ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՊԵՏՔ ՉԷ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՐՏՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

ՊԵՏՔ ՉԷ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՐՏՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
26.07.2011 | 00:00

Երբ «Իրատես de facto»-ում կարդացի փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մամիկոն Ասատրյանի հոդվածը, ակամայից մի բան անցավ մտքովս` խնդա՞մ, թե՞ լամ: Որոշ ժամանակ անց, հասկացա, որ ո՛չ առաջինն է, ո՛չ էլ երկրորդը, պարզապես այն է, որով միշտ ղեկավարվել եմ և կյանքն է սովորեցրել` չխոնարհվել որևէ կոչումի, տիտղոսի առաջ, քանզի կյանքում Լիսենկոյի պես ակադեմիկ է եղել և Կուրոպատկինի պես գեներալ (վերջինիս ապաշնորհության պատճառով 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմում ամբողջ ռուսական տորմիղը գերի ընկավ): Ղեկավարվելով իմ ստացած դաստիարակությամբ` պատասխան կտամ հարգարժան դոկտորին: Դոկտորի «Մեծ եղեռնի դասերը» հոդվածի իմ արձագանքում ես նրան հանցագործ չեմ անվանել, սակայն չըմբռնելով խոսքերիս իմաստը` ինքն իրեն որակել է «հանցագործ» բառով: Հարգելի ընկեր Ասատրյան (ուզում եմ հավատալ, որ նա էլ ինձ նման դեռ ընկեր է մնացել, չի աճել «պարոնի» մակարդակի), ես Ձեր քարոզչությունը, Ձեր մտածելակերպն եմ հանցագործություն անվանել: Ես` իրավաբանս, ինչպե՞ս կարող էի Ձեզ հանցագործ անվանել, երբ չկա Ձեր նկատմամբ ուժի մեջ մտած որևէ դատավճիռ, իսկ հանցավոր մտածելակերպ կարող է ունենալ մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում` ես:
Ես հանցավոր մտածելակերպ ունեմ, որ չեմ մտածում շատերի նման, որովհետև կարծում եմ, որ եթե 1,5 միլիոնն անգամ եղաններով կռվեր, առնվազն կես միլիոնը կփրկվեր, և այսօր չէինք ունենա քրդաբնակ Արևմտյան Հայաստան: Ասածիս հաստատման համար որքան ուզենաս կարող եմ վառ օրինակներ բերել: Ի՞նչ եղան Մուսալեռի այն գյուղի բնակիչները, որոնք չհամաձայնեցին լեռը բարձրանալ և հանձնվեցին թուրքի գթասրտությանը: Մի օրինակ էլ բերեմ, հիշելով ՈՒրֆայի հերոսական պաշտպանության վերաբերյալ մի բարձրաստիճան թուրք պաշտոնյայի խոսքերը. «Ինչ կլիներ մեր վիճակը, եթե մեր դեմ ելնեին հարյուրավոր ՈՒրֆաներ»:
Որքան էլ չցանկանամ շարունակել օրինակներ բերելը, բայց այս մեկն անհնար է չբերել: Ով փրկեց Լեռնահայաստանը: Ի՞նչ է, Նժդե՞հն էլ պիտի մտածեր չգրգռել բոլշևիկների կարմիր արյունը և հանձնվեր նրանց գթասրտությանը, կամ էլ որքան թույլ էր զինված Նժդեհի բանակը Կարմիր բանակի դեմ: Լեռնահայաստանի վարչապետը զինված էր հոգու անպարտելի զենքով և հեռացավ, երբ Մոսկվայից ստացավ Զանգեզուրը ՀԽՍՀ-ի կազմում մնալու դրական պատասխան: Բոլոր պարտվողները սիրում են իրենց մեղքը բարդել ուրիշների վրա: Մենք էլ մեր բոլոր պարտությունների համար միշտ սիրում ենք ուրիշներին մեղադրել:
1878 թվականի Բեռլինի կոնգրեսից հետո թղթե շերեփի անպետքությունը մեզ ոչինչ չհուշեց: Այդ կոնգրեսից հետո 1895-1896 թվականների ջարդերը նորից ոչինչ չհուշեցին: Երիտթուրքերի հետ սիլիբիլի անող դաշնակցականներին 1909 թվականի Ադանայի ջարդերն էլ ոչինչ չասացին: 1878-ից մոտ քառասուն տարի հետո տեղի ունեցավ Մեծ եղեռնը: Ինչո՞ւ այդ քառասուն տարիների ընթացքում հայ քաղաքական միտքը չկարողացավ տգետ հոգևորականներից խլել պայքարի զենքը: Մի՞թե չհասկացան, որ կործանվող Օսմանյան կայսրությանը որևէ տարածք չէր մնում հետագայի համար, բացի հայկական բարձրավանդակից: Եվ նրանք արեցին այն, ինչ անհրաժեշտ էր Թուրքիա պետության համար: Այնպես որ, մոնղոլական արյունը մենք չէինք գրգռել, այն գրգռվել էր կործանման արդյունքում:
Ասել և այժմ էլ պնդում եմ, որ էական չէ, թե ինչ կմտածեն Օբաման, Սարկոզին, Մեդվեդևը: Ասածս պարզեմ, որպեսզի պրոֆեսորը չմտածի, թե մեծամիտ, դատարկամիտ, զգայական ազգայնական եմ, հեռու ռեալ քաղաքականությունից: Ասածս այն է, որ եթե մենք միասնական ենք, ազգովին պատրաստ, գյուղացուց մինչև նախագահ, մեռնելու այս հողի համար, նրանք ոչինչ չեն կարող անել: Կամ էլ ընդունենք մի պահ, Օբաման ուզում է, որ մենք վերանանք աշխարհի երեսից, պիտի հանձնվենք նրա գթասրտությանը: Վերջապես աշխարհում գոյություն ունի շահ։ Ի՞նչ է, աշխարհի բոլոր մեծ տերությունները ցանկանո՞ւմ են մեր պարտությունը, բոլորի շահն այդ տարածքում համընկնո՞ւմ է: Կհամընկնի, եթե… Որքան էլ խուսափեմ օրինակներ բերելուց, ստիպված եմ: Երբ 1918 թ. Ֆրանսիայի նախագահին ասում են հայերի` օգնություն խնդրելու մասին, պատասխանը հետևյալն է` իսկ նրանք կարողանո՞ւմ են իրենց պաշտպանել: Երբ հնչում է բացասական պատասխան, նախագահն ասում է, մեզ այդպիսի դաշնակից պետք չէ: Հարգելի պրոֆեսոր, եթե մենք ի վիճակի ենք մեզ պաշտպանելու, ուրեմն դաշնակիցներ միշտ կլինեն, անգամ այդ անունների միջից: Այ դրա համար էական չէ, թե ինչ կմտածեն վերոհիշյալ անձինք, եթե հանուն աթոռակռվի, իրենց մեծ քաղաքագետ համարող սրիկաները տղա չբերեն երկրի վրա: Պրոֆեսորը խոսում է ֆանտազիայի ոլորտից, ինձ մեղադրելով ոչ ռեալիստ լինելու մեջ: Պիտի հզորանանք, պիտի ստեղծենք հզոր ռազմաարդյունաբերական կոմպլեքս: Հարգելիս, այդ հզոր կոմպլեքսը կերան, հազիվ գոյատևող երկիրը նոր պիտի՞ ստեղծվի: Պրոֆեսորը անկեղծ չէ նաև դրած հարցերի պատասխանների մեջ: «1919-1922 թթ. հույն-թուրքական պատերազմում դաժան պարտություն կրելու համար թագավորին երկրից հեռացրին, իսկ 5 «հայրենասեր» նախարարների մահապատժի ենթարկեցին»,- նշում է նա: Իսկ թե մեր երկրի քայքայման համար կոնկրետ ո՞վ է մեղավոր, պրոֆեսորը բավարարվում է մեկ ֆրազով` իսկ մեզ մոտ բոլոր աղետաբեր գործիչները հերոսներ են համարվում: Թե ովքեր են դրանք, պրոֆեսորը գերադասում է անուններ չտալ: Անուն չտալու պայմանով էլ մի օրինակ ես բերեմ, պարոն պրոֆեսոր: Աբդուլ Համիդին երբ սիոնիստներն առաջարկում են Եվրոպայում ունեցած պարտքը մարելու դիմաց իրենց թույլատրել Երուսաղեմում հողեր գնել, հնչում է պատասխանը. «Արյամբ ձեռք բերված հողը թուրքը ոսկով չի ծախում»: Որքան էլ ատեմ Աբդուլ Համիդին, փառք ու պատիվ իրեն: Իսկ ՀԽՍՀ-ի հզոր գործարանների մի մասն էլ ապամոնտաժեցին և վաճառեցին թուրքերին: Վեցմիլիոնանոց գործարանը ծախեցին 300 հազար դոլարով: Հետո հավայի խոսում ենք հզորացման մասին:
Չեմ նեղանում Ձեզնից, ընկեր պրոֆեսոր, որ ինձ համեմատում եք հարբած նապաստակի հետ: Ավելի լավ է հարբած նապաստակ լինել, քան ծախու առյուծ: Այդ հարբած նապաստակին հեռացրել են դատախազի պաշտոնից, քրեական գործ են հարուցել, այժմ էլ նրա հարազատներն են տուժում, բայց Հովսեփյան Սոկրատը շարունակում է հայի իր տեսակի պայքարը, հավատալով, որ.
ա) որտեղ հայը հույսը դրել է իր վրա և կռվել է, հաղթել է։
բ) Աշխարհում հզոր ազգեր չկան, կան ոգով և դաստիարակությամբ հզոր ազգեր: Ղարաբաղյան պատերազմը` մեզ օրինակ, Մեծ հայրենականում հաղթեցին հզոր ոգին, կամքը: ԽՍՀՄ-ում մեզ սովորեցնում էին կյանքի գնով կանգնեցնել տանկը: Ամերիկացին սովորեցնում է հաղթել տանկին և ապրել:
գ) Հզոր ազգերի բուրժուան, կառավարողը երկիրը չի թալանում, առավել ևս երկրի արդյունաբերությունը չի քանդում ու թշնամուն ծախում:
դ) Հզոր ազգերի բուրժուան բանակին նայում է ինչպես սեփական աչքի լույսին, որովհետև այդ բանակը վերջին հաշվով առաջին հերթին իր ունեցածի պաշտպանն է:
Հովսեփյան Սոկրատը քսան տարի թալանված, քանդված մի գյուղի գյուղապետ է ընտրվել և սեփական օրինակով փորձում է դաստիարակել ոչ միայն համագյուղացիներին (ավելորդ եմ համարում թվարկել, թե երեք տարում ինչ եմ արել գյուղում), որ պետք չէ առանց պատերազմի պարտվել պատերազմում, և կյանքը պայքար է, անընդհատ պայքար, իսկ հայրենիքի հզորության համար հզոր զենքի իմպուլսիվ բռնկում է պետք:
Ես հայի այդ տեսակն եմ վերջին հաշվով, հարգելի պրոֆեսոր:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ