«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«ՄԱՐԴԸ ՄԻԿՐՈԿՈՍՄՈՍ Է»

«ՄԱՐԴԸ ՄԻԿՐՈԿՈՍՄՈՍ Է»
24.06.2011 | 00:00

Վատ ինքնազգացողությունը հաճախ կապվում է մագնիսական դաշտի կտրուկ տատանումների հետ: Սրվում են սրտանոթային, աղեստամոքսային, նյարդային համակարգերի, թոքային և այլ քրոնիկ հիվանդությունները:
Իրականում ինչի՞ մասին է խոսքը:
«Արեգակնային բռնկումների ժամանակ արձակվում է էներգիա, որն անբարենպաստ պայմանների դեպքում (եթե ուղղված է մեզ վրա) կարող է աղավաղել երկրագնդի մագնիսական դաշտը: Դա կոչվում է մագնիսական փոթորիկ,- ասում է աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող ՍՄԲԱՏ ԲԱԼԱՅԱՆԸ:- Փոխազդեցության հետևանքով (արեգակնային քամու և երկրագնդի մագնիսական դաշտի) առաջանում են ցածր հաճախության ռադիոալիքներ, որոնք բացասաբար են ազդում բնության, կենդանի օրգանիզմների վրա, որոնք գործում են ցածր հաճախությունների տիրույթում: Հավանաբար, վատ զգալու պատճառը ռեզոնանսն է, երբ արտաքին և ներքին հաճախությունները համընկնում են, ինչն էլ հանգեցնում է ներքին օրգանների աշխատանքի որակական փոփոխության: Պատահական չէ, որ հնուց ի վեր խորհուրդ էին տալիս քնելիս այնպիսի դիրք ընդունել, որ գլուխը դեպի հյուսիս լինի, ոտքերը` հարավ: Սա նույնպես կապված է մագնիսական դաշտի հետ»:
Աստղագետը նշում է, որ անկայունությունը բացասաբար է ազդում հիմնականում թույլ օրգանիզմների վրա:
Ամսվա ընթացքում միջինը երկու-երեք առավելագույն անկայունության օրեր են լինում. բարեբախտաբար, դրանք երկարատև չեն:
Ըստ ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` մագնիսական դաշտի անկայունության օրերին «վտանգի» ազդանշանն ազդում է մարդու հոգեբանության վրա, առաջանում են լարվածություն, վատ ինքնազգացողություն, թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:
«Մարդը միկրոկոսմոս է, և տիեզերքում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն ազդում է նրա վրա: Բնությունը դաժան մեխանիզմ ունի, մաքրում է երկրի վրայից հիվանդ և թույլ օրգանիզմները»,- ասում է նա և խորհուրդ տալիս մագնիսական անկայուն օրերին հանգստանալ, թուլանալ, շնչառական վարժություններ կատարել, դուրս գալ մաքուր օդ և քիչ լուրեր լսել: Նրա հավաստմամբ` այս մեթոդները կիրառելուց հետո սրտի համար նախատեսված դեղեր պետք չեն լինի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ