«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԳՐԱՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԳՐԱՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԵՐԻՑ ՄԵԿԸ
01.04.2011 | 00:00

Պիրատությունը ողջ աշխարհում և վաղուց համարվում է հանցագործություն: Հայաստանում էլ, ըստ երևույթին, չկա մի բանական մարդ, որ այն հանցագործություն չհամարի: Իհարկե, բացի հենց իրենցից` պիրատներից և նրանց շահերի անխոնջ պաշտպաններից: Ինչ խոսք, Հայաստանում պիրատության դեմ պայքարը զուտ օրենսդրության մակարդակում երկար պատմություն ունի: Սակայն փաստը մնում է փաստ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տվյալներով` պիրատային արտադրանքի բաժինը մեր CD/DVD-ների շուկայում 90-95 տոկոս է: Այս խայտառակ ցուցանիշն է պատճառը, որ Հայաստանը հեղինակային իրավունքների պաշտպանության համար պայքարող միջազգային կազմակերպությունների սև ցուցակներում գրավում է առաջին տեղերից մեկը: Այս իրավիճակում տուժում են երկրի միջազգային հեղինակությունը, պետական բյուջեն, սպառողները և, իհարկե, մշակույթի գործիչները, որոնք չեն կարող արդար քրտինքով վաստակել իրենց մի կտոր հացը: Այս իրավիճակի հաղթահարման հույսը նշմարվեց անցյալ տարի, երբ ՀՀ ԱԺ-ն ընդունեց, և նախագահն էլ վավերացրեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը: Մշակույթի գործիչները մեծ ոգևորությամբ արձագանքեցին պետության հիշյալ քայլին: Այս տարվա մարտի 1-ին օրենքը պետք է մտներ ուժի մեջ: Սակայն եկավ մարտի 1-ը, իսկ օրենքն ուժի մեջ չմտավ: Պարզվում է, կառավարությունը, չգիտես ինչու, դեռ չի ընդունել օրենքի կիրարկման կարգը: Այս ձգձգումից ոգևորված մեր պիրատներն իրենց նետեցին լրատվամիջոցների գիրկը և սկսեցին բողոքել դառը ճակատագրից: Օրենքը պարտադրում է խտասկավառակներ արտադրելու դեպքում պայմանագիր ունենալ ստեղծագործության հեղինակի կամ իրավատիրոջ հետ: Առանց այս կետի անիմաստ է խոսել հեղինակային իրավունքների պաշտպանության մասին: Իսկ նրանք պնդում էին, որ անհնար է պայմանագիր կնքել, ասենք, արտասահմանյան ֆիլմերի իրավատերերի հետ: Պնդում են և վերջ: Ո՞վ կարող է ստուգել: Նշենք միայն, որ այդ ֆիլմերի հեղինակային իրավունքների վաճառքով զբաղվում են մասնագիտացված խոշոր ընկերություններ, որոնք ունեն իրենց ներկայացուցչությունները տարբեր տարածաշրջաններում: Տարբեր երկրների նրանք հեղինակային իրավունքները վաճառում են` հաշվի առնելով տվյալ երկրի շուկայի ծավալները և սպառողների գնողունակությունը: Դժվար է պատկերացնել, որ այդ ընկերությունները պատրաստ են հրաժարվելու թեկուզ փոքր եկամուտներից: Ինչևէ, լուրեր էին շրջում այն մասին, որ մեր պիրատները պատրաստվում են լոբբինգ կազմակերպելու ԱԺ-ում և փոփոխություններ կատարելու օրենքում, ինչի շնորհիվ իրենք կշարունակեին աշխատել հին ձևով: ՈՒղղակի հետաքրքիր էր, թե այդ ով պետք է համաձայնի տանիք դառնալու մեր պիրատներին: Ամեն ինչ պարզվեց մարտի 23-ին: ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց կառավարությանը և շարադրեց այն բոլոր «մտահոգությունները», որոնց մասին խոսում էին պիրատները ԶԼՄ-ներում: Տիկին Բիշարյանը բողոքեց, որ, փաստորեն, «տնտեսավարողները» հայտնվել են դժվար կացության մեջ, ստիպված պետք է պայմանագիր ունենան հեղինակային իրավունքների իրավատերերի հետ, իսկ դա դժվար գործ է: Որտեղի՞ց գիտի պատգամավորը, որ դա այդքան դժվար գործ է: Ինքը փորձե՞լ է երբևէ նման մի իրավունք ձեռք բերել: Ավելացնենք, որ այդ օրենքն ԱԺ-ում անցել է երեք ընթերցում: Բոլոր երեք ընթերցումներին էլ ՕԵԿ խմբակցությունը քվեարկել է օրենքի օգտին և նույնիսկ ելույթով դրական է արտահայտվել օրենքի մասին: Կարելի է ենթադրել, որ մեր պատգամավորների մի մասը քվեարկելիս տեղյակ էլ չէ, թե ինչի համար է քվեարկում: Քվեարկում է կողմ ու հետո սկսում բողոքել այդ օրենքից: Հետո տիկին Բիշարյանը մի ուրիշ հնարք կիրառեց: Նա ասաց, թե ինքը տեղյակ է, որ մարտի 18-ի կառավարության նիստում քննարկվել է այս օրենքը և որոշում է կայացվել օրենքն ԱԺ-ից հետ կանչել: Թերևս, պետք էր իմանալ, որ կառավարությունը կարող է հետ կանչել միայն իր հեղինակած օրենքները, իսկ այս օրենքի հեղինակը ԱԺ պատգամավոր է: Մյուս տարօրինակ հանգամանքն այն է, որ կառավարության տվյալ նիստի մասին լրատվության մեջ չի նշվում նման քննարկման մասին: Թե նման ստահոդ լուր տարածելով ի՞նչ նպատակ էր հետապնդում ՕԵԿ-ական պատգամավորը, միայն ինքը գիտի: Կառավարության անունից հանդես եկող էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ այս օրենքը կառավարության վարած քաղաքականության համատեքստում է: Նա ընդգծեց, որ ՀՀ-ն հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ ստանձնել է մի շարք կարևոր միջազգային պարտավորություններ, որոնք պարտադիր պետք է կատարվեն: Նա ասաց նաև, որ բիզնես շրջանակները պետք է համակերպվեն իրողությունների հետ: Իրոք, եթե այսօր պիրատները չեն համակերպվում օրենքի հետ, ապա վաղը օրենսդրության հետ կարող են չհամակերպվել, ասենք, բնակարան թալանողները, գրպանահատները, մաքսանենգները և այլք: Արդյո՞ք ՕԵԿ-ը պետք է տեր կանգնի բոլորին և հիմա էլ պահանջի մեղմացնել քրեական օրենսգի՞րքը: Խորհել է պետք։
Անուշավան ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ