ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
01.02.2011 | 00:00

Աստծո անցած յոթ օրում աշխարհում բազում իրադարձություններ եղան, հիշենք մի քանիսը:
The Wall Street Journal-ում և Sueddeutsche Zeitung-ում տպագրված համատեղ հոդվածում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարներ ՈՒիլյամ Հեյգը և Գիդո Վեստերվելեն առաջարկել են խստացնել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Սենատում լսումների ժամանակ ասել է, որ նոր պատժամիջոցներ են նախատեսվում Բելառուսի նկատմամբ. ի դեպ, 3 միլիոն դոլարով ավելացել է հասարակական կազմակերպություններին ցուցաբերվող օգնությունը:
Բարաք Օբաման Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում երկրորդ ամենամյա ուղերձն է ներկայացրել` տնտեսական ու սոցիալական թեմաների գերակշռությամբ: Նախագահը հիշեցրել է սառը պատերազմի տարիները, երբ ԽՍՀՄ-ն անակնկալ տիեզերք էր ուղարկել առաջին արհեստական արբանյակը: Ի պատասխան` ԱՄՆ-ը վճռել էր տիեզերագնաց ուղարկել Լուսին և առաջ անցնել վերերկրային մրցավազքում: Որոշումը դարձել է ոչ միայն արժանապատվության հարց, այլև գիտությունը զարգացնելու, նոր տեխնոլոգիաներ ու աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն: Օբաման ասել է, որ ԱՄՆ-ի համար նորից «արբանյակի» պահ է: Նա կարևորել է կրթության, ենթակառուցվածքների, կառավարական համակարգի բարեփոխումները:
Դե արի ու դասական երաժշտություն սիրիր. հունվարի 2-ից նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանն արգելեց փողոցային առևտուրը: Որոշման պատճառով գործազուրկ դարձավ 10000 մարդ, նրանցից շատերը վարկեր են վերցրել բանկերից և մարելու հնարավորությունն են կորցրել:
Թունիսյան հասմիկներից հետո հեղափոխության հերթական խորհրդանիշ կարող են դառնալ մումիաները: Եգիպտոսում անցած ամբողջ շաբաթ ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականը: Նախագահ Հոսնի Մուբարաքը պարետային ժամ մտցրեց, ինտերնետային հեղափոխությունը կանխելու համար անջատվեց ինտերնետ կապը, զարմանալիորեն նոր տեխնոլոգիաներին փոխարինեցին մզկիթները: Արևմտամետ երիտասարդական շարժման անդամների բողոքի ակցիաներին միացան «Մահմեդական եղբայրություն» իսլամիստական շարժման անդամները: Վիեննայից Կահիրե ժամանեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ էլ Բարադեյը և անմիջապես տնային կալանքի ենթարկվեց: Կողոպտիչների խմբերը, Կահիրեի եգիպտական թանգարանի դրամարկղը դատարկելուց բացի, երկու մումիա ոչնչացրին, ինչպես հաղորդեց Reuters-ը` հղում անելով երկրի գլխավոր հնագետ Զախի Խավասին: Կողոպտիչների նպատակը փարավոնների գանձերն էին, բայց ցուցարարները նրանց շենքից դուրս մղեցին և թանգարանը հանձնեցին զինվորականների վերահսկողությանը: Բանակը և տանկերը Կահիրեում կարծես հանդարտություն բերեցին: Հոսնի Մուբարաքը շարունակում է պաշտոնավարել` ցրելով կառավարությունը, սահմանելով փոխնախագահի պաշտոն և հետախուզության պետ Օմար Սուլեյմանին նշանակելով փոխնախագահ:
Մոսկվայում հունվարի 24-ին հանդիպեցին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` քննարկելու ղարաբաղյան հակամարտության հաղթահարման հարցերը այն հանձնարարականների շրջանակներում, որ ստացել էին նախագահների աստրախանյան հանդիպման ժամանակ: Հունվարի 27-ին ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ճեպազրույցում ասել է, որ վերջին 3 ամիսներին նախարարների 4-րդ հանդիպումն էր, ինչը վկայում է, որ այս ձևաչափով ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Նա նշել է, որ հանդիպումն անցել է փակ դռների հետևում, այնուամենայնիվ տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության վերաբերյալ:
Ստրասբուրգում գումարվեց ԵԽԽՎ հերթական նստաշրջանը: ԵԽԽՎ բյուրոն որոշեց վերականգնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ենթահանձնաժողովը, որի նախագահ է նշանակվել Եվրոպայի դեմոկրատների և լիբերալների ալյանսի անդամ, իսպանացի Ջորդի Խուգլա ի Կոստան: Հայկական պատվիրակությունը դեմ էր ենթահանձնաժողովի ստեղծմանը: ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն հերքել է այն լուրերը, որ ենթահանձնաժողովի վերականգնումն իր գաղափարն է. «Դա անձնական նախագիծ չէ, այլ իմ պարտականությունն է` իբրև ԵԽԽՎ նախագահի»:
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանն ասել է, որ պատրաստվում է այցելել Ադրբեջան: Նա կարծում է, որ հակամարտության գոտում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ. «Վերջին ժամանակներս շփման գոտում մարդկային կորուստներով միջադեպերը կարող են վատագույն հետևանքներն ունենալ: Քանի դեռ կոնֆլիկտը կարգավորված չէ, տարածաշրջանում պահպանվում է պատերազմի վերսկսման վտանգը»: Յագլանդն ընդունում է, որ բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում է ընթանում, «բայց եթե մենք կարողանանք մեր ներդրումն ունենալ մինսկյան գործընթացում որևէ ձևով, մեծ բավականությամբ կանենք: Տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման համար կարևոր է ապահովել օրենքի գերակայությունը»,- ասել է նա:
Հունվարի վերջին շաբաթը Ստրասբուրգում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` ԵԽԽՎ նախագահի պաշտոնական հրավերով: Պատասխանելով լրագրողների հարցերին` Հարավային Կովկասում Թուրքիայի դերի մասին, Գյուլն ասել է, որ իրենք ուզում են, որ խաղաղությունն ու կայունությունն իշխեն տարածաշրջանում, ինչը բոլոր ժողովուրդների շահերից է բխում: Նա հիշեցրել է, որ ինքը Թուրքիայի առաջին նախագահն էր, որ այցելել է Հայաստան: «Իմ ցանկությունն է Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, և, անկասկած, Ռուսաստանի մասնակցությամբ պլատֆորմի ստեղծումը, որ անվտանգության ու համագործակցության վրա է հիմնված: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Գյուլը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հռչակագիր: Բացի Հայաստանի պատվիրակությունից, 22 պատգամավորներ Ռումինիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Լիտվայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Սան Մարինոյից ստորագրել են հռչակագիրը: «Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել այդ պետության կազմում և միայն քեմալական-բոլշևիկյան գործարքի արդյունքում է մտցվել Խորհրդային Ադրբեջանի կազմ»,- ասվում է հռչակագրում: «1991 թ. ԼՂ-ն հանրաքվեով անկախություն է հռչակել, Արցախի հայության ինքնորոշումը մերժող Ադրբեջանն արձագանքել է լայնածավալ ռազմական գործողություններով, որոնք ավարտվել են 1994 թ. հրադադարի պայմանագրով: Ժողովրդավարական պետություն կերտելու նպատակ ունեցող Լեռնային Ղարաբաղն այլևս կայացած պետություն է և արժանի է միջազգային ճանաչման ու միջազգային կազմակերպություններին անդամակցելուն»:
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ 2011 թ. հունվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել ստորագրահավաք` հանուն Ղարաբաղի խաղաղության: Հայտարարության տեքստը ստորագրել են Ֆրանսիայի ԱԺ 577 պատգամավորներից 145-ը: Հայտարարությունն արձանագրում է. «Խաղաղ ապագա ունենալու և ժողովրդավարություն կառուցելու համար Հարավային Կովկասում չպետք է տիրի բռնության մթնոլորտ: Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, վերջին վերապրողները մի ժողովրդի, որի գոյությունն իր պապենական հողերի վրա նվազել է շագրենի կաշվի պես` 1915 թ. ցեղասպանությունից ի վեր, դատապարտված լինեն ապրելու մշտատև ռազմական ճնշման ներքո: Մենք` ֆրանսիացի պատգամավորներս, հիշեցնում ենք, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ու կառուցողական երկխոսության միջոցով»:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ