«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՑՈՒՆԱՄԻՆ

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՑՈՒՆԱՄԻՆ
23.09.2011 | 00:00

Զարմանալի են օտար սեփականատերերի տնօրինման ներքո հայտնված կենսական նշանակություն ունեցող ձեռնարկությունները, ավելի ճիշտ` նրանց գործելաոճը, վարքն ու բարքը։ Ժամանակը ցույց տվեց, որ առհասարակ բարիք ակնկալել նրանցից նույնն է, թե համոզված լինել, որ մեկուկես հազարդրամանոց մարմնավաճառուհիները դարձի կգան և հանրօգուտ այլ բնագավառում կբացահայտեն սեփական տաղանդը։
Սակայն խոսենք փաստերով։ Շիրազի փողոցի շուրջ տասը բարձրահարկեր, էներգետիկ ճգնաժամի ավարտից հետո, տեղական նշանակության ճգնաժամի մեջ են հանգրվանել։ Բանն այն է, որ այստեղ հոսանքամատակարարումը ժամեր շարունակ դադարեցվում է կամայական ռեժիմով։ Ավելի ստույգ, հնամաշ սարքերը ծանրաբեռնվածությանը չդիմանալով` պարբերաբար գործադուլի են անցնում, այսինքն` շարքից դուրս են գալիս։ Հետևանքները խիստ տպավորիչ են։ Փչացած սառնարաններ, հեռուստացույցներ և համակարգիչներ, վերելակներում նյարդային ցնցակաթվածի մեջ հայտնված բնակչություն և այլն։
Բնականաբար, տողերիս հեղինակը տարիներ շարունակ փորձում էր դարձի բերել անպատասխանատու պաշտոնյաներին։ Սակայն քանի որ գործն իր տրամաբանական վախճանին չէր հասնում, 2010-ի ամռանը դիմեցի ՀՀ նախագահին։ Մեկ ամիս անց ՀԷՑ-ից մեր դուռը բախեց ահա այս բարեկիրթ պատասխանը. «Ի պատասխան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի 17.07.2010 թ. թիվ 20-5154 գրությանը` հասցեգրված Ընկերություն, Ձեր 20.07.2008 թ. թիվ 01/95 դիմումի տեղեկացնում ենք, որ ընկերության Տեխնիկական տնօրինության կողմից կատարվել է ուսումնասիրություն` դիմումում նշված շենքերի էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների վերաբերյալ։
Արդյունքում պարզվել է, որ անջատումները հիմնականում կապված են «Դավթաշեն» 110/35 կՎ ենթակայանում ճապոնական վարկով ենթակայանների սարքավորումների վերազննման աշխատանքների իրականացման հետ, որոնք գտնվում են ավարտական փուլում։
Տեխնիկական տնօրեն Կ. Դարբինյան»։
Այսպիսով, ավարտական փուլը, ըստ Դարբինյան Կ.-ի, ձգձգվում է տարուց ավելի։ Հասկանալի է, վարկը, այն էլ ճապոնական, նախ թարգմանվում է հայերենի, հետո միայն ներդրվում վերազննման աշխատանքներին։ Գուցե թարգմանությունը ինչ-ինչ սխալներ է պարունակել, և վերջնարդյունքում վերազինումը փոխարկվել է վերազննման և զինաթափման։
Մի խոսքով, բնակչությանը մի բան է այսօր մնում. փաստաբան վարձել և փորձել դատական կարգով փոխհատուցել վնասները։
Իսկ նվաստս լրագրողական հետաքննության տատասկոտ ճանապարհի վրա է։ Մեծ լրագրողական ցանկություն ունեմ պարզելու, թե, ի վերջո, ինչպես է ծախսվել ճապոնական վերոնշյալ վարկը։
Ի դեպ, ՀԷՑ-ի նամակը, իր բազմատաղանդ վրիպակներով, տպագրում ենք տառ առ տառ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ