ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԵՎ Ի ՍԱՐՍԱՓ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ

Ի ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԵՎ Ի ՍԱՐՍԱՓ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ
12.10.2010 | 00:00

Երբ Համաշխարհային ջրհեղեղի ջրերը հետ քաշվեցին, և Նոյն իր ընտանիքով իջնում էր Արարատից, նա տեսավ առաջին ցամաքն ու բացականչեց` երևաց… Որից հետո այդ վայրը կոչեցին Երևան: Քաղաքի ծագման շուրջ ավանդական այս զրույցը շրջանցում ենք ու թերթում պատմության այն էջը, որն ամրագրված է սեպագիր արձանագրությամբ և հստակեցնում է Երևանի ծննդյան տարեթիվը` մ.թ.ա. 782 թվական: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների»:
Այսօր արդեն Երևանը 2792 տարեկան է: Հոկտեմբերի 10-ին քաղաքապետարանի նախաձեռնությամբ նշվեց «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը` «Երևանը մենք ենք» կարգախոսով: Բացօթյա թանգարան որակվող քաղաքը վերածվել էր բացօթյա բեմահարթակի, բացել էր իր հյուրընկալ դռներն ու հազարամյակների հեռվից ժպտում էր վարդագույն բարությամբ: Նախապես զգուշացված էր, որ, անվտանգության նկատառումներով, փակվելու են մի շարք կենտրոնական փողոցներ ու հրապարակներ: Իրարանցումը տոնական էր, տրամադրությունը` երևանյան, միջոցառումները` բազմաբնույթ, ասելիքը` շատ. չէ՞ որ Երևանը 2792 տարեկան է: Առավոտ վաղ ջրցան մեքենաները Երևանը պատրաստեցին իր հոբելյանական տոնին: «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում կազմակերպվել էր թատերական ամենամեծ բեմականացումը: Այստեղից է սկսվում Երևանը: ՈՒ այստեղ Մենուայի որդի Արգիշտին իր զորախմբի հետ հանդիպեց 21-րդ դարի երեխաներին: Դա հանդիպում էր ապագայի հետ: Հանդիպում այն քաղաքի հետ, որի հիմքը դրել էր ինքը` արքան:
«Էրեբունի-Երևանին» նվիրված բեմականացմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ օրն անցկացնելու է երևանցիների հետ և լինելու է Երևանի համերգային բոլոր բեմերում:
Ներկայացումից հետո 3000 հոգուց բաղկացած զորախումբը, Արգիշտի թագավորի գլխավորությամբ, տոնական քայլերթով շարժվեց դեպի Ռուսաստանի հրապարակ, որտեղ նրանց ողջունեց Երևանի քաղաքապետը: Ապա տոնական երթը ձգվեց դեպի Հանրապետության հրապարակ: Քսան տարբեր վայրերում ձևավորվել էին բեմերը: Գեղարվեստական բազմաոճ միջոցառումներ էին կազմակերպվել զբոսայգիներում, պուրակներում, հրապարակներում:
Ընտրության հնարավորությունը մեծ էր տարբեր ճաշակի, տարիքի մարդկանց համար: Թատերականացված բեմականացումներ, հեղինակային, էստրադային, ժողովրդական երգեր, դասական, ջազ և ռոք երաժշտություն, մնջախաղ, էտյուդներ, վազքի մարաթոն, հեծանվավազք… Չէին մոռացել, իհարկե, փոքրիկ երևանցիներին, նրանց համար կազմակերպվել էին տիկնիկային ներկայացումներ, մանկական խաղեր: Կիրովի անվան մանկական զբոսայգում երեխաներին դիմավորեցին ծաղրածուները, աճպարարները և հեքիաթների հերոսները: Հետո նրանք հասուն աչքերով կնայեն Երևանին, դեռ շատ անգամ կնշեն Երևանի օրը, բայց «մանկական» Երևանը ուրիշ է մնալու: Երեխաների աչքերով Երևանը տեսնելուց հետո կարելի է տեղափոխվել այլ տարածքներ: Եթե Ֆրանսիայի հրապարակում ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն էր, Կարապի լճում` ալեսահքի ցուցադրական մրցումներ, ապա Մաշտոց և Բուզանդ փողոցների խաչմերուկում ցուցադրվում էր ավանդական կոխը: Հյուսիսային պողոտան ժամանակավորապես վերածվել էր վարպետաց քաղաքի, որտեղ քանդակագործ ու նկարիչ, երաժիշտ ու թատերական խմբակ կողք կողքի ցուցադրում էին իրենց հմտությունները: Վարպետաց քաղաքի հարևանությամբ ուսանողները նորաձևության ցուցադրություն էին կազմակերպել: Տիկնիկային կեցվածքով հաղորդավարուհին ներկայացնում էր չինական, հնդկական, հայկական և այլ տարազներ: Չէին մոռացել նաև վաղաժամ մահացած գերաստղին` Մայքլ Ջեքսոնին, պարի ուղեկցությամբ մայքլյան ոճի ցուցադրությունը կոչվում էր ջեքսոնամանիա: Ի դեպ, նրանց աշխատանքները ներկայացվել և բարձր են գնահատվել նաև միջազգային բեմերում: Անգլիական այգում ներկայացվում էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումները: Իհարկե, Երևանի տոնը միայն երևանցիների համար չէ, մայրաքաղաքը, ինչպես մի սիրտ դեպի իրեն էր ձգել հեռու և մոտ ապրողներին: Երևանի 2792-ամյակի տոնակատարություններին մասնակցում էր նաև 11 օտարերկրյա պատվիրակություն` Մոսկվայից, Խարկովից, Սպահանից, Մարսելից, Լիոնից, Բեյրութից և այլ քաղաքներից:
Քաղաքի պատմությունը նաև մեր պատմությունն է: Երևանը ես եմ: ՈՒ եթե հաճախ խոսում ենք թերությունների մասին, դա չի նշանակում, թե լավն այստեղ քիչ է: Երևանը սիրտն է համայն հայության: Եթե ոմանց համար այդպես չէ, ուրեմն ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է…
Պարզապես, երբ սիրում ես քաղաքդ, տունդ, չես կարող չնկատել թերությունները: Գաղտնիք չէ, որ եվրոպական ոճի նորակառույցները շատերին այդպես էլ օտար են մնացել: Քաղաքի մաքրությունը, երթևեկությունը նույնպես անհանգստանալու տեղիք են տալիս: «Փոխվել է ոչ միայն Երևանը, այլև երևանցիները, նույն շենքի բնակիչները մեկի մյուսին չեն ճանաչում»,- դժգոհում են հին երևանցիները: Ընդունված է, սակայն, ծննդյան օրերին միայն լավը ասել: Կոմպոզիտոր, Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը խորհուրդ է տալիս երևանցիներին մի կողմ թողնել հոգսերն ու ժպտալ, ինչպես դա անում էին տարիներ առաջ: Այդպես գեղեցիկ կլինենք և՛ մենք, և՛ մեր սիրելի քաղաքը, ասում է նա: Սիրված երգիչ Ֆորշը, որի երգի բառերը դարձել էին Երևանի տոնական օրվա խորհրդանիշը, շնորհավորեց երևանցիներին ու հնչեցրեց մի պարզ խնդրանք` այն սիգարետը, որ ծխում եք, փողոցում մի գցեք…
Այս օրերին ակտիվ, տոնական, բայց ծանրաբեռնված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատանքը: Թանգարանի տարածքն աղտոտվում է, կանաչը` տրորվում: Այցելուներն անհամեմատ շատ են: «Մի քանի օր առաջ բաց դռների օր էր, շուրջ 800 աշակերտ էր եկել ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ: Նման բազմամարդությունը խնդիրներ է առաջացնում, պատմողի ձայնն անգամ չի հասնում այցելուներին»,- ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն Արաքսի Մեշինյանը և հիշեցրեց, որ թանգարանում ամեն ամիս բաց դռների օր է լինում: Թանգարան են այցելում նաև օտարերկրյա հյուրեր, պատվիրակություններ: Փոխտնօրենն ընդգծեց հուշարձանի վերանորոգման անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրա, ավելի կարժևորի այս տոնակատարությունը: «Էրեբունի» թանգարանը վերջին եռամսյակից արդեն քաղաքապետարանի հովանավորության ներքո է,- ասաց նա:- Քաղաքապետը խոստացել է, որ կվերանորոգվի Էրեբունի ամրոցը, բերդաքաղաքը կդառնա երևանցիների համար սիրված, իսկ զբոսաշրջիկների համար` սպասված վայր: Ի վերջո, մեր քաղաքը, մեր պատմությունն սկսվում է այստեղից»:
Տոնական միջոցառումներն ամփոփվեցին Հանրապետության հրապարակում: Հայ և արտասահմանյան հայտնի երգիչ-երգչուհիներն իրենց կատարումները նվիրեցին Երևանին: Ժամը 22-ին Երևանի երկինքը զարդարեց շքեղ հրավառությունը: Տոնակատարությունն ավարտվեց կեսգիշերից հետո: Մայրաքաղաքի փողոցները, ինչպես դա լինում է (կամ պետք է լինի) ցանկացած արարողությունից հետո, մաքրվեցին: Առավոտյան Երևանը մաքուր ու լուսավոր ժպտում էր: Նա դեռ մեկ տարի 2792 տարեկան է: Հին ու նոր մեր Երևանը: Որքան տողեր են ձոնվել Երևանին, որքան սիրված երգեր` «Երեկոյան Երևան», «Երևանի գիշերներում», «Սա իմ քաղաքն է», «Երևանը մենք ենք», «Գարուն Երևան», մի խոսքով` հենց այսպես էլ ապրում ենք… Ասում են` ինչպես դիմավորում ես ծնունդդ, այդպես էլ անցնում է ողջ տարին: Շնորհավոր ծնունդդ, Երևա՛ն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4221

Մեկնաբանություններ