ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՛չ մի դժվարություն և ո՛չ մի հակառակորդ չեն կարողանա վտանգել հայ ազգի ու Հայաստանի անվտանգությունը

Ո՛չ մի դժվարություն և ո՛չ մի հակառակորդ չեն կարողանա վտանգել հայ ազգի ու Հայաստանի անվտանգությունը
27.03.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՔՆ Է ՏՎԵԼ
ՃԳՆԱԺԱՄ

Միայն Հայաստանի՞ ճգնաժամ, թե՞ ամբողջ հայության: Նյութականի՞ ճգնաժամ, թե՞ հոգևորի, բարոյականի, գաղափարի ու ազգային նկարագրի՞ ճգնաժամ:
Այս հարցերի ճիշտ ու շուտափույթ պատասխանից է կախված, թե ինչ հաջողությամբ ենք կարողանալու իրագործել Հայաստանում (նոր ու հին պատճառներով) առաջացած անկումային իրավիճակի բարելավումը: Այդ թվում՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ընկերային, կրթական, մշակութային ու առողջապահական ճգնաժամային մակարդակի հասած խնդիրների լուծումը:
Հայաստանի պաշտոնական և որոշ չափով նաև այլ շրջանակների բացատրություններում, ընդհանուր առմամբ, Հայաստանի ճգնաժամային իրավիճակի պատճառը համարվում է ԽՍՀՄ-ի փլուզմամբ առաջացած տնտեսության կազմալուծումը, Ղարաբաղի ազատագրական պայքարի պատճառով շրջափակումը և այլն: Մեր կարծիքով, սակայն, պատճառները դրանք չեն: Տնտեսության կազմալուծումը և շրջափակումը, հատկապես վերջինիս այսքան երկար շարունակումը և դեռ շատ այլ կարևոր խնդիրներ հետևանքներն են: Բուն պատճառը հայ ազգի գաղափարականության, ազգային ինքնագիտակցության, նկարագրի և բարոյական արժեքների նվազումն է, անկումն է, որն առաջացնում է ազգային և պետական կազմակերպական կառավարման անկարողություն:
Հետևապես, այն լայն տարածում ստացած համոզումը, թե Հայաստանի ճգնաժամը վերացնելու միջոցն արտասահմանյան վարկերի ստացումը, օգնությունը և, մանավանդ, կապիտալի ներդրումներն են, մեր ըմբռնմամբ, նախ` սխալ է, երկրորդ՝ այնքա՛ն էլ իրատեսական չէ և, վերջին հաշվով, ապակողմնորոշող ու վնասակար է: Վնասակար է, որովհետև պետության ու հասարակության ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնելով ճգնաժամի վերացման այդ ոչ իրական կամ լավագույն դեպքում կիսամիջոցների վրա, ազգը թանկագին ժամանակ է կորցնում, հուսախաբվում ու հուսալքվում է, և ճգնաժամի վերացման խնդիրն ավելի է դժվարանում:
Դժվարությունը խորանում է նաև նրանով, որ գնալով նվազում է ազգի ինքնավստահությունը, դատարկվում է երկիրը, ավելի շատ է արժեզրկվում Հայաստանի արդյունաբերական, ներառյալ գիտական, տեխնոլոգիական և մասնագիտական ներուժը, և, որ ոչ նվազ կարևոր է, արժեզրկվում են Հայաստանի ու հայության միջազգային քաղաքական և բարոյական վարկն ու հեղինակությունը:
Հայաստանի ֆինանսատնտեսական և դրան առնչվող ընկերային, առողջապահական, կրթամշակութային ու այլ բնագավառների ճգնաժամը վերացնելու համար անհրաժեշտ պայման է Հայաստանի ու համայն հայության հավատամքի, ազգային գաղափարի, ինքնագիտակցության, նկարագրի և բարոյական արժեքների ճգնաժամը վերացնելը:
Առաջին ճգնաժամի հիմքում ֆինանսատնտեսականն է, երկրորդում՝ հոգեբարոյականը: Առաջին ճգնաժամի վերացումը պայմանավորված է երկրորդի վերացմամբ:
Առաջին հայացքից թեև թվում է, թե ճգնաժամի պատճառը ֆինանսատնտեսականն է, սակայն ուշադիր և որոշակի պատմական չափանիշներով մոտենալիս տեսնում ենք, որ պատճառը հոգեբարոյական է: Երկրորդի՝ հոգեբարոյական ճգնաժամի վերացմամբ առաջինի՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հարակից մյուս բնագավառների ճգնաժամի վերացումը ժամանակի հարց կլինի միայն: Առաջինի վերացման արագությունը, ծավալը և որակը կախված են երկրորդի վերացման արագությունից, ծավալից և որակից:
Միաժամանակ, երկրորդի վերացումը, ի տարբերություն առաջինի, կախված է Հայաստանից ու հայությունից միայն: Այդ հիմնական ճգնաժամի լուծումը պայմանավորված է ոչ թե օտար վարկերով, օգնություններով և կամ կապիտալի ներդրումներով, որը վերջին հաշվով կարող է նաև վտանգել մեր պետական անկախությունը և խաթարել մեր ազգային ու մարդկային ինքնությունը, այլ իրակա՛ն, իսկակա՛ն Հայ ազգային գաղափարախոսությամբ (ՀԱԳ):
Ճշմարիտ տոհմիկ, հարազատ ու փորձված ՀԱԳ-ի ճանաչումը, ընդունումը և դրա չափանիշներով ապրելը որքան արագ, կատարյալ ու համընդհանուր դառնան հայ իրականության մեջ, այնքան շուտ, հիմնավոր ու համապարփակորեն կլուծվեն թե՛ Հայաստանի և թե՛ հայության ամեն տեսակի ճգնաժամային և ընդհանրապես բնականոն կյանքը խոչընդոտող խնդիրները: Հայաստանը կհասնի աշխարհում ամենաբարձր նվաճումների մակարդակին, և հայությունը կիրականացնի իր ամենանվիրական իղձերը:
Այս հաստատումը հիմնված է մեր նախնիների դավանած հավատքից բխող և դրա վրա խարսխված ՀԱԳ -ի վրա:
Դա նշանակում է, որ Աստված մեր փրկությունը, մեր ապահովությունն ու բարեկեցությունը մեր ձեռքն է տվել: Մեզնից է կախված մեր ճակատագիրը, մեր բախտը: Հոյակա՜պ հնարավորություն:
Հավատա՛ և կփրկվես:
Ահա դրոշը վերելքի: Ո՞վ է բարձրացնելու այն: Ո՞Ւմ պարտականությունն է այդ: Ո՞Ւմ նայենք, ո՞ւմ հետևենք...
ՀԱՅՈՑ ԵՐԿՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԽՏԸ
Ո՞Ւմ ձեռքում է հայության և հայոց երկրի ու պետականության բախտը: Ո՞վ է, որ իրա՛վ զորություն ու իշխանություն ունի՝ հայոց բախտը որոշելու:
Թվում է, թե ազգի ու երկրի գոյությունն ու զարգացումը պայմանավորված են ազգային պետական կենսունակ ինքնիշխանության առկայությամբ, որը ճիշտ է, բայց որպեսզի Հայաստանի իշխանությունը լինի կենսունակ և երկիրն ու ազգը տանի վերելքի ճանապարհով, նախապայման է, որ Հայաստանի իշխանությունը, ներառյալ հոգևոր իշխանությունը, ինչպես նաև ընդդիմությունը կամ գոնե նրա մեծ մասը, ինքը գա և իր օրինակով ու առաջնորդությամբ տանի ամբողջ ազգն Աստծո ճանապարհով: Եվ որպես քրիստոնյա ազգի իշխանություն՝ կատարի Աստծո օրենքներն ու կամքը` ենթարկվելով ու ապրելով նրա պատգամած կյանքով:
Իսկ ա՛յս կենսական նախապայմանի կատարման համար, բնականաբար, պայման է, որ հայոց իշխանությունը Հիսուս Քրիստոսի Ավետարանով իրազեկ լինի, գիտենա Աստծո ճամփաները, նրա օրենքները, կամքն ու պատգամները և ամենակարևորը՝ ամբողջ հոգով, սրտով ու էությամբ հավատա ու սիրի իր Աստծուն:
Այսինքն՝ 1700 տարի առաջ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեացած հայ ազգն այսօ՛ր էլ պետականորեն լինի քրիստոնյա, նախ և առաջ իր իշխանությամբ, հոգևորականությամբ ու մտավորականությամբ: Եթե սա լինի, ժողովրդի խնդիրը դյուրին է. որովհետև մարդկության տարբեր, ինչպես նաև հայոց «զարգացած» խավի քրիստոսամերժ անհավատության, ուրացումի և նույնիսկ թշնամության մոխիրների տակ հայ ժողովրդի հավատքի կայծերը միշտ վառ են եղել ու մնում են: Եվ 1700 տարուց հետո Հայաստանի ու ամբողջ հայության մեջ քրիստոնեական հավատքի վերահաստատման աստվածային շնորհով մեր հոգիներում և սրտերում կվերածագի Գրիգոր Լուսավորչի վառած՝ Քրիստոսի լուսափառ սերն առ մեր Արարիչը, որով և՝ մեր փրկությունը՝ թե՛ երկրի վրա և թե՛ երկնքում: Այսպիսով, ո՛չ մի խնդիր՝ ինչքան էլ բարդ, ո՛չ մի դժվարություն՝ ինչքան էլ մեծ և ո՛չ մի հակառակորդ՝ ինչքան էլ զորեղ, չեն կարողանա խախտել, վտանգել հայ ազգի ու Հայաստանի անվտանգությունը, չեն կարողանա խոչընդոտել, կասեցնել նրանց զարգացումն ու բարգավաճումը: ՈՒ այդ ամենի հետ հայ մարդը կստանա նաև երկնային հավիտենական թագավորության քաղաքացիություն և այնտեղ մուտքի համար՝ Քրիստոսի հայադրոշմ վիզան:
Հայ ազգի ու Հայաստանի փրկության և վերելքի միակ գրավականը Հիսուս Քրիստոսի հավատքի վերահաստատման աստվածատուր շնորհին արժանանալու համար մեր անելիքների ու չանելիքների պարզաբանումը և կիրառումը հայության (ազգային ու մարդկային առումներով) ամենաառաջնային, ամենակենսական խնդիրն է: Այդ մասին հայությանը (ըստ փուլերի ու հատվածների՝ համապատասխան ձևով) հարկ է, որ ասվի, ուսուցանվի և սեփական օրինակով ու առաջնորդությամբ ուղղություն տրվի հատկապես հոգևորականության և բոլոր բնագավառների ղեկավարության ու մտավորականության կողմից:
Այդ խնդրում կարևոր դեր է վերապահված նաև յուրաքանչյուր հայ հավատացյալի ու առանձնապես ծնողի:
Սակայն այս աստվածապատգամ գործը սկսելու շնորհքը և կարողությունը ստանալու համար, ըստ մարդկային ու ազգային կյանքի օրինաչափությունների քրիստոնեական մեր ըմբռնման ու մեկնաբանման, ինչպես նաև մեր ազգի 1700-ամյա հավատամքի ընկալման պայման է հետևյալը.
Ազգի մեծ մասի և հատկապես մտավորականության ու ղեկավարության կողմից երկարատև աստվածամերժության, քրիստոնեական հավատքի ուրացման և դրա արդյունքում հոգեկան և բարոյական շեղումների ու անկումների համար զղջալ, նաև մեղա գալ: Բոլորս, եպիսկոպոսապետերից մինչև բոլոր հոգևորականները, նախագահից մինչև բոլոր պետական պաշտոնյաները, ակադեմիականներից մինչև երիտասարդ մտավորականները, ողջ ժողովրդի տարբեր խավերն ու տարիքային խմբերը՝ իշխանամետ թե ընդդիմադիր, բոլորս մեղա գանք, աղոթենք և խնդրենք մեր Աստծուց գթություն, ներում, շնորհք, կարողություն և ուղղություն՝ իր ազգը դառնալու համար:
Հուսով ենք, որ բռնակալության մեջ միլիոնանոց հանրահավաքներ անող խիզախ ժողովուրդը, աստվածաշնորհ խղճի ձայնով ու փրկության գիտակցությամբ, երկրի բոլոր վայրերից ու սփյուռներից, իր հոգևորական և պետական ավագանու օրինակով ու առաջնորդությամբ, կհավաքվի դարձյալ, այս անգամ իր անկախացած հայրենիքի մայրաքաղաքում՝ ազգային քրիստոնեական նորոգված ուխտով դառնալու համար Աստծո ժողովուրդ: Այն է՝ հայն իր հոգում, սրտում և մտքում միշտ վառ պահելով իր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կենսատու լույսը, ապրի նրա պատգամներով, կատարի նրա կամքը և կենսագործի արարչական ծրագիրը՝ ըստ իր հավատքից բխող և դրա վրա հիմնված Հայ ազգային գաղափարախոսության. հայը ծառայում է Աստծուն՝ ծառայելով իր ազգին՝ հայությանը, որպեսզի հայությունն էլ ծառայի Աստծուն՝ ծառայելով մարդկությանը, որպեսզի մարդկությունն էլ ծառայի Աստծուն՝ միշտ, ամենուր, ամեն ինչում:
Սա՛ է հայոց պետականությանը պատվաստված 1700-ամյա աստվածաշնորհ քրիստոսափառ հավատքից բխող և նրա վրա հիմնված Հայ ազգային գաղափարախոսությունը: Սա՛ է եղել ու նորից ի զորու է լինելու հայոց անխորտակելի զորությունը, փառքն ու երջանկությունը հավիտյանս հավիտենից:
ԱԶԳԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
Որակական փոփոխությունը կարող է առաջանալ այն միջոցի որակական կատարելությամբ, որը կարող է փրկել հայ ազգը: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ազգի, առաջին հերթին՝ ընտրյալների (որոնք կարող են ընտրանին դառնալ) որակական կատարելագործում՝ որակապես կատարելագործելու համար ազգը:
Որակական կատարելագործման միջոցը քրիստոնեական հավատքից բխող և դրա վրա հիմնված Հայ ազգային գաղափարախոսությունն է:
Որակական կատարելագործումը կարող է սկսվել ազգի կողմից ՀԱԳ-ի ճանաչմամբ, ընդունմամբ և կիրառմամբ անձնական ու ազգային կյանքի բոլոր հանգրվաններում: Մի նպատակ և գործընթաց, որն, ըստ երևույթին, պետք է հանդիսանա հայության, հանրապետության և հայրապետության ռազմավարությունը:
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ