ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կանանց, հավատարմության ու նվերների մասին

Կանանց, հավատարմության ու նվերների մասին
06.03.2009 | 00:00

ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ԲԼԻՑՆԵՐ
«ԵՍ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՄ Ե՛Վ ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՒՄ, Ե՛Վ ՆԻՍՏ ՈՒ ԿԱՑՈՒՄ, Ե՛Վ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ»
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ՀՀԿ)
-Պարոն Զոհրաբյան, ի՞նչ է կինը Ձեզ համար:
-Կի՞նը... իմ կյանքում հիմա մի կին կա, ուրիշներին չգիտեմ:
-Հիմա, իսկ մնացած ժամանա՞կ:
-Մնացած դեպքերում ընդամենը նայում ենք:
-Մեծ սեր ունեցե՞լ եք:
-Մի տուր, մի տուր «տենց» հարցեր։ Տասը տարի անցկացրել եմ բանտերում, ի՜նչ մեծ սիրո մասին է խոսքը: Լավագույն-երիտասարդ տարիներս անցկացրել եմ ճամբարներում, դրանից հետո դուրս եկել-ամուսնացել եմ, կանանց հետ էդ է եղել իմ հարաբերությունը:
-Մի խոսքով, ինչից չեմ հարցնում, Դուք, միևնույն է, «կայուն» տղամարդ եք:
-Ես պահպանողական եմ և՛ իմ քաղաքական հայացքներում, և՛ նիստ ու կացում, և՛ կանանց հարցում:
-«Так держать»:
-Այո՛: Որովհետև ինձ համար կինը նախ և առաջ մայր է:
-Ի՞նչ եք նվիրելու Մարտի ութին Ձեր տիկնոջը:
-Դե, մի նվեր կգնեմ, էլի, ամեն տարի գնում ենք, էլի` և՛ Մարտի ութին, և՛ Ապրիլի յոթին. էդ մի ամիսը նվերների ամիս է:
-Նեղվո՞ւմ եք:
-Չէ` հա:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԻՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿԻՆ Է»
ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ (ՀՀԿ)
-Պարոն Մինասյան, ի՞նչ է Ձեզ համար կինը:
-Ինձ համար կինն առաջին հերթին կին է:
-Օրիգինալ եք: Իսկ երկրո՞րդ «հերթին»:
-Հետո` ընկերուհի, գործընկերուհի:
-Եվ շա՞տ ունեք այդպիսիք:
-Մեկը:
-Ով կնոջ բոլոր ֆունկցիաները կարողացել է խտացնել իր մե՞ջ:
-Չէ, որպես կին` մեկը:
-Սիրած կա՞ք. քանի՞ անգամ եք սիրել կյանքում, հաշվե՞լ եք:
-Մեկ:
-Ընդամե՞նը:
-Բայց` մե՜ե՜ծ էր:
-Ե՞վ:
-Եվ շարունակվում է մինչև այսօր:
-ՀՀԿ չի, «օդնոլյուբների» ակումբ է: Լավ, անցնեմ առավել կոնկրետ հարցերի. երբևէ «ձախ» քայլ կատարած կա՞ք:
-Ո՛չ:
-Ռոմանտիկ է. Ձեզ համար որևէ կին այլևս հետաքրքիր չի՞ եղել:
-Հետաքրքիրը ո՞րն է:
-Դե, որ այլընտրանք է ապահովում` կնոջ իդեալի առումով:
-Չէ՛:
-Սարսափելի ռոմանտիկն եք:
«ԻՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՂԵԼ Է ՋԵՐՄ, ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՋԵՐՄ»

ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ (արդարադատության նախարար)
-Պարոն Դանիելյան, Մարտի ութն է մոտենում, Ձեր վերաբերմունքը կանանց նկատմամբ:
-Անկախ Մարտի ութից` իմ վերաբերմունքը կանանց նկատմամբ եղել է ջերմ, առավել քան ջերմ:
-Շատ խոր և մեծ սեր ունեցե՞լ եք:
-Բա իհարկե:
-Իսկ երբևէ մերժվե՞լ եք:
-Եղել է, եղել, դա էլ է եղել:
-Այնպիսի տոնով եք ասում, որ կարծեք Ձեր մեծ սերերը դեռ առջևում են:
-Ո՛չ:
-Ի՞նչն եք ամենից շատ գնահատում կնոջ մեջ:
-Կարծում եմ, որ կնոջը գնահատելիս չպետք է չափանիշներ կիրառել, որովհետև կինն առեղծվածային էակ է, և իմ կնոջն էլ որևէ չափանիշով չեմ ընտրել ու չեմ կարող ասել, թե ինչի համար եմ հատկապես իրեն ընտրել: Եվ ընդհանրապես, կոռեկտ չէ կնոջը գնահատել. չգիտեմ` գեղեցիկ աչքեր, երկար ոտքեր և այլն, և այլն:
-«Հետաքրքիր» է, մանավանդ` շատ անկեղծ: Իսկ ի՞նչ եք նվիրելու Ձեր տիկնոջը:
-Թող մնա գաղտնիք:
-Չէ, պարոն Դանիելյան, էդ` «սերս գաղտնի թող մնա» նվերը կարող եք ասել:
-Գիտե՞ք ինչ, ես իրեն միշտ օծանելիք եմ նվիրել:
-Էժան հաճույք է:
-Էդպես չի:
-Պարոն Դանիելյան, իսկ ինչո՞վ բացատրել հանգամանքը, որ բոլոր նախարարները, պատգամավորները բացառապես իրենց կանանց են սիրում:
-Գիտե՞ք, եթե անգամ դրա մեջ կա ոչ ճշմարտություն, միևնույն է, դա սարսափելի չէ, դա նույնիսկ անհրաժեշտ է: Ընդհակառակը, դատապարտելի է, երբ տղամարդն իրեն մի փոքր ցինիկ է պահում, երևի թե իր ունեցած դիրքից ելնելով և հաշվի չի նստում իր կնոջ մոտեցումների, հոգեկան հուզաշխարհի հետ: Երբեմն ականատես ենք լինում տղամարդկանց, ովքեր իրենց կնոջ ներկայությամբ արտահայտություններ են անում` իրենց անկախությունը, բնության մեջ իրենց առավելությունն իբր ցուցադրելու համար, ինչն անընդունելի է:
-Բայց, ախր, մյուս դեպքում էլ «մյուս» կողմը հնարավոր է նեղանա:
-«Մյուս կողմ» պետք է լինի, որ նեղանա:
«ԱՅՍՕՐՎԱ ԻՄ ՏԻԿԻՆՆ Է ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԵՐԸ»
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ (պաշտպանության նախարար)
-Պարոն Օհանյան, Մարտի ութը ո՞նց եք դիմավորելու:
-Բանակի մասշտաբներով անպայման միջոցառումներ ենք անցկացնելու, որի համար, ի դեպ, ասեմ, արդեն հրաման եմ ստորագրել. ստեղծել ենք հանձնաժողով և այդ հանձնաժողովի ղեկավարությամբ հանդիսավոր միջոցառումներ ենք կազմակերպելու:
-Պարոն Օհանյան, մի ոչ բանակային հարց` օրվա առիթով. մեծ սեր ունեցե՞լ եք` թունդ սիրած կա՞ք:
-Ո՞Ւմ:
-Չգիտեմ: Մեծ սեր ունեցե՞լ եք:
-Իհարկե:
-Եվ իրացվե՞ց այդ սերը, թե՞ մնաց որպես գեղեցիկ անուրջ:
-Իհարկե, իրացվել է. այսօրվա իմ տիկինն է իմ ամենամեծ սերը:
-Իսկ մերժված կա՞ք:
-Ո՛չ:
-Իսկ «ուրիշները» մերժվե՜լ են:
«ԻՄ ԿԻՆԸ ՆՄԱՆ ԲԱՆԵՐՈՎ ՉԻ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ, ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉԻ ԴՆՈՒՄ, ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ»
ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ (էկոնոմիկայի նախարար)
-Պարոն Երիցյան, հետո ի՞նչ, որ ուժեղ տնտեսական ճգնաժամ է, երբևէ ուժեղ սիրած կա՞ք:
-Այո՛, այո՛:
-Ո՞ր տարիքում:
-Շատ վաղուց:
-Բա հետո՞:
-Ավարտվեց ամուսնությամբ:
-Ձեզ հետ:
-Բա էլ ո՞ւմ:
-Պատկերացնո՞ւմ եք, պարոն Երիցյան, տնտեսական էս ահավոր ճգնաժամի օրերին ում հարցնում եմ, մեծ, անդնդախոր սերերն ավարտվել են ամուսնությամբ: Ոչ մի կաթիլ ռոմանտիզմ. պրագմատիզմ և վերջ: Իսկ մերժված կա՞ք սիրո մեջ:
-Ը-ը-ը՜մ:
-Հը՞:
-Չեմ հիշում:
-Լինե՞մ Ձեզ հետ անկեղծ:
-Այո՛:
-Դուք էնպես զբաղված տղամարդու տպավորություն եք թողնում, որ հիմա մտածում եմ` հարցնե՞լ, թե՞ առանց այն էլ պարզ է` դժվար էլ սիրած լինեք:
-Միշտ էլ կարող եք սխալվել, չէ՞. էդ հարցը երևի Ձեզ չեք տալիս:
-Բա Դուք ժամանակ ունե՞ք այդպիսի ներհայեցողական խնդիրների վրա ժամանակ կորցնելու. և, ընդհանրապես, չգիտեմ ինչու, Դուք ինձ պրագմատիկ հարցեր եք ներշնչում։ Այսպիսով` ի՞նչ եք նվիրելու Ձեր տիկնոջը Մարտի ութի կապակցությամբ:
-Ծաղիկներ:
-Ընդամե՞նը: Տնտեսական ճգնաժամ է, դրա համա՞ր:
-Չէ, էս պահին էդ եմ մտածում:
-Բա նա Ձեզանից չի՞ նեղանա, «պադումայեշ»` ծաղիկներ:
-Դե, դեռ մի քանի օր կա, կտեսնեմ:
-Հուսանք` ավելի հարմար մի բան կգտնեք:
-Ի՞նչ նվիրեմ:
-Թանկ` մի յոթ-ութ կարատանոց ադամանդե մատանյակ:
-Իմաստը ո՞րն է:
-Դե, կին է, էլի, կուրախանա:
-Իմ կինը նման բաներով չի ուրախանում, նման պահանջներ չի դնում, նման բաներ չի ուզում:
-Իսկ եթե ուզե՞ր:
-Եթե ուզեր, երևի թե նախարար չէի աշխատի, նորմալ գործի կանցնեի, որ բարձր աշխատավարձ ստանայի:
-Ասում եք, էլի. տեսնո՞ւմ եք` տնտեսական ճգնաժամը Ձեզ նույնպես ոնց է հարվածել. ցածր է, հա՞, նախարարի աշխատավարձը;
-Չէ, նորմալ է, բայց այդքան եկամուտ չի բերում, որ յոթ կարատանոց մատանի առնես:
-Պարոն Երիցյան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ գործ անենք, որ յոթ կարատանոց մատանի առնենք: Հը՞:
-Ինքներդ որոշեք:
-Տնտեսությունից առհասարակ չեմ հասկանում: Իսկ կա՞ն մարդիկ Հայաստանում, որ կարող են առնել «դա», ովքե՞ր են դրանք:
-Կան, իհարկե, կան: Ովքեր են դրանք` չեմ կարող ասել, ինքներդ հաշվեք, թե յոթ կարատանոց մատանին ինչ կարժենա, և տեսեք, թե ովքեր կարող են այն առնել:
-Չասի՞` «ոտքս սախաթ ա», չեմ կարողանում հաշվել: Էդ որ ասում եք` կան, նրանք ստվերայի՞ն, թե՞ բաց դաշտում եղողներ են:
-Բաց:
-Մի անուն տվեք:
-Չգիտեմ:
-Ափսո՜ս:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2875

Մեկնաբանություններ