ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կառավարություն-ՀԲ «ջարդոցին» սկսվա՞ծ է

Կառավարություն-ՀԲ «ջարդոցին» սկսվա՞ծ է
23.09.2008 | 00:00

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն օրերս հրավիրած ասուլիսում հանդես եկավ տարբեր կազմակերպություններում առկա չարաշահումների մասին հայտարարությամբ: Ամիսներ առաջ, երբ ջրային համակարգում եղած չարաշահումների առիթով դաշնակցական Վահան Հովհաննիսյանին խնդրեցինք հանդես գալ մեկնաբանությամբ, պարզվեց՝ նրան «մոլորեցրել» էր Համաշխարհային բանկում աշխատած և չարաշահումներին լավ տեղյակ բրիտանացի ինժեները, ինչի մասին գերադասեց լռել:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը չնայած հերքեց իր իսկ նախկին աշխատակցի «մոգոնածը», այդուհանդերձ, հասկացավ, որ «որոշակիորեն ինքն էլ կալպակի տակ է», ինչն անթույլատրելի է նման հաստատության համար: Բա իրենք ու Արժույթի միջազգային հիմնադրամի պես կառույցները հարկ եղած դեպքում ազգերի համաշխարհային ողբերգություն ֆինանսավորեն ու հիմա գլուխ կախե՞ն… Դե, զարկելը հիմա դու տես` ասին այստեղ ու էնպիսի մի զեկույց գրեցին ՀՀ տնտեսության վերաբերյալ, որ, ինչպես արդեն գրել ենք մեր համարներից մեկում, կառավարությունում էլ էին զարմացել, թե` արա, գի՞ժ են սրանք. էն կարգի բաներ են գրել, որ իրենց արածն էլ են ջուրը գցել:
Հանգամանք, ինչը, իհարկե, ՄԱՀ-ի գեղեցկադեմ ղեկավարը «հաշվի առավ» և օրերս մի քանի լավ բաներ շռայլելով կառավարության հասցեին, ասաց` մի քիչ էլ խստացրեք ձեր դրամավարկային քաղաքականությունը, գնաճը շատ է: Հերն էլ անիծած, տիկնոջ շատ պե՞տքն է, որ մի քանի մոնոպոլիստների` կառավարության հետ պայմանավորվածությունների արդյունքում ամբողջ շուկան ու տնտեսությունն է այլասերվում, որ ԿԲ-ն ստիպված անընդհատ բարձրացնում է տոկոսադրույքները, որ շատ շուտով նորաստեղծ ընտանիքները չեն էլ կարողանալու նույնիսկ նախկին պայմաններով հիպոթեքային վարկ ստանալ, որովհետև շուկայում իրացվելիության սոսկալի պրոբլեմներ ունենք, իսկ տոկոսադրույքների թանկացման հետ մեկտեղ` միջոցներն ահավոր են թանկանալու: Բանը նրան հասավ, որ անգամ «ՎՏԲ» բանկի նախագահ Վալերի Օվսյաննիկովն օրերս հոգոց հանեց ու թե` հիմա արդեն 5 տարվա փոխարեն կարող ենք 3 տարի ֆինանսավորել, հետն էլ` ավելի թանկ: Բա՞։
Բայց վերադառնանք ՀԲ-ին: Այս կառույցի և կառավարության լարված հարաբերությունների մասին մեր տեղեկատվությունը ճշմարիտ էր (ասում են` հենց դրանով էր, ի դեպ, պայմանավորված ՀԲ-ի` հայաստանյան և մանավանդ սոցիալական ծրագրերի աննախադեպ կրճատումն ու բավականին երկար ժամանակ «հարցի սառեցումը»), և ահա հենց դրանով է պետք պայմանավորել այն հանգամանքը, որ… Համաշխարհային բանկն էլ է չարաշահումներ թույլ տվել քաղաքային ջեռուցման ծրագիրն իրականացնելու ժամանակ, և որ ծրագիրը համարվում է անարդյունավետ: ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահը նշել է, թե ծրագրի առաջին բաղադրիչով Երևանում 5 բազմաբնակարան շենք պետք է ջեռուցվեր, սակայն արդյունքում ջեռուցվել է 2-ը: Գումարները (500 000 ԱՄՆ դոլար) փոխանցվել են Պանամայում գրանցված մի օֆշորային կազմակերպության, բայց սարքավորումները չկան, իսկ կաթսայատունն աշխատում է կեսից պակաս հզորությամբ, այսինքն` վերանորոգել են հին սարքավորումներով: Ի դեպ, ծրագրի երկրորդ բաղադրիչն էլ է ձախողվել, և Իշխան Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ դատական գործընթացներ կլինեն, կպատժվեն պետական պաշտոնյաներ, պետությանը հասցված վնասներն էլ կվերականգնվեն, բայց անուններ չի տվել, թեև մենք սպասում էինք դրանց: Այնքան էինք սպասում, որ չդիմացանք` ՀԲ գրասենյակ զանգահարեցինք: Ճիշտ է, այնտեղ ազատ օր էր` ազատորեն հարցազրույց կազմակերպելն էլ չստացվեց, բայց պարզվեց` մարդիկ համաձայն չեն ՎՊ նախագահի հետ ու պատասխան են պատրաստել լրատվամիջոցների համար: Պաշտոնապես:
ՀԲ-ից տեղեկացնում են, որ այդ գումարներն իսկապես էլ փոխանցվել են` ՎՊ նախագահը ճշմարիտ է: Այն փոխանցվել է Արդշինինվեստբանկի կողմից (ականջները կանչի էքսի ու տարածքային կառավարման նախարար դարձած Արմեն Գրիգորյանի… սրանցից դենը օֆշորի տեղն իմացող լավ մասնագե՞տ, հարցրեք` ասեն, մեկ էլ տեսաք` բանկի հետ էլ կապ ունեցան, ի՞նչ կա որ)՝ մասնավոր «Երֆրեզ» ընկերությանը, որ 4 շենքի ջեռուցման, տաք ջրի և էներգիայի մատակարարման հարց լուծվի, սա էլ իր հերթին որոշել է սարքավորումները Պանամայում գրանցված մատակարարից ձեռք բերել, բայց դրանք իսկապես դեռ տեղ չեն հասել, ու ՎՊ-ն գործարքը «ցավոք, շեղում է համարել», հայտնում են ՀԲ-ից՝ տեղեկացնելով, թե իրենք շատ լավ էլ գիտեն, որ դրանք պիտի բերվեն 2008-ի դեկտեմբերին, և որ «իրավական փաստաթղթի ոչ մի պահանջ չի խախտվել»: Սրան, ի դեպ, հետևում է մի ամբողջ երկար-բարակ բացատրություն, թե գործարքի իրավական մասն ինչպիսին է եղել, ինչը, կարծում ենք, ընթերցողին առայժմ գոնե չի հետաքրքրի, և ավարտվում է այսպես, թե «գործարքը բնավ ֆինանսական խնդիրներ չի հարուցում»: Այլ խոսքերով` «բանկը կրում է տրամադրված ենթավարկերի գծով 100 տոկոս ռիսկերը», կազմակերպության կողմից վերցված վարկի գրավն էլ հաստատված է, ի՞նչ խնդիր կա այլևս:
Ինչ վերաբերում է «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» ծրագրի դանդաղ ընթացքին, ՀԲ-ն տեղեկացնում է, որ այդ մասին իրենք անգամ հուշագրում են ամրագրել, այդ մասին տեղյակ են պահել կառավարությանը, եղել են օբյեկտիվ պատճառներ, որոնք, սակայն, վերջին շրջանում հաղթահարվել են, և «տեմպերն արագացվել են»: «2008թ. սեպտեմբերի դրությամբ` գազամատակարարման միացումների ու ջեռուցման սարքերի տեղադրման աշխատանքներն ավարտվել են ավելի քան 4000 աղքատ ընտանիքների բնակարաններում»,-ասված է ՀԲ հաղորդագրության մեջ:
Ահա այսպիսի բաներ։ Եվ չի բացառվում, որ առաջիկայում կառավարություն-ՀԲ «տուրուդմբոցի» ականատեսը լինենք։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6795

Մեկնաբանություններ