրդը: Եթե մեկնումեկը փորձելու է օգնության ձեռք մեկնել ինձ, ապա հարյուրհազարավորներին օգնելուց հետո, ինձ` ամենավերջում, եթե մի փշուր մնա: Երկրում մնացած մարդու նման օգնության կարիք են զգում երկրում մնացած մեր հողը, մեր ջուրը, մեր լեզուն, մեր կողոպտվող ընդերքը, մեր խիղճը, հանգչող մեր քաջությունը:
Սիրտս լիքն է: Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցուն իր մեծավորը հերոսի կոչման է արժանացնում, իսկ մեր հերոս-ազատամարտիկները, ղարաբաղյան պատերազմը հաղթապսակածները բանտերում զբաղեցնում են ռոբերտքոչարյանների տեղը:
Ինչ էլ ասեմ, ինձնից շատ գիտես:
Կեղեքվող Հայաստան:
Կեղեքվող հայ ժողովուրդ:
Երկնքում փրկության ճանապարհ որոնող հայ ժողովուրդ:
Ի՞նչ անեմ, Ազատության ժառանգ:
Պի՛նդ կաց:
Համբուրում եմ հերոսական ճակատդ, սեղմում սերմնացան ձեռքդ:
Շարունակիր մագնիսի նման քեզ ձգել բոլոր ազատատենչ ժառանգներին:
Նորից եմ խնդրում` դադարեցրու հացադուլդ: Հացադուլությունն ազգափրկիչ, ժողովրդափրկիչ ճանապարհ չէ: Իշխանավորները զբաղված են ժողովրդակերության, երկրակերության խիստ շահեկան գործով: Դու հայությանը պետք ես նաև կորուսյալ Հայաստանի ճանապարհներին, ինչպես պետք էր բոլորիս մեջ մեծ հայրենիք արթնացնող Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը:
Հարգանոք, պինդկացեքյան սիրով` Հրաչօ (Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ)
Հ. Գ.- Ամեն պահ մտքով մոտդ եմ, մտքերիդ հետ: Պարզապես ուժ չունեմ գալու: Էս վիճակով չարժե երևալ ո՛չ քո աչքին, ո՛չ էլ չկամներիս: Քեզ թևաթափ կանեմ, իսկ չուզողներիս կուրախացնեմ: Չկարողացա գալ ու շնչել քեզ: Բայց ես քո շունչն եմ շնչում, Ազատության Ժառանգ: Էսօր` կենարար մարտի 23-ին, ժամը 13-ին նամակս ուղարկեցի «Իրատես de facto»-ի խմբագրություն: Աստված արդարների հետ: Եվ կամքով արիների:
Մարտի 23

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ