ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԽՈԶԱԳՐԻՊԻՑ ԲՈՒԺՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾ Է

ԽՈԶԱԳՐԻՊԻՑ ԲՈՒԺՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾ Է
08.12.2009 | 00:00

Առողջապահության նախարարության հիգիենայի և հակահամաճարակային տեսչության պետ ԱՐՏԱՎԱԶԴ ՎԱՆՅԱՆԻՑ տեղեկացանք, որ Հայաստանում մինչև այժմ խոզագրիպով վարակված հիվանդների ընդհանուր թիվը 35-ն է։
Ըստ ներկայացված օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 5-ից մինչև երկուշաբթի մահացության այլ դեպք, բացի մինչև շաբաթ օրը գրանցված երեք դեպքերից, չի եղել։ «Հիվանդների վիճակը նորմալ է, գնահատվում է միջին ծանրության։ Գերակշռող մասը հոսպիտալացված է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Պետք է ընդգծեմ, որ հոսպիտալացվածների թիվը մեծ չէ, քանի որ նախկին հիվանդներն ապաքինվել են։ Նախկին 28 հիվանդներից երկուսն են այս պահին ստացիոնար բուժում ստանում, մյուսներն ապաքինվել և դուրս են գրվել»,- մեզ հետ զրույցում ասաց Արտավազդ Վանյանը։ Հետաքրքրական է, որ հիվանդների միջին տարիքը 35-40 է, ինչը մասնագետը պայմանավորեց նրանց ակտիվ կյանքով` հանրապետությունից դուրս ու ներս անելով։ Համենայն դեպս, արդեն միջազգային կառույցներն էլ են խոսում, որ ըստ վիճակագրության, խոզագրիպի բարդությունները սեզոնային գրիպից ավելի քիչ են։ Հանրապետությունում նկատվում է նաև վերին շնչուղիների սուր շնչառական վիրուսային հիվանդության ակտիվացում։ Արդյոք սա եղանակային պայմանների՞ արդյունք է։ Նախարարության հիգիենայի և հակահամաճարակային տեսչության պետը չբացառեց այս գործոնը, բայց, միևնույն ժամանակ, կարևորեց հետևյալը. «Դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվող մոնիտորինգի հայտնաբերումներով է պայմանավորված հիվանդության թվի աճը։ Մարդիկ ջերմության բարձրացման և այլ տկարությունների դեպքում չէին դիմում բժշկի, այդ դեպքերը չէին հաշվառվում։ Իսկ ուսումնասիրությունների ընթացքում այդ դեպքերը բացահայտվում են»։ Մեր զրուցակիցը հավաստեց, որ առողջապահության նախարարությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խոզագրիպի տարածումը կանխելու, ինչպես նաև արդեն հիվանդացածներին բուժելու ուղղությամբ։ Պարոն Վանյանը մեկ անգամ ևս կարևորեց հիգիենայի կանոնների պահպանման անհրաժեշտությունը և հորդորեց ջերմության դեպքում անպատճառ դիմել բժշկի` չզբաղվելով ինքնաբուժմամբ։
Ի դեպ, հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին խնդրի վերաբերյալ առողջապահության նախարարի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում որոշվել էր դիմել կառավարությանը` դպրոցներին և մանկապարտեզներին ժամանակից շուտ ձմեռային արձակուրդ տալու առաջարկությամբ։ Մեր տեղեկության համաձայն` այդ հարցն այս պահին արդեն քննարկվում է կառավարությունում։ Չի բացառվում, որ կառավարությունն այս հինգշաբթի օրվա նիստում նման որոշում ընդունի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ