«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ
03.06.2011 | 00:00

ՀԱՑԻ ԽՆԴԻՐ
(բոշայապատում)

«Իսկ երկինքը լուռ է. Գառնու տաճարում տոնից տոն է խնկարկվում հին աստվածների հիշատակը, քարակերտ դեմքով պաշտոնյան երկմտանքի մեջ է` ընդմիջմանը ջայլամի ձո՞ւ վայելի, թե՞ կապկի ուղեղ, տիրացուն տուն է պահում շարականների զորությամբ, թեև բամբասում են` իբր հին վաշխառու է, անատամ ժամհարը մոռացել է` քանի անգամ են ձգում պարանը գույժ հնչեցնելիս»։
Էդուարդ ԽԱՉԻԿՅԱՆ, «Երևանյան կոլաժ»

ՈՒՐ ԳՆԱՑԻՆ ԲՈՇԱՆԵՐԸ
(եղել է, չի եղել)

Ավագ ու միջին մեր սերունդը, ում բախտ էր վիճակվել ապրել 60-70-ականների Երևանում, կարծում եմ, չի մոռացել մայրաքաղաքի արվարձաններում հաճախ հանգրվանող հայ բոշաներին։ Մոռանալու բան չէ` սարի ծամոն վաճառող ու անհեթեթ գուշակություններ անող խառնամբոխը պատուհաս էր բնակչության համար։ Այն տարիներին շատերը համոզվեցին, որ, առհասարակ, գնչուների շուրջ հյուսվող պատմությունները, ազատ արձակ դաշտերի և այդ դաշտերի խենթ զավակների մասին, այնքան էլ հովվերգական չեն։ Հայաստանյան բոշաները, ինչպես առհասարակ գնչուներն ամենուր, աչքի սուրմա թռցնող, ի ծնե անբան, ի բնե թափառաշրջիկ «խալխ» էին։ Այլ կերպ ասած, բոշայությունը հակաքաղաքակրթություն է ամենուր։ Բայց ահա նրանք գեղեցիկ մի օր հեռացան անհայտ ուղղությամբ։ Ո՞Ւր, ինչպե՞ս, ինչո՞ւ։ Հարցերը չունեն պատասխան։ Եվ սա շատ պարզ մի պատճառով` զարգացած տնտեսություն և արդյունաբերություն ունեցող մեր հանրապետությունում բոշաներն անցան նստակյաց կյանքի։ Այսինքն` ներգրավվեցին հանրային կյանքում։
Եվ մի՞թե զարմանալի է համակարգված բոշայության աղմուկը մեր նորանկախ կյանքում։ Աչքի սուրմա թռցնելն այսուհետ հայկական շուկայի հավատո հանգանակն է։ Բայց դե ո՞նց տարբերես բոշային բարեկիրթ քաղաքացուց։

Ի դեպ, բոշայության դեմ «սովիետ միությունը» բավականին անհանդուրժող էր։ Զի ապավինում էր հալալ քրտինքով և պլանների հարաճուն բազմապատկմամբ պետությունը շենացնելու լենինյան ռազմավարությանը։
Սակայն, արի ու տես, որ կայսերապետական անհանդուրժողականությանը փոխարինած նորանկախական-ազատական «ըմբռնումաշինիչային» հանդուրժողականությունն այլևս չունի անելիք ու, պարապությունից հորանջելով, լքել է հանրապետության սահմանները։ Մի մասն էլ անցել է անժամկետ գործադուլի ու «շղթաներն է փշրում» Ազատության հրապարակում։ Շղթաների փշրանքներից ձուլում ենք կուտ մոռացության և կերակրում Կարապի լճի սագերին, շերեփուկներին և ագռավներին։ Եվ թող կեցցե՛ մեր ազատ-անկախ գոյակերպը` ձևով ազգային-լիբերալ, բովանդակային մասով էլ` մենաշնորհային, կուսանդամված և հանրահավաքային։
Շեղվում ենք սակայն։ Լճիցլճերում զեփյուռն է թևում։ Շուրջ կես միլիոն բոշաների ինտեգրումը լրջագույն ավանդ է նորանկախության վաճառասեղանին։
Զի հացի հարգն այլևս համազորված է անարգանքի։
Հացն հանապազօր այլևս արդար վաստակի արգասիքը չէ, այլ ընդամենն այլընտրանքային ինքնախաբկանք, հավելյալ յուղ` չկայացող հեղաշրջումների կրակին։
Չէ, սուտ չէ բնավ, և հաստատված է դարերի փորձությամբ. մենք` հայերս, ի տարբերություն «ալամ-աշխարհի», քարից հաց ենք քամում։ Հացից` գերշահույթ։ Մեկ գործողությամբ թատերախաղ է, ուրիշ ոչինչ։ Թատերախաղի սցենարը գրվել է կառավարականում, լրամշակվել օրենսդրականում։ Սպառողական զամբյուղում էլ, որպես ական, ի հայտ է եկել վերջին արարում։ Եվ ահա հացն ու հացաբուլկեղենը որքան փքուն ու ախորժելի, նույնչափ սնամեջ և եթերային են։ Սա է հացն հանապազօրի խորհուրդն արդի։
Միջանկյալ Հ. Գ.- ՀՀ առողջապահության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների միացյալ հայտարարությունը. «Նաիրյան դալար բարդու նման քաղաքացի կերտելու նպատակով անցնում ենք կամավոր-պարտադիր ինքնախարազանման. հացից օտարում ենք հացեղենը, այն ըմբոշխնելիս Տերյան ենք «վայելում» և ազգովին դառնում հեզաճկուն»։ Կորչե՛ն հացի իրական քաշն ազդարարող ազգադավ կշեռքները։ Հացն այսուհետ զուտ գեղագիտական վայելք է, նոր միայն մեր ավանդական, հազար փորձություն անցած ճաշասեղանի հավերժ պահեստային խաղացող։ Վերջերս շուկայագիտության ցնծություն էր արվարձանային հացի փռերում։ Մատնաքաշը` ճկույթի մարմնազանգվածով, փրկօղակ էր հայտնաբերել` հանձին փքաբլիթի (նաև` անչամիչ բուլկու)։ Էսպես ահա, մատնաքաշը` 150 դրամ, վրադիր` անվճար մեկ փքաբլիթ։ Սպասվում են անվճար հավկիթի կամ նրբերշիկի, դդմիկի կամ լոլիկի «վրադրումներ»։ Ցնծա՛ և պորտապար բռնիր, ազատական հայոց շուկա, բոշայապատումն այլևս վարքականոն է, մտածելակերպ և, հասկացաք, փրկօղակ։

ԹՈՒԼԱՑԵ՛Ք ԵՎ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԵՔ
(հեռուստակրտարան)

Հանրային բարոյականի կրթման օրենսդիր նախաձեռնությունները ցնծությամբ են պատում հոգիս։ Ինչպիսի՜ խորունկ հայրենասիրություն։ Որպիսի՜ անմնացորդ նվիրում։ Եվ այս ամենը հանուն հանրային բարոյահոգևոր առողջացման։ Նաև` վասն զմայլելի մարմնակրթության։
Համընթաց գերակայություններ, անվճար փքաբլիթներ և գովազդային ժամանակի հավելումներ։
Այո՛, կառավարաօրենսդիր ընտրանին և նրանց խոսքին ականջալուր հեռուստաքրմերը վերջապես հայտնաբերեցին այս կարևորագույն բնագավառի փրկօղակները։ Հետո, հասկանալի է, դադար առան և հանրայինի ցավն ու բերկրանքը մաշկով, զարկերակով, սրտով և լյարդով զգալու առաքելությամբ մեկական անվճար փքաբլիթ ճաշակեցին, ըմպեցին հայրենական արտադրության ապօրինածին օշարակ։ Զոհեր, բարեբախտաբար, չկան, մեկ օրենսդիր և երկու գործադիր, չդիմանալով փորձությանը, ահարկու փքվել են։ Փքաբլիթներն ի ցույց են դրված։

Որոշումն ազդու է ու անսասան։ Ժողովրդի նյարդերի խնայման, փայծաղի աշխատանքի լիարժեքության և անցանկալի այլ մարմնահոգևոր դրսևորումների կանխման նպատակով, որոնք միանշանակ հետևանք են հեռուստաէկրանից հորդացող սերիալային որովայնախոսության, լրատվական հրապարակախոզության և ոսկեղենիկ մայրենիի անգութ բռնադատման, հավուր պատշաճի հարգանք տածելով եվրակրտարանի պահանջների և հեռուստաքրմերի պահանջմունքի հանդեպ, առաջնորդվելով «Հասարակությունը մեր կյանքի հայելին է» նշանաբանով, Ամալյանի սիլուետով և Բագրատյանի գանգրահեր մտասևեռումներով ելքը գտնված է։ Արդեն և այսուհետ։ Անդարձ ու վերջնագրային։ Մեծացվում է գովազդային հեռարձակման ժամանակամիջոցը։ Եվ էապես նվազում է որովայնախոսության, հրապարակախոզության և, առհասարակ, այլևայլ աղաղակող ախմախություններին հատկացված ժամանակը։
Այսինքն, չես էլ հասցնում գեղագիտական կոմայի մեջ ընկնել, ակամա ըմբոշխնելով Հանրայինի դրոշակ Աշոտ Ղազարյանի դոշաբաբույր ժպիտը, ու գովազդը վրա է տալիս, փրկում բանական-բարոյականդ, հովվերգական մեղեդիներն են հնչում հայրենի արոտավայրերում, ջրվեժներն են կարկաչում, շոկոլադի ու սափրասայրի, լավաշի ու հիգիենիկ պարագաների երթերն են, վալսերն ու քոչարիները։
Էնպես որ, ընկողմանեք բազկաթոռում (եթե չկա` ուղղակի թախտին), թուլացեք և բավականություն ստացեք։

ՋԱՅԼԱՄԻ ՁՈՒ, ԿԱՊԿԻ ՈՒՂԵՂ ԵՎ ՔԱԲԱԲՈՎ ԼՑՈՆՎԱԾ ՄԱՐՄԵԼԱԴ
(գաստրոնոմիական պամֆլետ)

Հետաքրքրությունից, ավելի ստույգ, դրա չբավարարումից գործազուրկ գինեգործ Սենեքերիմը հասավ ինքնախարազանման նախավերջին աստիճանին և տնտեսական ճգնաժամի հաղթահարման սեփական ծրագիրն առաջարկեց։
ՄԱԿ-ին։
«Տրնդեզ» համատիրությանը։
Տոնից տոն սափրվող երթուղայինի օրինակելի վարորդ Սրապին։
Էությունը հետևյալն է։ Սենեքերիմը վստահ է, որ եթե սննդամթերքը դառնա քարտով, և քարտը պարտադիր լինի անխտիր բոլորի, անգամ պատգամավորի և օլիգարխի, նույնիսկ մարմնավաճառի, անվերապահորեն Սրապի, անգթորեն հայկական շոու բիզնեսի սոխակների, դեղձանիկների և փայտփորիկների համար, ճգնաժամն ինքնաբերաբար (կներեք սույն որակման համար) կթքի հայրենական փայտիկին։ Այսինքն, մազապուրծ կլքի երկիր Նաիրին։ Սադախլոյի անցակետով։ Որովհետև, համոզված է Սենեքերիմը, ապրանքի գինն ուղիղ կապ ունի դրանց ախորժակի հետ։ Մի նստելուց, պատմում է վրդովված, օլիգարխի թիկնապահը «խեղդում» է նույնքան կալորիականություն ունեցող սնունդ, որն իր չափաքանակով և կլանման ձևաչափով համազոր է սահմանամերձ գյուղի մանկապարտեզի մեկշաբաթյա սննդակարգին (շրջակա խոզաբոլուկներն էլ ներառյալ)։ Իսկ շոու բիզնեսի աստղիկներից մեկի տարեկան շամպունի գնով հնարավոր է կառուցել մետրոյի երկու կայարան։
Այսինքն, դրանց թանկարժեք տեսականին բոլ-բոլ վայելում են, դրա համար էլ դրանց գինը չի իջնում։

ԱՂԱՆԴՆԵՐԻ ՍՏՆՏՈՒՆԵՐԸ
(լրջախոհ վերջաբան)

«Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր» պատվիրանը պարտակում ենք զօր ու գիշեր։ Յուրաքանչյուր հարմար առիթով, հաճախ անառիթ։ Միայն թե կռապաշտության ատրուշանները վառ պահենք։ ՈՒ մի՞թե այս հեղհեղուկ միջավայրն իր հերթին չի նպաստում աղանդավորական թունաբեր խորշակների սամումներին ու հրդեհներին` Արարատի հայացքի ներքո։ Ստորագրահավաք է սկիզբ առել։ Եկեղեցին պաշտպանական մարտավարության որդեգիրն է։ Գուցե թե սա է ճշմարտության ուղին, ու արդեն իսկ դնում եմ ստորագրությունս։ Սակայն եկեք սթափ ու քրիստոնեավայել, պայծառ հայացքով մեր վարքն ու բարքը դիտենք քիչ քննախույզ։ Մենք արդյո՞ք կռապաշտությամբ խորսխված չենք։
Գործիչները, որոնց ժամանակ երկիրը փթթուն անիրավությունների անդաստան էր, վախճանից հետո գրեթե սրբացվում են, դասվում հայոց մեծերի շարքին։ Բանականությունդ ուղղակի խառնակվում է, հոգիդ` ալեկոծվում։ Ամենուր և շարունակ գերադրական բնութագրումների և ստրկահոգի խոնարհումների հիթ շքերթներ են. «խնկարկելի հիշատակը նրա», «պետական վսեմ այր», «մեր օրերի Վարդան ու Նժդեհ»...
Այնինչ պատմությամբ են փաստվել «խնկարկելիների և վսեմների» բանն ու գործը։ Եվ սպասել է պետք պատմության դատավճռին։

Վերնատան ամենաերիտասարդ անդամ, գրող, այսօր ցավալիորեն անհայտ Մարգար Ավետիսյանը Թումանյանի 50-ամյակի առիթով մեծարում է նրան` զուգահեռելով Խորենացու և Քուչակի հետ։ Վսեմ Լոռեցու պատասխանն է ուշագրավ ու ուսուցողական։ Գրում է, թե ո՞ւր ես ինձ նրանց շարքին դասում, նրանց վրայով դարեր են անցել, սպասիր, թող մի հիսուն տարի իմ վրայով անցնի, գուցե տակը բան չմնա՞։ Մնաց։ Սակայն չէ՞ որ մենք չափազանց անուշադիր աշակերտներ ենք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ