«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԱՍՏՂԸ

ԱՍՏՂԸ
04.11.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Նվիրում եմ Երևան քաղաքի քրեական հետախուզության լավագույն ղեկավարներից մեկի` ՎԼԱԴԻՄԻՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ պայծառ հիշատակին

-Արթնացիր, շտապ հեռախոսի մոտ են կանչում,- կամացուկ ուսիս հպումից աչքերս բացելով` լսեցի մորս մեղմ ձայնը:
-Ի՞նչ է պատահել, մամ,- հարցրի քնաթաթախ:
-Քաղաքային վարչության հերթապահն է, ասում է` տագնապ է հայտարարված:
Կես ժամ անց քաղաքային վարչության շենքի երկրորդ հարկում քրեական հետախուզության բաժնի տղաների հետ կանգնած էի շարքում։ Բոլորիս ձեռքին էլ «տագնապային պայուսակներ» կային, իրենց պարտադիր անփոփոխ պարունակությամբ՝ մեկական տուփ պահածո, մեկական օճառ, երեսսրբիչ, թել ու ասեղ, մայկա, ներքնավարտիք և 20 ռուբլի: Վարչության պետը միջանցքի անկյունում ցածրաձայն խորհրդակցում էր իր երկու տեղակալների հետ: Շարքի մեջ մենք իրար երեսի էինք նայում, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում գիշերով: Մի բան պարզ էր, որ լուրջ միջոցառման պետք է մասնակցեինք: Փաստորեն, բանկի գողությունից հետո սա երկրորդ տագնապն էր:
Վերջապես լավ լուսավորված երկար միջանցքի ծայրին երևաց նախարարը` գեներալի համազգեստով:
-Վարչությո՜ւն, զգա՛ստ,- հրամայեց վարչության պետը և ոտքի տակ մանրահատակը թմբկահարելով շարային քայլով, պատիվ առած՝ շարժվեց նախարարի ուղղությամբ:
-Ընկեր գեներալ-մայոր, Ձեր հրամանով…
-Ազատ,- ռուսերեն հրահանգեց գեներալը` շարքի կենտրոնին մոտենալով:
-Ազատ,- հրամայեց վարչության պետը` գեներալին հետևելով:
Հասնելով շարքի կենտրոնին` գեներալն իր արծվային հայացքով միջանցքի առաստաղը ուշադիր զննելուց հետո, իրեն ոչ հատուկ մեղմ ձայնով, մտքերը ժողովելով, ռուսերեն դիմեց մեզ.
-Այն, ինչ կատարվել է, ես որակել չեմ կարողանում: Լկտիություն կամ սանձարձակ խուլիգանություն որակելն այն չէ: Մեր հարևանները (միլիցիայում, երբ հարևան էին ասում, նկատի ունեին պետական անվտանգության կոմիտեն) այն թշնամություն են որակել: Նրանք ինձ խնդրել են, որ մենք էլ իրենց հետ զուգահեռ աշխատենք բացահայտել հանցագործությունը: Այն, ինչ կտեսնեք, պետական գաղտնիք համարեք: Կատարվածի մասին քար լռություն կպահպանեք, որպեսզի մեր թշնամիների ջրաղացին ջուր չլցնենք: Դուք փորձառու օպերատիվ աշխատողներ եք, հույս ունեմ, որ հանցագործի հետքի վրա դուրս կգաք: Մնացածի մասին ձեզ կհրահանգավորեն:
Նախարարի և մնացած ղեկավարների գնալուց հետո, քրեական հետախուզության բաժնի պետի առանձնասենյակում, օպերատիվ խորհրդակցության ժամանակ տեղեկացանք, որ երկու ժամ առաջ «խուլիգան» կամ «թշնամի» կոչվածը Բրեժնևի մեծադիր դիմանկարին Սովետական Միության հերոսի ևս մեկ աստղ էր ավելացրել: Գիշերը, ժամը երկուսի մոտակայքում, «հանցագործը», յուղաներկերով, վրձիններով և աստիճանով զինված, դեպքի վայր էր եկել և անարգել «պղծել» էր դիմանկարը՝ Գլխավոր քարտուղարին «շնորհելով» հերթական՝ թվով հինգերորդ հերոսի շքանշանը:
Խորհրդակցության մասնակիցներս գլխիկոր լսում էինք մեր բաժնի պետի հրահանգները: Բավական էր հայացքներ փոխանակեինք, և նրա առանձնասենյակը կզրնգար համընդհանուր ծիծաղից: Այս դեպքում գործը միայն նկատողությամբ չէր ավարտվի, մեկ վայրկյանում մենք կվերածվեինք հակասովետական տարրերի:
Այդ օրերին Բրեժնևի պարգևների մասին բազում անեկդոտներ էին շրջանառության մեջ դրվել: Արևմտյան ամսագրերից մեկի, կարծեմ «Շպիգելի» շապիկին ծաղրանկար էին տեղադրել, թե ինչպես են Կրեմլում հերթական շքանշանն ամրացնում Գլխավոր քարտուղարի հետույքին։ Նկարի տակ մակագրված էր. «Կրծքավանդակին տեղ չգտան»:
Մենք հասկանում էինք, որ քրեական հետախուզության բաժնի պետն իրոք մտահոգված է այս «գործի» հետագա ոչ ցանկալի զարգացումներով: Միևնույն ժամանակ նաև պարզ էր, որ նա արհեստականորեն իրեն նյարդայնացնում էր, որպեսզի ինքն էլ հանկարծ չփռթկա: Նման պարագայում նրան էլ անմիջապես կզրկեին պարգևներից և ամենապակասը պաշտոնանկ կանեին: Այս գրոտեսկային իրավիճակում միակ ելքը լուրջ և մտահոգված պահվածքն էր:
Մեր բաժնի պետը՝ փոխգնդապետ Վլադիմիր Խաչատուրյանը, այն ժամանակ Երևանի լավագույն օպերատիվ աշխատողը, մռայլված ծխախոտ վառեց և ասաց.
-«Հարևանները» մեզ չեն տեղեկացրել իրենց ծավալած գործողություններին, բայց մի բան հաստատ գիտեմ. եթե գիշերով «հանցագործին» չգտնեն, առավոտյան լույսը դեռ չբացված, գործը մեզ վրա կթողնեն: Դուք գիտակցո՞ւմ եք, թե հետո ինչ է լինելու, օրական երկու տեղեկանք են պահանջելու կատարված աշխատանքների մասին, շաբաթը երեք անգամ նախարարի մոտ, «գորգի վրա» զեկույցի են «հրավիրելու», կոպիտ ասած՝ շան լափ են թափելու գլխներիս: Առայժմ ոչինչ անել չենք կարող, որպեսզի սրանք,- շարունակեց նա՝ գլուխը թեթևակի Անվտանգության շենքի ուղղությամբ շրջելով,- առավոտյան չասեն, որ եթե մենք չխանգարեինք, իրենք գործը կբացահայտեին: Միակ փրկությունն այն է, որ, եթե խելք ունենան, քրեական գործ չեն հարուցի, ինչպես առաջին նկարի գործով չհարուցեցին: Ի վերջո, հո աշխարհով մեկ խայտառակ չե՞նք լինելու: Եթե հարցեր ունեք, արագ տվեք: Լռում եք, հետևաբար հարցեր չունեք։
Ավարտելով իր ասելիքը՝ նա հայացքն ուղղեց տեղակալին։ Դա նշանակում էր, որ խոսքը տրվում է նրան։
-Ընկե՛ր սպաներ,- հրահանգեց պետի տեղակալը։ Դա նշանակում էր, որ խոսակցությունն ավարտված է, և մենք ոտքի կանգնեցինք:
Մեկ տարի առաջ, Կոմիտասի անվան փողոցի սկզբնամասում Բրեժնևի դիմանկարը հրկիզել էին: Քրեական գործ չհարուցվեց։ Հիմնավորել էին, որ նկարը վնասվել է հենասյուների զոդման աշխատանքների ժամանակ: Այս դեպքից հետո Երևանով մեկ Գլխավոր քարտուղարի հսկայական դիմանկարները՝ երեքից չորս մետր բարձրությամբ, յուղաներկով նկարում էին թիթեղյա հաստ վահանակների վրա, որ չհրկիզեն:
Սայաթ-Նովայի պողոտայում, Օպերայի և բալետի շենքի հարևանությամբ, տեղադրված էր Բրեժնևի 4x3 մետր յուղաներկ դիմանկարը: Գլխավոր քարտուղարը պատկերված էր սև կոստյումով, մուգ փողկապով և սպիտակ վերնաշապիկով: Նրա հպարտ և անպարտելի դեմքն ուղղված էր դեպի ապագան: Հայացքը համահունչ էր կոստյումի կրծքին փայլատակող Սովետական Միության հերոսի չորս աստղերին, որոնք շարքով զարդարում էին նրա լայն կուրծքը: «Խուլիգան» կամ «թշնամի» կոչվածը գիշերով ծածուկ հերոսի չորս աստղերից բաղկացած շարքի ներքևում նկարել էր հինգերորդը: Ավելացրած աստղը մնացածների ճիշտ կրկնօրինակն էր։ Միակ տարբերությունն այն էր, որ ոսկեգույն յուղաներկն իր թարմությամբ առանձնանում էր մնացածներից` ավելի ցայտուն ընդգծելով դրանց խունացածությունը:
Դեպքի վայր մեկնելուց առաջ, արդեն փողոցում, Խաչատուրյանը մեզ զգուշացրեց.
-Հանկարծ դիմանկարի մոտ բերաններդ չբացեք ու չժպտաք: Չեկիստներն արդեն ժամից ավելի դեպքի վայրում են: Գիտեք, դրանք գործ բացողը չեն, ուշադիր եղեք` ձեզ վրա գործ չսարքեն:
-Եթե ավելի շատ հակված են «թշնամական գործողություն» որակելուն, ապա դա իրենց բացահայտելու գործն է, Վլադիմիր Կարապետիչ, մենք ի՞նչ կապ ունենք,- հարցրեց առաջին բաժանմունքի պետ Լևոն Կարապետյանը:
-Լևոն, շատ ես խոսում, նրանք են կուսակցության ավանգարդ ջոկատը, իրենք են դրության տերը: Հենց տեսնեն ոչինչ չի ստացվում, կորակավորեն որպես խուլիգանություն և կհանձնեն մեզ: Այլևս չզգուշացնեմ, ձեզ կպահեք մտահոգ, ինչպես հոգեհանգստի ժամանակ։ Ի վերջո, Գլխավոր քարտուղարին են ծաղրի ենթարկել: Նստեք մեքենաները, ուշանում ենք, - կարգադրեց Խաչատուրյանը՝ ինձ և Լևոնին գլխով նշան անելով, որ տեղ գրավենք իրեն սպասարկող սև «Վոլգայի» մեջ:
-Ի՞նչ է, Վլադիմիր Կարապետիչ, մեր ղեկավարությունից դեպքի վայր չե՞ն գալու,- արդեն մեքենայի մեջ հարցրի ես:
-Նրանց Կենտրոնական կոմիտե են հրավիրել:
-Օպերատիվ խորհրդակցությո՞ւն են անցկացնելու,- հարցրեց Լևոնը:
-Այո, իհարկե, միայն այն կհամատեղեն սեքսուալ ժամով՝ «գորգի վրա»,- ժպտալով կատակեց Խաչատուրյանը՝ հերթական ծխախոտը վառելով և, իմ ու Լևոնի տրամադրությունը հասկանալով, իր բամբ ձայնով ավելացրեց,- շատ մի՛ հրճվեք, վերջն այդ աստղը մեր քթից են հանելու:
Դեպքի վայրում կասկած չմնաց. հերոսի աստղը մասնագետ էր նկարել, մնում էր նրան գտնել: Նրա օգտագործած աստիճանն ամենաքիչը չորսմետրանոց պետք է լիներ, հակառակ դեպքում կրծքավանդակին չէր հասնի: Ամենավատն այն էր, որ «հանցագործը» դիմանկարի վրա մատնահետքեր չէր թողել:
Վլադիմիր Կարապետիչը, ինչպես միշտ, ճիշտ էր կռահել: Մեր տեղ հասնելուն պես անվտանգության աշխատակիցները կատարվածը խուլիգանություն որակեցին և, դեպքի վայրը մեզ հանձնելով, հեռացան: Մենք` քրեական հետախուզության մեր բաժնով, մնացինք նկարի տակ կանգնած:
Տեղանքի «սանրումն» օգուտ չտվեց, յուղաներկեր, վրձիններ չգտանք: Խաչատուրյանի հույսը աստիճանն էր մնացել և օպերատիվ հարցախույզը:
Գիշերով, կոնսերվատորիայի դիմացի պուրակում, Խաչատուրյանը մեզ հետ օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց։
-Ամենայն հավանականությամբ դեպքը չեն գրանցելու, բայց մեզնից բացահայտում են պահանջելու, նկարչին պետք է գտնենք: Աշխատանքի ծավալը բավականին մեծ է: Այստեղից քառասուն մետրի վրա` Սայաթ-Նովայի 1 շենքում, երեք տասնյակից ավելի նկարիչ է բնակվում:
-Ինչպե՞ս,- հետաքրքրվեց տղաներից մեկը:
-Հենց այդպես, հիսունականներին այս շենքը նկարիչների միությունն է շահագործման հանձնել, այստեղից միայն միության անդամներն են բնակարաններ ստացել: Այլևս հիմար հարցերով չընդհատեք, ժամանակ չունենք: Անմիջապես մեր դիմաց Օպերայի և բալետի շենքն է, այստեղ էլ մի երկու նկարչական ցեխ կլինի: Երրորդ բաժանմունքն այժմ կարող է տուն գնալ, ձեզ հինգ ժամ եմ տալիս, հանգստացեք, որպեսզի զբաղվեք այս հրապարակով անցնող քաղաքային տրանսպորտի վարորդներով, տաքսիստներով, աղբատար մեքենաներով և կոմունալի գիշերային աշխատակիցներով: «Հանցագործին» մոտերքում պետք է փնտրենք, նա հինգմետրանոց աստիճանն ուսին դրած քաղաքով մեկ չէր զվռնելու: Հարցեր ունե՞ք,- դիմեց Խաչատուրյանը երրորդ բաժանմունքի պետին:
-Ոչ, ընկեր պետ, մենք երեք ժամ էլ հանգստանանք, բավական է, առավոտյան կանցնենք գործի:
-Առաջին արդյունքները կզեկուցես ժամը 12-ին:
-Հասկանալի է, ընկեր պետ:
-Հինգերորդ բաժանմո՛ւնք:
-Այստեղ եմ, ընկեր պետ:
-Առավոտ կանուխ կզբաղվես մոտակա շենքերում բնակվող նկարիչներով, այդ թվում` «Նաիրի», «Մոսկվա», «Պիոներ» կինոթատրոնների նկարիչներով: Քեզ կօգնեն տեղամասը սպասարկող տեղամասային տեսուչները: Զեկույցը ժամը 12-ն անց 30-ին:
-Ծավալը մեծ է, Վլադիմիր Կարապետիչ, չեմ հասցնի:
-Կհասցնես, խելոք ես: Բաժանմունքդ ամենամեծն է, գումարած տեղամասային տեսուչները: Տարիքավոր նկարիչների վրա ժամանակ չկորցնես, մեր «հանցագործը» երիտասարդ է: Տեղամասային տեսուչներն անգիր գիտեն իրենց բնակիչներին։ Տարիքավորներին, հիվանդներին, քաղաքից բացակայողներին որ հանենք, տակը բան չի մնա: Բաժանմունք «Ա»:
-Լսում եմ, ընկեր պետ:
-Ժամը 9-ն անց 30-ին կներկայացնես շրջապատում բնակվող վստահելիների ցուցակը:
-Ճիշտ այդպես, թույլ կտա՞ք գնալ:
-Ազատ ես:
Պուրակն աստիճանաբար դատարկվեց:
-Լևոն, վաղը երկուշաբթի է, Բրեժնևի գործը, իհարկե, առաջնակարգ է, բայց մեր գործերը մնում են, գնացեք հանգստացեք, որ առավոտվանից Ծամալաշվիլու գործով միջոցառումները չտապալենք: Գիտես, ամեն երեքշաբթի նախարարը սպանություններով օպերատիվ խորհրդակցություն է հրավիրում: Կենտկոմում գիշերով նախարարի շալվարը հանած կլինեն, նա էլ մեզ վրա կհարձակվի:
Վլադիմիր Կարապետիչին Բրեժնևի լուսանկարի տակ թողնելով` մենք տուն գնացինք, որպեսզի առավոտյան լույսը բացվելուն պես աշխատենք Ծամալաշվիլու սպանության գործով:
Վերևներում որոշում էին կայացրել Բրեժնևի «հինգերորդ» աստղը յուղաներկով փակելու, որպեսզի առավոտյան բնակիչներն այդ խայտառակությունը չտեսնեն:
Առավոտյան Վլադիմիր Խաչատուրյանը դիմանկարի մոտից վերադարձավ ժամը 10-ին։ Մենք նրա ընդունարանում արդեն սպասում էինք: Նա հոգնած էր և զայրացած:
Պարզվեց, որ սկզբում յուղաներկով ներկել էին ավելորդ աստղը: Արդեն խունացած ներկի վրա թարմ ներկը նմանվել էր կարկատանի։ Հետո ստիպված, թարմացրել էին կոստյումը՝ չորս աստղերի հետ, այս անգամ աչքի էին զարնել խունացած սպիտակ վերնաշապիկն ու դեմքը: Ավարտվել էր նրանով, որ պարտադրված նկարել էին դեմքը, այսինքն, նոր դիմանկար էին նկարել հնի վրա:
-Ներս անցեք,- կտրուկ հրամայեց մեզ Խաչատուրյանը,- մնացածներին հերթով կընդունեմ:
-Ծամալաշվիլու գործը տվեք,- հրամայեց նա՝ բազկաթոռին տեղավորվելով:
-Վլադիմիր Կարապետիչ, մինչև այժմ այնտե՞ղ էիք, - զգուշորեն հետաքրքրվեց Լևոնը:
-Բա ո՞ր ջհանդամում էի: Փաստորեն, 5 ժամից ավելի է, ինչ գործս թողած՝ այնտեղ կանգնած էի հրշեջ մեքենայի լուսարձակի տակ:
-Ասեիք` մենք գայինք կանգնեինք,- ավելացրեց Լևոնը:
-Ինչպե՞ս ասեի, երբ նախարարությունից ինձ էին վերականգնողական աշխատանքների պատասխանատու նշանակել:
-Ասում են մեր նկարիչը լավն է, - փորձեց նրա զայրույթը մեղմել Լևոնը:
-Գնա տես, շան որդին Բրեժնևին կիրգիզի է նմանացրել: Եթե ճշմարտացի լինեմ, նա էլ մեղք չունի, արհեստական լուսավորության պայմաններում այդքանն էլ որ նկարի վրա նկարեց, պետք է շնորհակալ լինեն:
-Թույլ կտա՞ք, Վլադիմիր Կարապետիչ, փոստն եմ բերել, - ասաց քարտուղարուհին՝ գլուխը կիսաբաց դռան արանքից ներս մտցնելով:
-Այո,- պատասխանեց Վլադիմիր Կարապետիչը՝ սպանության գործը պարունակող հաստափոր առաջին հատորը վերցնելով:
Քարտուղարուհին փոստը սեղանի անկյունում, իմ դիմաց դնելով, կամացուկ դուրս եկավ առանձնասենյակից: «Պրավդայի» առաջին էջին զետեղված էր Բրեժնևի լուսանկարը` Սովետական Միության հերոսի 5 շքանշաններով, ներքևում ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագիրն էր` նրան հերթական անգամ հերոսի կոչման արժանացնելու մասին: Ես կամացուկ «Պրավդան» դրեցի Կարապետիչի դիմաց:
Նրա առանձնասենյակը դղրդաց մեր անզուսպ հռհռոցից:
-Շան որդին ճիշտ էլ նկարել էր, զուր տեղը ողջ գիշեր կապիկություն արեցինք: Ստալինի պես տղեն ընդամենը մեկ աստղ ուներ, իսկ սա արդեն հինգերորդը կպցրեց,- ասաց նա, ծիծաղից արտասվալից աչքերը սրբելով և «Պրավդան» արհամարհական մի կողմ հրելով:
Երկու օր անց Խաչատուրյանի մասնակցությամբ Բրեժնևի թարմացված դիմանկարը հանեցին և փոխարինեցին նորով: Նրա կրծքին հերոսի աստղերը երկու շարքով էին պատկերված, երեքը վերևում էին, երկուսը` ներքևում: Վարչության պետի հրամանով, դիմանկարի հարևանությամբ, ավտոտեսուչների ուժերով 24-ժամյա հերթապահություն սահմանվեց:
Քսանհիգ տարուց ավելի է անցել, ինչ Բրեժնևի նկարը չկա, բայց մինչև օրս ավտոտեսուչների հերթապահությունը նույն կետում պահպանվում է:

2011 թ. հոկտեմբեր

Դիտվել է՝ 1667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ